Կառավարությունը մի քանի ամսից կցրի հոգաբարձուների արդեն ձեւավորված խորհուրդները

Կառավարությունը մի քանի ամսից կցրի հոգաբարձուների արդեն ձեւավորված խորհուրդները

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները դեռ երկար պիտի տանջվեն կառավարության ձեռքը։ Ինչպես հայտնի է, վերջերս հազիվ ձեւավորվեցին որոշ բուհերի հոգաբարձուների խորհուրդները, մի քանիսը դեռ չեն էլ ձեւավորվել։ Ամենից խնդրահարույցը թերեւս բժշկական եւ Երեւանի պետական համալսարանների հոգաբարձուների խորհուրդներն են, որոնց շուրջ ինտրիգներ կային հյուսված։ Ամեն դեպքում, դրանք արդեն կան, գործում են, մանավանդ՝ ԵՊՀ-ի խորհուրդը, որը թեկուզ եւ բազմակի խախտումներով ու ուշացումով, սակայն ձեւավորվեց եւ այժմ կզբաղվի ԵՊՀ ռեկտորի ընտրություններով, որպեսզի մեկ տարվա ընդմիջումից հետո բուհը վերջապես ղեկավար ունենա եւ վերադառնա գործունեության բնականոն հուն։

Սակայն պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքի նոր նախագիծն ԱԺ-ի կողմից ընդունվելու դեպքում բուհերը կրկին կքանդվեն եւ կսկսեն զրոյից հավաքվել։ Այսինքն՝ էլի կվերադառնան զրոյական դիրքին՝ նոր հոգաբարձուների խորհուրդներ, ապա նաեւ՝ նոր ընտրություններ։ 
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը, որը նաեւ ԵՊՀ ռեկտորի թեկնածու է, մեզ հետ զրույցում ասաց, որ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ուղղակիորեն կախման մեջ է դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի ընդունումից, քանի որ նշված օրենքով նախատեսվում է վերակազմակերպել բուհերի բարձրագույն կառավարման մարմինները, ինչպիսին ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն է։ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ նոր օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմավորման լրիվ նոր համամասնություն է նախատեսվում։ «Նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման մարմինների կազմավորման բոլորովին այլ տրամաբանություն, ինչը ենթադրում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ մակարդակներում վերափոխվելու է։ Փոփոխությունները լինելու են ե՛ւ քանակական, ե՛ւ որակական բնույթի։ Բայց, միեւնույն ժամանակ, դրանք սերտորեն կապված են միմյանց հետ, եւ մեկը ենթադրում է մյուսի գոյության տրամաբանությունը։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի 32 անդամների քանակը՝ ըստ լիազոր մարմնի (ԿԳՄՍ նախարարություն), հիմնադրի (կառավարություն), պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչների քվոտաների, նախատեսվում է հասցնել 12-ի, այն էլ՝ դրանց համամասնության փոփոխությամբ։ Եթե գործող կարգավորմամբ ձեւական առումով հավասար համամասնությունը պահպանված էր (ինչու ձեւական՝ որովհետեւ իրական կյանքում որոշումները կայացվում եւ ընդունվում էին բոլորովին այլ տրամաբանությամբ եւ ձեւաչափով), ապա կարելի է ասել, որ այս նախագծով դե ֆակտո եւ դե յուրե վիճակները բերվում են հավասար պայմանների։ Առաջարկվում է 32 հոգանոց խորհրդի փոխարեն ձեւավորել 12 հոգուց բաղկացած խորհուրդ. 6 անդամի նշանակում է լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, 4-ին ընտրում է ակադեմիական խորհուրդը՝ պրոֆեսորադասախոսական կազմից, 1 ուսանող եւ 1 արտաքին անդամ՝ բուհի հետ համագործակցող գործարարներից կամ տնտեսության ոլորտի հայտնի ներկայացուցիչ։ Նախեւառաջ քանակական փոփոխությունը բերում է որակական փոփոխության, որովհետեւ խորհրդի կազմի անդամների նվազեցումը հանգեցնում է վերահսկելիության մակարդակի բարձրացման։ Թեեւ նախագծով ենթադրվում է, որ լիազոր մարմինը հոգաբարձուների խորհրդի անդամներ է նշանակում պետական պաշտոն չզբաղեցնող անձանցից, սակայն առաջարկվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք որոշակի առումով բացառում են այդ անդամների անկախ գործելու հնարավորությունները։ Խոսքը վերաբերում է հետկանչի ինստիտուտի ներդրմանը, այն էլ՝ հետկանչի համար առանց կոնկրետ հիմքեր սահմանելու։ Ընդ որում, նախագծում առկա են նաեւ ծուղակներ, որոնք լիազոր մարմնին ցանկության դեպքում խորհուրդը ցրելու լատենտ գործիքակազմ են ապահովում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Սա նշանակում է, որ մոտ 3 ամիս անց բուհական համակարգը կրկին ցնցումների է ենթարկվելու, եւ նորից սկսելու են հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման գործընթացը։ Սա կարծես թե սկսում է ձեռագիր դառնալ․ Սահմանադրական դատարանի դեպքում էլ ինչքան ռեսուրս՝ փող, ժամանակ, էներգիա ծախսվեց, տարբեր օրենքներ մշակվեցին, մարդկանց նյարդերը քայքայվեցին, հիմա պարզվեց, որ դա անիմաստ էր, քանի որ մյուս տարի՝ նոր Սահմանադրությամբ, առհասարակ վերանալու է ՍԴ-ն՝ տեղը զիջելով Գերագույն դատարանին, որը գործելու է միանգամայն այլ սկզբունքով եւ այլ կազմով։