50-ամյակին նախորդած հոբելյաններ

50-ամյակին նախորդած հոբելյաններ

Հայկական ֆուտբոլի փառահեղ հաղթարշավի կեսդարյա հոբելյանը, անկասկած, մեծ թափով է նշվելու 2 տարի հետո։ Դա «Արարատ-73»-ի հրաշալի նվաճումների մրցաշրջանն էր, երբ գրանցվեց կրկնակի հաջողություն` մեր ֆուտբոլիստներն արժանացան ե՛ւ ԽՍՀՄ չեմպիոնների տիտղոսին, ե՛ւ գավաթակիրների պատվավոր կոչումներին։ Սակայն այսօր անկարելի է մոռանալ, որ ուղիղ 50 տարի առաջ մեր գլխավոր թիմը ԽՍՀՄ առաջնությունում հասավ իր ամենամեծ հաջողությանը` գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով լոկ Կիեւի «Դինամոյին»։ Ավելին՝ գրանցվեց անսովոր փաստ․ հռչակվեց Մոսկվայի չեմպիոն՝ տեղի նշանավոր ԲԿՄԱ-ին հաղթելով երկու խաղում էլ (1:0, 1:0), «Սպարտակի» հետ հանդիպումներն ավարտելով 0:0, 1:1, «Տորպեդոյի» հետ` 1:0, 1:1, «Դինամոյի» նկատմամբ էլ հասնելով անվիճելի առավելության` 1:0, 2:0։

Մրցաշրջանում գրանցվեց եւս մեկ ուրախալի փաստ. Սեւիլիայում կայացած Եվրոպայի առաջնության Իսպանիա- ԽՍՀՄ խաղին, այսինքն՝ պաշտոնական մրցամարտում, որպես Հայաստանի պատվիրակ առաջինը մասնակցելու պատվին արժանացավ Լեւոն Իշտոյանը (խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0)։ Չի կարելի շրջանցել եւս մեկ հոբելյան` ճիշտ 50 տարի առաջ շահագործման հանձնվեց մեր խոշորագույն մրցասպարեզը` «Հրազդան» խաղադաշտը։ 80 հազար տեղանոց մարզակառույցը հաճախ էր լինում լեփ-լեցուն։ Ափսոս, որ մեր գլխավոր մրցաբեմը վերջին շրջանում հայտնվել է խաղից դուրս վիճակում, եւ այս տխուր իրողությունը պատասխանատուներին կարծես քիչ է մտահոգում...

Այո, կես դար առաջ «Արարատի» ավագ մարզիչ Նիկոլայ Գլեբովի ղեկավարությամբ մեր երկիրը ներկայացնող թիմի խաղը նոր բովանդակություն ստացավ ոչ միայն ֆուտբոլիստների անհատական նուրբ տեխնիկայի, ավելի արագ գործելու, այլեւ կոմբինացիոն սուր ու արդյունավետ խաղ ցուցադրելու շնորհիվ։ Իսկ հիրավի ռեֆորմիստական փոփոխությունները սկսեցին ցանկալի ցուցանիշներ արձանագրել մի փոքր ավելի վաղ` կոնկրետ 1965 թվականից, երբ թիմի ղեկը ստանձնեց մարզիչ Արտյոմ Ֆալյանը, նա, ով աչքի էր ընկնում պրոֆեսիոնալ ֆուտբոլի նրբություններին բնորոշ պահանջկոտությամբ, վստահում էր երիտասարդ ու խոստումնալից խաղացողներին, ովքեր հետագայում կազմեցին Արարատի» գլխավոր հարվածային ուժը։ Ճիշտ է, դրա հետ մեկտեղ նա իրեն երբեմն թույլ էր տալիս անցնելու վարվելակերպի ընդունված նորմերի սահմանները, անտեղի՝ կոշտ վերաբերմունք ցույց տալով ոչ միայն ֆուտբոլիստների, այլեւ ֆեդերացիայի ղեկավարների, մեկնաբան լրագրողների նկատմամբ։ Այդուհանդերձ, նրա խիստ պահանջկոտությունն ինչ-որ չափով նպաստեց ֆուտբոլիստների կարգապահության, պատասխանատվության բարձրացմանը, եւ դա հնարավորություն տվեց մեր թիմին մրցաշրջան 65-ից հետո վերադառնալ բարձրագույն խումբ։ Ի դեպ, դրա համար մեր թիմին հարկ եղավ լրացուցիչ խաղ անցկացնել Ալմա-Աթայի «Կայրաթի» հետ չեզոք դաշտում` Գրոզնիում։

Բնական էր, որ այդ որոշիչ մրցավեճն արտակարգ հետաքրքրություն էր առաջացրել։ Ցավոք, մեր շատ ֆուտբոլասերներ անկարող եղան ներկա գտնվել այդ կարեւոր մրցավեճին, պատճառը հիմնականում մեկն էր` նոյեմբեր ամսվա վերջն էր, ձյուն էր տեղացել կովկասյան լեռներում, եւ տեղ հասնելը կապված էր լուրջ դժվարությունների, անգամ` վտանգի հետ։ Այդ մասին իմացանք, երբ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկի» խմբագրության «Վոլգայով» ճանապարհ բռնելով դեպի Չեչնիա, հասել էինք Դիլիջան` ավտոտեսուչների խորհրդով ուղեւորությունը շարունակեցինք Բաքու- Մախաչկալա երթուղով։ Եվ չսխալվեցինք, թեեւ, տեղ հասնելով, զարմացած էինք՝ տեսնելով, թե որքան ֆուտբոլասերներ են զրկվել հյուրանոցներում գիշերելու հնարավորությունից։ Ճիշտ է, մեզ դա չէր վերաբերում՝ «Արարատի» ղեկավարությանը նախապես խնդրել էինք հյուրանոցում տեղ ապահովել լրագրողների համար։

