Մի հույս կար

Մի հույս կար

Այս պառակտվածությունն է մեր տունը քանդողը՝ ասում է յուրաքանչյուր երկրորդ հայը եւ շարունակում է ատել իրենից տարբերվող կարծիք ունեցող հային: Բայց շարքային մարդիկ մեղավոր չեն, որ հայտնվել են մի պտտահողմի մեջ, որից չեն կարողանում դուրս գալ: Այս հողմը ստեղծել են ՀՀ իշխանությունները` ներկա եւ նախկին, ու նրանք էլ պետք է ցրեն եւ մաքրեն մթնոլորտը: Թվում էր` գոնե 2020 թվականի պատերազմից հետո գործող իշխանությունը եւ նրա պարագլուխը կհասկանան, որ մեր դժբախտությունների հիմնական պատճառը հանրային պառակտվածությունն ու չարացածությունն են:

Ոչ մի թալանից ու կոռուպցիայից, ոչ մի անփութությունից ու պաշտոնի չարաշահումից այդքան վտանգ ու վնաս չկա, որքան այս անհուն ատելությունից եւ իրար ոչնչացնելու մարմաջից: Մեր միակ հույսը, մեր մեջքը շտկելու միակ շանսն այդ ատելությունը հաղթահարելը եւ հանրային համերաշխությունը վերականգնելը կարող էր լինել: Եվ այդ հորինված քրեական գործերն ու հետապնդումները, միմյանց վրա ցեխ շպրտելն ու նախկին-ներկա անելը մեր պետության հիմքերում դրված ռումբ է:

Պարզ է, որ պատերազմի մեղավորներին պարզելու նպատակով հարուցված կեղծ գործերն իրականությունը չեն պարզելու, որովհետեւ քննչական մարմինները կաշկանդված են գերագույն գլխավոր հրամանատարի գործողություններին գնահատական տալու հարցում, բայց դրանք վերջնականապես վարկաբեկելու են զինվորականությանն ու բանակը: Պարզ է, որ նախկիններից գույքը խլել չի ստացվելու, գոնե հեշտ չի լինելու, բայց գույքի բռնագանձման գործերն ավելի են մեծացնելու ատելությունը հարուստների նկատմամբ: Պարզ է, որ միակուսակցական ԱԺ-ն խայտառակություն է, եւ դրա հիմքը դրել են վահագնալեքսանյանները` իրենց աքացիներով, եւ Նիկոլ Փաշինյանը` ընդդիմադիրներին ծեծելու հրահանգով: