«Ռեստարտ» նախաձեռնության անդամները դատարանում արդարացվել են

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները դատարանում արդարացվել են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների եւ Նարեկ Մալյանի գործով դատական նիստը: Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանն արդարացրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամներին, սակայն միանշանակ վճիռը բողոքարկվելու է:

«Դատավճիռը դեռևս չեմ ընթերցել, սակայն միանշանակ բողոքարկելու ենք: Հարցն իրավական տիրույթում է: Դատարանը տեսնում է 119-րդ հոդվածի երկրորդ մաս` խոշտանգման հանցակազմ»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2020 թվականի մարտի լույս 4-ի գիշերը։ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները։

Մասնավորապես Դավիթ Պետրոսյանը պատմել էր, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը: