Հարկային արտոնություններ՝ հարկերը թաքցրածներին

Հարկային արտոնություններ՝ հարկերը թաքցրածներին

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերության ղեկավարությունն ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ պատրաստակամություն հայտնել՝ վճարել թաքցրած հարկերը։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, ««Ալեքս տեքստիլ» ՍՊԸ տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված եւ իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ եւ արտադրամասի պետի, ինչպես նաեւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ընկերության հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ եւ շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 ՀՀ դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից մինչեւ 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել է «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը եւ հարկման օբյեկտը։ «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն եւ 2019թ. սեպտեմբերից մինչեւ 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։

Նախաքննության ընթացքում «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին վարույթ, որի ընթացքում խուզարկություններ են կատարվել «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության գործունեության վայրերում, ինչպես նաեւ ընկերության տնօրենի, արտադրամասի պետի, ընկերության հիմնադիրների բնակության վայրերում։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի եւ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաեւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, եւ նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, եւ պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին»։

Քննչական կոմիտե հարցում էինք արել, թե արդյոք հարուցված քրեական վարույթը կարճվելո՞ւ է՝ մեղադրանքն ընդունելու եւ վնասը փոխհատուցելու հիմքով, կոմիտեից պատասխանեցին․ «Այս պահի դրությամբ նախաքննությունը շարունակվում է, դեռեւս հանգամանքներ կան պարզելու։ Դրանից հետո համապատասխան դատավարական որոշումներ կկայացվեն՝ կապված վարույթի հանգուցալուծման հետ։ Այս պահին դեռ վաղ է դրա մասին խոսել»։ Քննչական կոմիտեից տեղեկացրին նաեւ, որ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նկատենք նաեւ, որ այս գործը եւ աղմուկը թերեւս ուղղված են «Նոր զովքի» հետ կապված կասկածները ցրելուն։ Հիշեցնենք, որ «Նոր զովքի» դեմ հարուցված քրեական վարույթից եւ մի խումբ անձանց կալանավորումից հետո լուրեր շրջանառվեցին, որ դա «Ալեքս հոլդինգի» սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի պատվերն է․ նա իր մրցակիցներին է ասպարեզից հեռացնում։

Հատկանշական է նաեւ, որ մարտի 9-ին կառավարության որոշմամբ հարկային արտոնություններ էին տրվել Սամվել Ալեքսանյանի այս ընկերությանը, մասնավորապես ազատել էին տեքստիլի հումքի ներկրման համար նախատեսված մաքսատուրքից։ Սամվել Ալեքսանյանի ընկերությունը պատրաստվում էր 3.3 միլիարդ դրամի հումք ներկրել Հայաստան, եւ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել էր 173 մլն դրամ, այսինքն՝ Ալեքսանյանը 173 մլն դրամ չպիտի վճարեր ՀՀ պետական բյուջե։

Փաստորեն ստացվում է, որ պետությունը հարկային արտոնություններ է տվել մի ընկերության, որը պետությունից հարկեր է թաքցրել։