«Հրապարակ». ԱԺ բուֆետը՝ կռվախնձոր

«Հրապարակ». ԱԺ բուֆետը՝ կռվախնձոր

Ամառային արձակուրդների շրջանում ԱԺ բուֆետում ԱԺ բյուջեի հաշվին վերանորոգման աշխատանքներ են իրականացրել: Թե որքան գումար են հատկացրել, խորհրդարանից գրավոր հարցում պահանջեցին։ Չնայած վաղուց արդեն բուֆետը հիմնովին նորոգել են, սակայն այն չի վերաբացվել: Բուֆետի աշխատակազմը, նիստերը լուսաբանող լրատվամիջոցները ստիպված են երկար ճանապարհ անցնել` սնվելու համար, քանի որ արդեն ամիսներ շարունակ այն աշխատում է առաջին հարկի փոքր սրահում՝ դահլիճից բավական հեռու: ՔՊ-ական իշխանությունները նախատեսում էին այդ սրահը լրագրողների համար աշխատասենյակ դարձնել, թույլ չտալ, որ լրագրողները խորհրդարանի մուտքից վերեւ բարձրանան, այլ այդ սենյակից մոնիտորներով հետեւեն նիստերին։

Որոշ տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը ցանկանում է փոխել բուֆետն աշխատեցնող «Ազգային սնունդ» ընկերությանը, որի տնօրենն Էդիկ Գրիգորյանն է: Խոսվում է, որ դրա վրա աչք ունի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խազրադյանը, սակայն խորհրդարանից ասացին, որ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկացանք, որ հավակնորդն Ալեն Սիմոնյանի օգնականն է։ Ընդհանրապես, բոլոր ԱԺ նախագահների ժամանակ  խորհրդարանի բուֆետը կռվախնձոր է եղել տարբեր ընկերությունների միջեւ: ԱԺ խոսնակներից ամեն մեկը փորձել է իր մտերիմին հանձնել բուֆետի կառավարումը, ինչը բավականին եկամտաբեր բիզնես է համարվում։