17 քաղաքական ուժերի մի մասը չի հավատում, որ լինելու են ընտրություններ

17 քաղաքական ուժերի մի մասը չի հավատում, որ լինելու են ընտրություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ անց չհայտարարի, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասարակական պահանջ չկա, ապա հունիսի 20-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դատելով ժամկետից՝ ընտրությունները անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգ ունեցող գործող օրենսգրքով։

Կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են, որ մասնակցելու են անկախ նրանից, թե ընտրությունները որ՝ հի՞ն, թե՞ նոր օրենսգրքով կկազմակերպվեն։ Բայց հիմնական մասը գերադասում է այս պահին այդ հարցի չանդրադառնալ, հատկապես 17 քաղաքական ուժերը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան․ «Փաստ չէ, որ տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Դրա համար անհրաժեշտ է,որ վարչապետը տա հրաժարական, ըստ որում՝ 2 անգամ։ Այդ ժամանակահատվածում չընտրվի վարչապետ, լուծարվի խորհրդարանը և նախագահը նշանակի խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն՝ այն ֆեյսբուքյան ստատուսը, որ հունիսին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, և դա վերջնական է, մեզ մոտ հավատ չի ներշնչում։ Ոորովհետև այս ընթացքում իրենք մի քանի անգամ խոսել են արտահերթի մասին, հետո հրաժարվել են։ Ունենք բոլոր բավարար հիմքերը՝ կասկածելու, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ»։

Իշխան Սաղաթելյանը հայտնեց նաև՝ եթե նույնիսկ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, դա բավարարում է ՀՓՇ-ի պահանջների ընդամենը մի մասին։ Գտնում են, որ դրանք կարևոր պայման են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց դրանք չեն կարող անցկացվել Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատարությամբ։ Քանի որ չեն լինելու մրցակցային և կա հավանականություն, որ դրանք կեղծվելու են։ Հետևաբար, ՀՓՇ-ն շարունակում է պնդել, որ արդյունավետ ճանապարհը այն է, ինչ մինչ այժմ առաջարկել են։

«Ազատություն» կուսակցության մամուլի խոսնակը հայտնեց․ «Առայժմ կուսակցությունն աշխատում է 17-ի շրջանակներում»։

ԵԾԿ-ից էլ Զարուհի Փոստանջյանը հայտնեց․«Իրեն հարգող մարդը Նիկոլի հայտարարությունները չի մեկաբանի»։

Ամեն դեպքում, հայտարարվում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» այդ առիթով դեռ քննարկում չի ունեցել: Սակայն NEWS.am-ի հետ զրույցում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասել էր․ 

«Ես դեռ օրեր առաջ ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացված ընտրությունները կատաստրոֆա են Հայաստանի համար: Եթե հանկարծ անկացնի ընտրություններ, որովհետեւ իր հայտարարելը դեռ չի նշանակում, որ կանցկացնի, եթե նման բան լինի, ես ոչ մի դեպքում չեմ մասնակցի: Բայց պետք է ամեն ինչ անել, որ այդպիսի ընտրություններ տեղի չունենան: Մինչեւ Նիկոլ Փաշինյանն այդտեղից դուրս չգա եւ մինչեւ ոչ իր թիմից մի հատ նորմալ մարդ չլինի, ընտրությունների չի կարելի գնալ»։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հայտնել էր․«Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ  կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,-ասաց նա և ընդգծեց, որ այս պահին այլ հարցերի չի կարող անդրադառնալ:

Մասնակցության առումով «Բարգավաճ Հայաստանի» մասով ամեն ինչ պարզ է․ ԲՀԿ-ն թեև պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է, բայց ըստ էության, պարզ է, որ մասնակցելու է, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ հայտարությունից հետո գրել էր․ «Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»։