Անիմաստ բողոքներ

Անիմաստ բողոքներ

«Ձեզ տրվել էր ընտրություն պատերազմի եւ անարգանքի միջեւ: Դուք ընտրեցիք անպատվությունը եւ կստանաք պատերազմ»: Անգլիացի քաղաքական գործիչ Ուինսթոն Չերչիլի (1874-1965) այս թեւավոր խոսքը ստիպված եմ անընդհատ մեջբերել, երբ անդրադառնում եմ Փաշինյան Նիկոլի հերթական մտավարժանքին: Չերչիլի խոսքն ասվել է ի պատասխան Անգլիայի 1937-1940 թթ․ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենի՝ «Ես խաղաղություն բերեցի մեր սերնդի համար» հայտարարության: Չեմբեռլենը խաղաղության կողմնակից էր, դեմ էր երկրի զինված ուժերի արդիականացմանը, արդյունքում անգլիական բանակը պատրաստ չէր պատերազմ մղելուն, երբ այն ծագեց։ Մյունխենի պայմանագիրը ստորագրած Չեմբեռլենի ջանքերի շնորհիվ 1938-ին գերմանացիներով բնակեցված չեխական Սուդետների մարզն անցավ Գերմանիային: Դրանով ոգեւորված՝ Գերմանիան մեկ տարի անց արդեն բռնակցեց ողջ Չեխոսլովակիան եւ հարձակվեց Լեհաստանի վրա: Այսինքն՝ խաղաղության քաղաքականությունը Եվրոպային խաղաղություն չբերեց. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ասվածը՝ ի գիտություն ՀՀ վարչապետի, նիկոլական «ուսապարկերի» եւ նիկոլապաշտ հանրության: 

«Ժողովրդավարության բաստիոնի» ղեկավարի հերթական առցանց, ավելի ճիշտ՝ «հակաժողովրդավարական» ասուլիսի ընթացքում վերջինս բողոքել է իր նախկին «կիրթ» գործընկերոջից: Ասել է, որ «Բաքուն նոր պատերազմի լեգիտիմություն է ուզում ձեւավորել, այդ պատճառով էլ հրաժարվում է գնալ խոսակցության՝ հրապարակային մեղադրելով Հայաստանին խոսակցությունից հրաժարվելու մեջ»: Այսպիսով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը խոստովանում է «խաղաղության դարաշրջանի մեկնարկի» անհեռանկարայնության մասին: Չնայած արդեն տարիուկես Փաշինյան Նիկոլը փորձում է առաջ տանել թշնամուց խաղաղություն մուրալու իր տեսլականը: Եվ անընդհատ բախվում է Բաքվի ագրեսիվ գործողությունների իրագործմանն ու նոր պահանջների առաջադրմանը: Դրանց կատարումից խուսափելու դեպքում ստանում է նոր պատերազմ նախաձեռնելու՝ Իլհամ Ալիեւի սպառնալիքը: Չմոռանանք, որ այդ սպառնալիքն ամրագրված է իր թիկունքին Թուրքիայի աջակցության հանգամանքով: 
Փաշինյանը բողոքել է նաեւ «ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումների աղաղակող դեպքերից»՝ օրինակ բերելով այն, որ «Բաքուն շարունակում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ չկա», սակայն հիշեցնելով, որ «հենց նույն հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» անունը երեք անգամ օգտագործված է, նաեւ բնորոշված է ՌԴ խաղաղապահների տեղակայման գոտու տրամաբանության մեջ»։

Անկեղծ ասած, չգիտեմ, թե ում է ուղղված Փաշինյանի բողոքը․ եթե նիկոլապաշտ հանրությանը, ապա այն հայրենիքի ճակատագրով չի անհանգստանում եւ նույնիսկ չի հետաքրքրվում: Եթե ինչ-որ չափով հետաքրքրվեր՝ 2021 թ․ հունիսի 20-ին Նիկոլը դժվար թե վերընտրվեր: Եթե սեփական «ուսապարկերին», ապա դա անիմաստ զբաղմունք է՝ եթե Փաշինյանն ասի, որ մածունը սեւ է, դա նրանց համար խնդիր չի լինի: Իհարկե, մինչեւ այն պահը, քանի դեռ Նիկոլը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը:

Ինչ մնում է Նիկոլի արտերկրային հովանավորներին, ապա նրանք թքած ունեն ՀՀ վարչապետի բողոքների վրա: Նրանք պահել եւ շարունակում են պահել նրան ոչ թե իր բողոքներին ունկնդիր լինելու, այլ իրեն վերապահված դերակատարումը մինչեւ վերջ հասցնելու համար: Իսկ այդ դերակատարումը ենթադրում է, որ ինքը պետք է լուռումունջ կատարի Իլհամի բոլոր պահանջները. տրամադրի պահանջված տարածքները, բացի միջանցքը, կնքի խաղաղության պայմանագիր: Դա չկատարելու դեպքում պատիժը դժվար թե ուշանա: Բայց ճիշտ կլինի, եթե պատիժը կյանքի կոչվի ոչ թե օտարի, այլ մեր ժողովրդի ձեռքով: Այն ժողովրդի, որ մի ժամանակ աստվածացնում էր նրան: Եվ պատիժն էլ լինի ոչ թե նախկին «կիրթ» գործընկերոջ պահանջները չկատարելու, այլ հենց կատարելու համար: