Նիկոլ անունը՝ դժբախտության բանբեր

Նիկոլ անունը՝ դժբախտության բանբեր

Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով»։ Խոսքը Նիկոլ-Իլհամ հետպատերազմյան պայմանավորվածությունների ինչ-որ գաղտնի հավելվածի մասին է, որ գաղտնազերծվել էր Սուրբ Աթոռում (Վատիկան) ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից: Դա արդեն երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթն էր՝ առաջինն ավելի վաղ պատահաբար գաղտնազերծվել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից: Նիկոլն ասում է, որ այդ փաստաթուղթը շահեկան է մեզ համար, իսկ մենք, բնականաբար, չենք հավատում:

Հիշո՞ւմ եք՝ 2018 թվականի մայիս, հունիս եւ հաջորդ ամիսներին մարդիկ սրտատրոփ սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին, վստահում եւ հավատում էին նրան՝ հանց երկրորդ Քրիստոսի: Բայց եթե Քրիստոսը հրաժարվեց աշխարհիկ իշխանությունից՝ մարդկանց հետ կիսելով իր մի պատառ հացը, իսկ երեք տարի անց ընդունեց իրենց բաժին հասած ճակատագիրը՝ Գողգոթայի խաչը, Նիկոլն ընտրեց իր ուրույն ճանապարհը: Շարունակելով իրեն համեմատել Քրիստոսի հետ՝ ինքը վարվեց հակաքրիստոսաբար (եթե կարելի է նման բան ասել), իրեն շրջապատեց ոչ թե առաքյալանմաններով, այլ երկոտանի ուսապարկերով, ճանկռելով՝ դեպի իրեն քաշեց իշխանությունը եւ ատամներով կառչած դրանից՝ փորձում է այն պահպանել հնարավորինս երկար: Ինչ մնում է այսօր Նիկոլին հավատալուն եւ վստահելուն, ապա իր կողմից զոմբիացված կենսազանգվածից բացի՝ նրան հավատում են երեւի միայն հավերը, եթե, իհարկե, դրանք նույն կատեգորիայից չեն:  
Ինչպես երեւաց առաջին պարբերությունից, մերօրյա կեղծ Քրիստոսը փորձում է երեկվա «հպարտ» քաղաքացիներին համոզել, որ, այսպես կոչված, աշխատանքային փաստաթուղթը, ինչի պատճառով այն հրապարակման ենթակա չէ, վտանգավոր ոչինչ չի պարունակում: Եվ ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ մեզ համար շահեկան է 100 տոկոսով՝ հենց 100 եւ ոչ թե, ասենք, 99,9 տոկոսով: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացիները (ի տարբերություն «հպարտների»՝ այդպիսիք միշտ եղել են, կան ու կլինեն մեր երկրում) կասկածում են եւ Նիկոլի խոսքերի ճշմարտացիությանը կասկածում են հենց 100 տոկոսով: Եվ այդ թվում տողերիս հեղինակը, եւ դա իմ մեղքից չէ. ինչպես ասվում է՝ տառապանքս փորձ ունի: Ես եւ ինձ նմանները նրան հավատացել ենք երեք տարի առաջ, 2-3 միլիոնանոց հայաստանցիները նրան հավատացել են 2020 թվականի պատերազմի ընթացքում: Բայց վերջում բոլորս էլ կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ՝ ինչպես Ա. Ս. Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթի չար պառավը, թեեւ, ի տարբերություն հեքիաթի հակահերոսուհու, մեզ չար կարող է համարել միայն թշնամին՝ լինի արտաքին, թե ներքին: 
Որպես Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացի՝ ես ու ինձ նմանները կերազեինք, որ ունենայինք այնպիսի իշխանություն, որին կարող էինք վստահել: Որովհետեւ չի կարող պետության պաշտոնական կառույցների գրավոր կամ բանավոր խոսքը լինել ոչ վստահելի՝ դա պետության կործանման առաջին հայտանիշներից է: Եթե դու չես վստահում քո երկրի ղեկավարին, որին, ի դեպ, ինքդ ես ընտրել երեք տարի առաջ, ապա այլեւս չես ունենում հենման կետ: Իսկ առանց հենման կետ ունենալու՝ դու չես կարող ադեկվատ արձագանքել բոլոր այն մարտահրավերներին, որոնց այսօր ստիպված է դիմակայել քո հայրենիքը: Այսօր, դժբախտաբար, մենք գտնվում ենք կա՛մ հայրենիք կորցնելու եւ կա՛մ օր առաջ, ժամ առաջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար կոչված անձից ազատվելու հրամայականի առջեւ: Որին, ի դեպ, կառավարության նիստերին, չգիտես ինչու, շարունակում են դիմել որպես «մեծարգո վարչապետի»:
Վերջում ներկայացնեմ ուսուցողական մի պատմություն անտիկ հունական դիցաբանությունից․ «Կասանդրան Տրոյայի թագավոր Պրիամոսի եւ թագուհի Հեկաբեի դուստրն էր: Նրան սիրահարվում է դիցարանի գլխավոր աստված Զեւսի որդի Ապոլոնը (կամ Ֆոյբոսը՝ լույսի, արեւի, բնության պայծառ սկզբնավորման, արվեստների հովանավոր, մուսաների ղեկավար) եւ օժտում գուշակելու ձիրքով: Կասանդրայից մերժում ստանալով՝ պատժում է (քանի որ տրված ձիրքը հետ վերցնել հնարավոր չէր) նրան այլ ձեւով՝ մարդիկ չեն հավատում նրա գուշակություններին։ Տրոյական պատերազմի ժամանակ Կասանդրան կանխագուշակում է Տրոյայի կործանումը, մարդկանց զգուշացնում է հեռու մնալ հույների «նվերից»՝ քաղաքի պարիսպների մոտ թողած մեծ փայտե ձիուց: Տրոյացիները չեն լսում նրան եւ ձին ներս են քաշում ու ողջ օրը տոնում հաղթանակը: Իսկ գիշերը, երբ պահապանները հարբած քնած էին, ձիու իրանի միջից դուրս են գալիս տասնյակի չափ հույներ եւ բացում են քաղաքի դարպասները վերադարձած հունական բանակի առջեւ: Տրոյայի անկումից հետո Կասանդրան  գերեվարվում է եւ որպես ավար՝ բաժին հասնում Միքենեի (Արգոսի) թագավոր Ագամեմնոնին, բայց սպանվում է վերջինիս հետ նրա պալատում՝ դավադրության արդյունքում: Որպես հասարակ անուն՝ «կասանդրան» հետագայում ձեռք է բերում դժբախտության բանբերի իմաստ»:
ՀԳ. Ցավում եմ, բայց 3 տարի առաջ մեր կողմից ղեկավար կարգված անձի անունը եւս ձեռք է բերել դժբախտության բանբերի իմաստ: