Դեռ ուշ չէ սթափվելու եւ լրջանալու համար

Դեռ ուշ չէ սթափվելու եւ լրջանալու համար

Երբ վերլուծում ենք օրվա իշխանությունների եւ նրանց սպասարկողների վարքագիծը, ժամանակագրական առումով այն կարելի է բաժանել 3 փուլի․

1. մինչեւ պատերազմը

2. պատերազմից հետո, մինչեւ հունիսի 20-ը։

3. դրանից հետո շարունակվող ժամանակահատվածը։

Իշխանություններին սպասարկողները տարաբնույթ խմբավորումներից են բաղկացած, բայց ուղղորդվում են մեկ կենտրոնից, մի մասը նաեւ ներկայացնում է տարբեր կառույցների գործակալական ցանցը, որոնք հիմնականում հրապարակում են կոնկրետ «կանտորաներից» տրված նյութերը։ Նպատակը՝ բոլոր ձեւերով վարկաբեկել իշխանությունների հասցեին քննադատական նյութերով հանդես եկող մարդկանց։ Հատկապես սպասարկող տարաբնույթ ֆեյք գործիքները չափից ավելի ակտիվ էին ու ցինիկ մինչեւ պատերազմը եւ հունիսի 20-ից հետո, իսկ սեպտեմբերի 27-ից, հատկապես նոյեմբերի 9-ից ագրեսիան պակասել էր մինչեւ հունիսի 20-ը։ Այն մարդիկ, ովքեր այդ ընթացքում շարունակում են ցինիկաբար, ագրեսիվ պաշտպանել ստեղծված վիճակը, Նիկոլի կողմից ստացել են առաջխաղացում, այդ թվում՝ Ազգային ժողովի նախընտրական ցուցակում, իսկ նրանք, ովքեր մարդկայնորեն հասկանում են, որ ամենի ինչ շատ վատ է, եւ իրենց զուսպ էին պահում, ընդհակառակը՝ դուրս մղվեցին իշխանական համակարգից կամ մղվեցին երկրորդ պլան։

Հիմնականում թիրախավորվում են այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, որոնք ոչ միայն բացահայտում են իշխանությունների՝ պետական կառավարման անկարողությունը, հատկապես ազգային անվտանգության հարցում, այլեւ այն, որ նրանց իշխանավարումը վտանգում է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։ 

Ի պատասխան՝ իշխանության վարձու խմբավորումները սկսում են վարկաբեկել, մասնավորապես՝ մեղադրել, թե Նիկոլը պաշտոն չտվեց՝ դարձաք «աբիժնիկ», կամ ռեւանշիստների ջրաղացին ջուր լցնելու մեջ են մեղադրում, եւ այլ նման էժանագին «մեղադրանքներ»՝ իհարկե, չունենալով կոնկրետ վարկաբեկող փաստեր։

Հուլիսի 17-ին ֆեյսբուքյան իմ էջում ներկայացրել էի օրվա իշխանություններին բնութագրող առանձնահատուկ հատկանիշներից մեկը՝ այն, որ նրանք երկիրն աղետի հասցնելուց հետո էլ չունեն պատասխանատվության եւ մեղքի զգացողություն։ Եվ դա բավական էր «ֆաս» հրահանգը տալու համար։ Անշուշտ, մինչեւ պատերազմը եւս եղել են նմանատիպ դրսեւորումներ, բայց ավելի զուսպ էին, եւ ձեռնպահ էի մնում դրանց անդրադառնալուց։ Հիմա, այնուհանդերձ, որոշեցի վերոնշյալ կրկնվող «մեղադրանքներին» անդրադառնալ՝ միաժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ երեք տարվա այսչափ աղետից հետո էլ դեռ ուշ չէ սթափվելու եւ լրջանալու համար։

Եվ այսպես․ երբ լավրովյան չարաբաստիկ պլանը կյանքի կոչելու համար թավիշականներին բերեցին իշխանության, վերջիններս հայտարարեցին, որ իրենք որեւէ «իզմ»-ի կրողը չեն, ինչը տրամաբանական է՝ դատարկ տեղը չէր կարող որեւէ գաղափարախոսություն լինել, եւ տարիների ընթացքում այդ դատարկությունը լցվեց նիկոլիզմով, որին իմաստ ունի ինչ-որ պահի անդրադառնալ, բայց այսօր կանդրադառնամ իշխանությունների վարձկանների կողմից ներկայացվող վերոնշյալ երկու «մեղադրանքներին»․

