Ռուսաստանը միջուկային զենքերից ավելի հզոր զենքեր ունի

Ռուսաստանը միջուկային զենքերից ավելի հզոր զենքեր ունի

Ռուս-ուկրաինական պատերազմում տիրող իրավիճակի, Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման ու պատերազմական գործողությունների վրա դրա ազդեցության մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։

-Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցմամբ հակամարտությունը նոր, ավելի վտանգավո՞ր փուլ մտավ։

-Դեռևս կոնկրետ պատասխան չկա, թե ով է Կախովկայի ՀԷԿ-ին հարվածել, բայց կան մի քանի հետևանքներ։ Առաջինը, ակնհայտ էր, որ Ուկրաինան պատրաստվում էր հակահարված տալ հարավում նաև Կախովկայի ուղղությամբ և երբ պայթեցվեր դա՝ ուկրաինական կողմն այդ ուղղությամբ կդժվարանար գնալ առաջ։ Երկրորդը, մենք Ուկրաինայից լսել ենք նաև, որ պետք չի բարձր ակնկալիքներ ունենալ սպասվող հակահարվածից, որ այն լոկալ է լինելու և ոչ թե ռազմավարական բարդության Ռուսաստանի համար, դրա համար գուցե Ուկրաինային պետք էր առաջին հերթին փոխել ֆոկուսն ու դիսկուրսը` քննարկումների և ցույց տալ, որ բացի նրանից, որ իրենք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում, մայրաքաղաքում և գրավել որոշ սահմանամերձ տարածքներ, այլ նաև այս ուղղությամբ Ռուսաստանն ասիմետրիկ ձևով է փորձում գործել և ցույց տալ, որ Ռուսաստանին չի կարող որևէ ձև զսպել, ու քանի որ այդ ուղղությամբ չենք կարող գնալ առաջ՝ մենք կգնանք առաջ ուրիշ ուղղությամբ և ինչքան էլ մենք տարածք չկարողանանք գրավել՝ ի վերջո, Արևմուտքը պետք է շարունակի տրամադրել օգնություն, որովհետև տեսնում ենք, որ Ռուսաստանը կարող է այսպիսի քայլերի գնալ։

-Այսինքն, չեք բացառում, որ Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը հենց ուկրաինական կողմի ծրագիրը կարող է լինել։

-Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև որևէ փաստ չկա, որ դա արել է ուկրաինական կողմը կամ արել է ռուսական կողմը։ Մենք կարող ենք տեսնել, որ երկու կողմերն էլ մեծ հաշվով կարող են օգուտ ստանալ այս իրավիճակից, որը ստեղծվեց։

-Նույնիսկ Հռոմի Պապն է պատվիրակ ուղարկում՝ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Ի՞նչը կարող է ստիպել կողմերին նստել բանակցությունների սեղանին։

-Անկեղծ ասա, այս փուլում բացառում եմ որևէ բանակցություն երկու կողմերի մեջ, որովհետև ուկրաինական կողմը դրել է շատ խիստ նախապայման՝ Ռուսաստանը պիտի բոլոր գրավված տարածքներից դուրս գա, այլ ձևաչափով իրենք պատրաստ չեն որևէ բանակցություն սկսել։ Եվ նաև այստեղ տեղի է ունենում հավաքական արևմուտքի կողմից ճնշումը, որը շատ կարևոր է, որ Ուկրաինան պիտի ռազմավարական պարտության իրավիճակ ստեղծել Ռուսաստանի համար և ինքը պիտի շարունակի իր պայքարն ու պատերազմը վարել և դրանից հետո կարող է սկսել բանակցությունները։ Որովհետև ԱՄՆ-ն և ԵՄ-ն բացառում են որևէ բանակցություն այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի մեջ, բայց շեշտում են, որ դա ուկրաինական որոշումն է՝ իրենք պիտի վերջնական որոշումը կայացնեն, բայց ամեն դեպքում՝ մենք կարծում ենք, որ Ուկրաինան պիտի շարունակի պատերազմը։ Հաշվի առնելով այս երկու հանգամանքները, ես բացառում եմ բանակցությունների հնարավորությունը հիմա։ Մենք տեսնում ենք, ինչպես է Էրդողանը փորձում ուղիղ ամեն փաթեթի շուրջ բանակցություններ սկսել որպես միջնորդ, բայց առաջարկում է ֆիքսվել, օրինակ, այն պայմանավորվածությունների վրա, որոնք վերաբերում էին ցորենի և այլ մանր հարցերին, բայց ընդհանուր բանակցությունների մասին խոսել, ինձ թվում է, շատ շուտ է։

