Նոր գործ նախկինների դեմ. այս անգամ՝ «Երևան ՋԷԿ»-ի վերաբերյալ 

Նոր գործ նախկինների դեմ. այս անգամ՝ «Երևան ՋԷԿ»-ի վերաբերյալ 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի ջերմաէլեկտրակայանում ուսումնասիրություններ է իրականացրել, չարաշահումներ է բացահայտել և ուղարկել է դատախազություն: Դատախազությունն էլ իր հերթին է ստուգել փաստերը և ահռելի գումարի՝ 21 մլրդ դրամի յուրացումներ ու տարատեսակ խախտումներ է արձանագրել: 

«Ընկերության համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով պայմանագրեր կնքելու և այլնի արդյունքում ընկերությանն ու պետությանը պատճառվել է ընդհանուր 21. 10.739.100 ՀՀ դրամի վնաս», - տարածել է դատախազությունը: 

 Դատախազության կազմած հաղորդագրությունը բավականին մշուշոտ է: Դրանից հասկացվում է, որ վնասը հասցվել է անորակ շինարարության արդյունքում: Չկատարված շինարարական աշխատանքների համար կատարողական ակտեր են գրվել,  դրանց դիմաց վճարումներ են կատարվել, գնումների ընթացքում են եղել չարաշահումներ: 

Դատելով հասցված վնասի խոշոր չափից շինարարությունն էլ է, հավանաբար, բավականին խոշոր եղել, սակայն չի ասվում, թե որ թվականներին են վերաբերում նշված փաստերը և ինչ շինարարության մասին է խոսքը: 
 
Որևէ այլ տվյալ հաղորդածից բացի գլխավոր դատախազությունը հրաժարվեց տրամադրել, ելնելով քննության շահերից: «Հանցավոր խախտումների վերաբերյալ մանրամասսներ, ցավոք, չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ բավականին ընդգրկուն է, բազմավեկտոր: Քննություն կկատարվի, ընթացքում նախաքննության մարմինը կամ դատախազությունը արդյունքների մասին կհայտնի այնքանով, որքանով չի խանգարի քննությանը: Այս փուլում, հավատացնում եմ, ցանկացած մանրամասի հանրայնացում չի բխելու քննության շահերից», - պատասխանում է դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ուստի ստիպված ենք ապավինել մեր աղբյուրներին: 

Դրանք վստահեցնում են, որ Երևան ՋԷԿ-ի գործը ուղղված է «նախկինների« դեմ: Հայտնաբերված խախտումների զգալի մասը վերաբերում է «Երևան» ՋԷԿ-ի նոր ենթակայանի շինարարությանը, ինչպես նաև նոր ջերմային էներգաբլոկի կառուցմանը: Ենթակայանի արժեքը 17 մլն եվրո էր: Շինարարությունն իրականացվում էր «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ: Իսկ Երևան ՋէԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը մեկնարկել էր 2 տարի առաջ՝ 2019 թվականի հուլիսին: Այն իրականացվում էր Siemens AG ընկերության հետ համատեղ: Նախագծմամբ, գնումներով և շինարարությամբ զբաղվում էր իտալական «Renco S. p» ընկերությունը: 

Այդ շինարարական աշխատանքները տեղի են ունեցել «Երևան ՋԷԿ» -ի նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանի օրոք, որն ինչպես հայտնի է, Սյունիքի նախկին մարզպետ և Գորիսի նախկին քաղաքապետ, օլիգարխ Սուրիկ Խաչատրյանի եղբայրն է: 
Սասուն Խաչատրյանը «Երևանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ տնօրեն է նշանակվել 2017 թվականին և պաշտոնավարել է 3 տարի: Նոր տնօրենը՝ Արսեն Գրիգորյանը, դեռևս ԺՊ աշխատելու ընթացքում կադրային ջարդ էր սկսել հիմնարկում: 

Լրացուցիչ մանրամասներին տեղեկանալու համար դիմեցինք նաև Պետական վերահսկողական ծառայություն, որը և հայտնաբերել է խախտումները: Ծառայության խոսնակ Անի Խաչատրյանը մեզ հայտնեց. «Ուումնասիրությունը կատարվել է 2015-2020 թվականների միջև ընկած հատվածում: Ուսումնասիրվել են տարբեր թեմաներ, նույնիսկ 2008 թվականին վերաբերող դրվագներ կան: Ընդհանուր այդ ընթացքում ինչ շինարարական աշխատանքներ որ կատարվել են՝ անորակ, չարաշահումներով, խախտումներով, կեղծիքներով՝ բոլորը ուսումնասիրվել է: Տեղեկատվության ծավալը շատ մեծ է»: 

Հ.Գ. Եթե իրոք մեր իրավապահները ցանկություն ունեն բացահայտելու Երևանի ՋԷԿ-ի շուրջ ֆինանսական մախինացիաները, ապա պետք է գնան ավելի խորը, հասնեն այն ժամանակներին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքով պետական ձեռնարկություն հանդիսացող ՋԷԿ-ը մասնավոր ընկերությանը՝ «Նաիրիտ» ՓԲԸ-ին առանց որևէ հիմքի անտոկոս վարկեր էր տալիս, փոխառություններ, հոգալով «Նաիրիտի» աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերը: Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ «Նաիրիտի» ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ, այսինքն՝ 48 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ կրեդիտորական պարտքը մատակարարված գոլորշու դիմաց:  Այս խնդիրը բազմիցս բարձրաձայնվում էր, սակայն այդպես էլ իրավապահները սրան չանդրադարձան: