Ցույց տվեցին, որ թքած ունեն ժողովրդավարության վրա

Ցույց տվեցին, որ թքած ունեն ժողովրդավարության վրա

ԱԺ ՔՊ խմբակցությունը երեկ խորհրդարանում դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: Քվեարկության արդյունքում 57 հոգի դեմ արտահայտվեց նախագծին, 26-ը՝ կողմ։ Արդյունքում՝ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգում։ 

7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանն ասում է, որ իր համար այս արդյունքը սպասելի էր այնքանով, որ այս նախաձեռնությունը ինքն իրենով պատժիչ մեխանիզմ էր լինելու գործող իշխանության ցանկացած պաշտոնյայի համար․ «Հետեւաբար այն միամտությունը, որ իրենք պետք է կողմ քվեարկեին, պարզ է, որ ի սկզբանե չկար մեզ մոտ։ Մենք գիտենք, թե ինչ նպատակ էր հետապնդում նախագիծը, եւ այս նախագծի հետեւում կանգնած 58 հազար քաղաքացիների ստորագրությունն ինչ էր իրենից ներկայացնում եւ քաղաքական առումով էլ ինչ կշիռ ուներ, հետեւաբար, շատ ավելի կարեւոր է, թե ինչ հետագա ընթացք է ստանալու «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը»։

Այս պահին «Հայաքվե» կոորդինացնող խմբի անդամները քննարկում են տարբերակներ` հետագա քայլերի ուղղությամբ։ «Շարունակությունը, բնականաբար, կախված է լինելու հետագա պլանավորումից, առկա իրավիճակից, թե ինչ իրողություններ կհաջորդեն, ինչ քաղաքական պրոցեսներ տեղի կունենան, նաեւ, հաշվի առնելով ձմեռվա ժամանակահատվածը, զուտ պլանավորման հարց է, թե ինչ գործողությունների ու քայլերի կգնանք։ Բայց, բնականաբար, կոնկրետ իշխանության մեծամասնության դրական քվեարկություն չէր ակնկալվում, սրանով իրենք ուղղակի հերթական անգամ ցույց տվեցին, որ թքած ունեն ժողովրդավարության վրա, այդ 58 հազար քաղաքացիների վրա, որոնք հստակ դիրքորոշում են հայտնել Արցախի եւ ընդհանրապես ցեղասպանության պահանջատիրության հարցով»,- ասում է Ա․ Կոստանյանն ու ընդգծում, որ այս քայլով իշխող ուժը հնարավորություն տվեց ՀՀ ցանկացած պաշտոնյայի, ով կհրաժարվի ՀՀ սահմանադրությամբ եւ դրա նախաբանում նախատեսված համազգային նպատակներից, խուսափել պատասխանատվությունից՝ ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլեւ՝ ապագայում եւս։  

«Այս նախաձեռնությունը որքան էլ որ շատ քննադատությունների է արժանացել տարբեր շրջանակների կողմից, այդ թվում՝ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների, որն իրականում օրինաչափ է, ու բնական է, որ այդ քննադատությունը պետք է լիներ։ Ես ուզում եմ ասել, որ այս նախաձեռնությունը պարզապես պետք է դիտարկել ավելի լայն կտրվածքով՝ պատմության համատեքստում, թե պատմության մեջ ինչ փաստեր են արձանագրվում, մասնավորապես՝ որ Հայաստանի Հանրապետության 58 հազար քաղաքացիների ձայնի իրավունքը՝ օրենքն ընդունելու, Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքը ոտնահարվեց գործող իշխանության եւ գործող ռեժիմի կողմից։ Սա պատմական փաստ է, որն արձանագրում ենք ու անցնում հաջորդ փուլերին»։