-Ստեղծված իրավիճակում որքանո՞վ է ռեալ միջուկային զենքի կիրառումը։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ պատերազմը շատ երկար ձգձգվեց ու կողմերի վրա դա շատ թանկ է նստում։

-Հիմա շատ դժվար է ասել, թե որո՞նք են Ռուսաստանի կարմիր գծերը։ Ուկրաինան հարվածում է Ռուսաստանի տարածքին, Ուկրաինան գրավեց բնակավայրեր, Ուկրաինան հարվածեց փաստացի մայրաքաղաքին, այո, իրենք հերքում են, որ իրենք են հարվածել քաղաքին և մայրաքաղաքին, բայց դա ակնհայտ է։ Հիմա, մենք տեսանք, որ Ռուսաստանը միջուկային զենք չկիրառեց։ Անկեղծ ասած, տակտիկական միջուկային զենքի կիրառումն այսօր անիմաստ է, որովհետև Ռուսաստանն այնպիսի զենքեր ունի, որոնք ավելի էֆեկտիվ են և ոչ միջուկային են։ Իսկ եթե Ռուսաստանը կարող է խնդիրը լուծել ոչ միջուկային զենքերով, անիմաստ է կիրառել միջուկային զենքը։

-Բայց, միևնույն ժամանակ, բավականին արտառոց վիճակ է, երբ միջուկային գերտերության մայրաքաղաքում կարող են հայտնվել թշնամական ԱԹՍ-ներ, այսինքն, Ռուսաստանի վիճակն այդքան վա՞տ է։

-Դա նշանակում է, որ ռազմավարական առումով Ռուսաստանն այսօր չունի այդ կարմիր գծերը, որովհետև Ուկրաինան հետևողականորեն հետ է մղում Ռուսաստանի կարմիր գծերը՝ սկսելով հարվածելով բնակավայրերին, իսկ հետո մայրաքաղաքին։ Դա նույն մարտավարությունն է, որ Ադրբեջանն է վարում ՝ կամաց-կամաց կարմիր գծերը հետ է մղում և արդեն հասնում են այն փուլին, երբ Ուկրաինան հարվածում է Մոսկվային ու Կրեմլին, բայց մենք տեսնում ենք, որ դա Ռուսաստանի համար կարմիր գիծ չի։

-Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը կորցնում է իր դիրքերը։

-Հիմա չենք կարող ասել, թե դիրքերն ինչպիսին կլինեն, որովհետև դինամիկայի մեջ հիմա ամեն ինչ կախված է կամ ուկրաինական կողմի, կամ ռուսական կողմի հակահարվածից, որովհետև Ռուսաստանն էլ է պատրաստվում հակահարձակման։ ԵՐր դու միշտ պաշտպանվողական դիրքերից ես պատերազմ վարում՝ դատապարտված ես պարտության և դա շատ լավ հասկանում են Մոսկվայում։ Դրա համար իրենք կտեսնեն, թե ինչի կարող է հասնել Ուկրաինան՝ իրենց նոր տրված զենքերով և ըստ այդմ կփորձեն անցնել առաջ, որովհետև ոչ ոք չի պլանավորում սառեցնել այն իրավիճակը, այն ստատուս քվոն, որ այսօր ստեղծվել է։