1. Նախկինների (ռեւաշիստների) ջրաղացին ջուր լցնելու թեզին։ Նախկինների կողմից ռեւանշի վտանգն օրակարգային դարձավ միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի բացառիկ «տաղանդի» շնորհիվ, եւ դա արվում էր ծրագրավորված, քանզի լավրովյան պլանը կյանքի կոչելուց հետո Նիկոլին անհրաժեշտ էին անվտանգության բարձիկներ, որոնցից հիմնականը նախկինների արհեստածին վերադարձի վտանգն էր, եւ, ի շնորհիվ դրա, Նիկոլն Ազգային ժողովը ձեւավորեց բոլոր նրանցով, ովքեր հիմնական պատասխանատուներն էին երկիրն աղետի հասցնելու համար, եւ առաջիկա տարիներին ժողովուրդը կշարունակի ականատես լինել, թե ով է դավաճանը, հողատուն եւ կոռուպցիոները։

2018թ․ նախկինների հարցը լուծված էր, մնում էր «հեղափոխությունից» հետո հաշված շաբաթների ընթացքում, առաջին հերթին, տասնյակ միլիարդավոր դոլարների գողոնը վերադարձնել, ինչը չարվեց, ու այն այլեւս չի լուծվի, որովհետեւ նախկիններն իշխանության մաս են կազմում, Նիկոլ Փաշինյանն իր հովանավորչությամբ վերջիններիս դարձրեց իշխանության համար միակ այլընտրանքը եւ իրենց փրկօղակը։

2. Հաջորդ «մեղադրանքը»․ պաշտոն չտվեցին՝ «աբիժնիկ» դարձաք։ 
Արդարացի եւ բարոյական կլիներ Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե բոլոր այն ուժերին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են նախկին ռեժիմի դեմ եւ ակտիվ մասնակցել 2018-ի գարնանը ժողովրդի ընդվզման գործընթացին, ներգրավեր իշխանության մեջ, այդ թվում՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը, որը, ցավոք, նաեւ մեծ ներդրում է ունեցել Նիկոլի քաղաքական կենսագրության ձեւավորման մեջ՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ թավիշականները պետական կառավարման համակարգից որեւէ պատկերացում չունեին, առավել եւս տրամաբանական էր վերը նշված ուժերի ներգրավումն իշխանության մեջ, ինչը չարվեց։
Սկզբնական շրջանում կար տպավորություն, թե հնարավոր է 2018-ի ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերն իշխանության ընդունման-հանձնման բանակցության ժամանակ Սերժ Սարգսյանի նախապայմանն է եղել՝ իր իշխանության դեմ պայքարող ուժերին արգելել ներգրավել նոր իշխանության ձեւավորմանը, բայց այնուհետեւ կյանքը ցույց տվեց, որ լավրովյան կործանարար պլանը կյանքի կոչելու համար այլ քաղաքական ուժերը միայն խնդիրներ կարող էին ստեղծել՝ ձախողելով դրա իրականացումը։

Ինչ վերաբերում է պաշտոններ ստանալու հարցին, ապա մինչեւ 2020-ը մենք դեմ չէինք համագործակցությանը, եւ 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ես դիմեցի Փաշինյանին՝ հանդիպելու։ Նա չարձագանքեց, բայց երբ իրեն էր պետք, օրը մի քանի անգամ էր զանգում։ Եվ 2020-ի հունվարին ես վերլուծական հոդվածներ հրապարակեցի՝ ներկայացնելով «հեղափոխական» իշխանությունների ոչ պիտանիությունը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում պետական կառավարման համակարգում։ Չնայած արդեն 2019-ին բարեկամաբար քննադատում էի, որին ի պատասխան՝ 2019-ի հոկտեմբերին ԿԳԲ-ն հատուկ օպերացիա նախաձեռնեց իմ ընտանիքի հանդեպ։

Հիմա բոլոր նրանք, որոնք Նիկոլ Փաշինյանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո պաշտոններ են ստանում կամ ինչ-որ ձեւով համագործակցում են նրա հետ, ուրեմն կիսում են այս աղետի, տարածքների կորստի, զոհերի ու վիրավորների պատասխանատվությունը հավասարապես։ Հետեւապես, պաշտոն չստանալու եւ «աբիժնիկի» էջն իրենց համար փակված է, եւ այլեւս իշխանությունները սեփական փչացածության աստիճանով դիմացինին թող չչափեն։

ՀԳ․ Մենք մնում ենք մեր սկզբունքներին հավատարիմ եւ շատ ենք ցավում, որ ժամանակին աջակցել ենք պետականակործան նիկոլիզմի ձեւավորմանը։

Պետրոս Մակեյան