Իսկ գլխավոր իրադարձության` վճռորոշ խաղի ընթացքի մանրամասների մասին, հավանաբար, ավելորդ է խոսել։ Հիշեցնեմ միայն, որ մրցակիցները, հասկանալի է, մարտականորեն էին տրամադրված, եւ արդեն 11-րդ րոպեին Կվոչկինին հաջողվեց առաջ մղել «Կայրաթին»։ Սակայն դրանից հետո նախաձեռնությանը տիրեցին արարատցիները, թեեւ միայն այն ժամանակ, երբ խաղի ավարտին մնում էր քառորդ ժամ, հրաշալի գործեց Դավիդ Պայիսը, ում հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլեւ խփել երկրորդ` հաղթական գոլը, ինչն էլ հնարավորություն տվեց «Արարատին» վերադառնալու բարձրագույն խումբ։ Ճիշտ է, որոշվեց այդ իրավունքը տալ երկու թիմերին։ Եվ ինչն էր ոչ պակաս արտասովոր` երանելի հաղթանակն այնպես էր ոգեւորել մեր ֆուտբոլասերներին, որ նրանք խաղից հետո նետվեցին դաշտ եւ այդտեղ ձեռք-ձեռքի տված օղակ կազմելով, շուրջպար բռնեցին՝ հաղթական քոչարին։ Զարմանալի էր, որ ճիշտ պահին նրանց միացան չգիտես որտեղից հայտնված դհոլչին ու զուռնաչին...
Արտասովոր դեպք գրանցվեց նաեւ գիշերը․ երբ հյուրանոցի մեր սենյակից հեռախոսով մեկնաբանությունն էի թելադրում երեւանցի գործընկերոջս, կապն անսպասելի ընդհատվեց, եւ լսվեց հեռախոսավարուհու ձայնը․ «Ձեզ հետ ցանկանում է խոսել Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ընկեր Զարոբյանը»։ Հասկանալի է՝ անակնկալի եկա։ Կուսակցության ղեկավարը նախ հետաքրքրվեց խաղի ընթացքով եւ 1-2 րոպե տեղեկություններ ստանալուց հետո փոխեց թեման՝ առաջարկելով հեռախոսի մոտ հրավիրել հանրապետական սպորտկոմիտեի նախագահ Ասատրյանին։ Հեռախոսը փոխանցեցի մյուս գործընկերոջս, շտապեցի երկրորդ հարկ, որտեղ սենյակներից մեկը զբաղեցրել էր նա։ Ներս մտա ու տեսա խորը քուն մտած նախագահին։ 
- Գեորգի Գարեգինովիչ, Գեորգի Գարեգինովիչ,- երկար ու բարձր կրկնելուց հետո հազիվ արթնացրի ընկեր Ասատրյանին։- Երեւանից զանգել եւ Ձեզ հետ ցանկանում է խոսել Յակով Նիկիտովիչը։
- Գնա ասա` քնած է,- եղավ արձագանքը։
- Ի՜նչ քնած, Ձեզ հետ խոսել է ուզում Կենտկոմի առաջին քարտուղարը։
Եվ երբ զգաց, որ չեմ հեռանալու, ասաց.
- Տո, «Հայֆիլմի» ստուդիան թողեցի հեռացա, այստեղ էլ հանգիստ չեն տալիս...

Երեւում էր, որ «Արարատի» հաջողությունն «ըստ արժանվույն» էր նշել եւ դեռ ուշքի չէր եկել։ Այդուհանդերձ, կարծես հասկանալով, որ «վերեւից» զանգն արհամարհելը հղի է դառը հետեւանքներով, սկսեց հագնվել ու շտապել վերեւ...

Իսկ վաղ առավոտյան հրաժեշտ տվեցինք Գրոզնի քաղաքին՝ որոշելով Երեւան վերադառնալ շատ ավելի հարմար` Սոչի-Սուխում երթուղով՝ ի դեպ, թիմի ղեկավարների խնդրանքով մեզ հետ տանելով երկու մեծ պարկ, լեցուն «Արարատի» հաղթանակի առթիվ մեկ գիշերվա ընթացքում երկրի տարբեր անկյուններից ստացված հազարից ավելի շնորհավորական հեռագրերով։

Եվ նորից ու ակամա` Արտյոմ Ֆալյանի մասին։ Ստացվեց այնպես, որ երկու տարի անց, մրցաշրջան-67-ի ավարտական խաղն արարատցիները պետք է անցկացնեին Կիեւում։ Ամեն ինչ նորմալ անցավ, մրցակիցները խաղաղ բաժանվեցին։ Հանդիպումից հետո երկու թիմերի մարզիչները հրավիրվեցին կարճատեւ հարցազրույցների։ Եվ տեղի «Դինամոյի» մարզիչ Վ. Մասլովը հայտնվեց դահլիճում, իսկ ահա Ա. Ֆալյանը չերեւաց։ Ավելին, նրան ընդհանրապես ոչ մի կերպ չհաջողվեց գտնել։ Ու ստացվեց այնպես, որ մեր ֆուտբոլիստներն ի վերջո ստիպված եղան տուն վերադառնալ առանց իրենց գլխավոր մարզչի։ Հաջորդ օրն իմացանք, որ նա Կիեւից ծածուկ մեկնել էր Լենինգրադ։ Պարզվեց, որ տեղի «Զենիթի» ղեկավարների հետ գաղտնի համաձայնության էր եկել… գլխավորելու այդ թիմը։ Այսպիսի տխուր վերջաբան։

 Միսակ Նազարյան