Անհայրենիք սողունների ժամանակը

Անհայրենիք սողունների ժամանակը

Այսպիսի ժամանակներ ենք ապրում՝ բոլոր խավարասերներն ու սողունները, սրիկաներն ու կամակատարները, քծնողներն ու անողնաշարները բներից դուրս են եկել, գիտակցել իրենց ինքնությունը եւ հալածում են ազնիվներին, հայրենասերներին, անշահախնդիրներին, քաջերին։ Քարկոծում են երկրի համար մտահոգ մարդկանց, որոնք փորձում են խոչընդոտել Հայաստանի գահավիժումը։ Վերացել են ամոթը, տարիքի ու վաստակի հանդեպ հարգանքը, խելոքին լսելու ավանդույթը։

Ահա, այս խումբն անիծում եւ անարգանքի սյունին է գամում այսօր փողոց ելած ընդդիմադիրներին՝ ծաղրում նրանց, ուրախանում նրանց ամեն անհաջողությամբ։ Ասում է, որ ինքն է եղել (գուցե նաեւ այսօր կա) իրական ընդդիմությունը, եւ գալու է իր ժամանակը, կամ՝ այս ընդդիմությունն էլ իր նման ձախողվելու է, եւ աղոթում է դրա համար։ Այս մյուս խումբն իբրեւ թե դեմ է ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը, բայց հստակ հրահանգավորվում է իշխանությունների կողմից եւ երկուսին էլ խփելով՝ փորձում է անաչառության դիրքերից խանգարել պայքարին։ Երրորդն էլ թեեւ ինչ-որ կուսակցության անունից է հանդես գալիս, բայց անհատ անձ է՝ իշխանական բարեհաճությանը ձգտող անհայրենիք մի էակ:

Փորձում է տպավորություն ստեղծել, թե ափսոսում է, որ չստացվեց ընդդիմության պայքարը, բայց խոսում է բացառապես Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին, նրանց մեղադրում այսօրվա վիճակի համար, կոչ է անում՝ գնան Արցախ, չգիտակցելով, որ վիրավորում է հազարավոր այն մարդկանց, որոնք փողոց են դուրս գալիս իրենց հայրենիքի համար եւ թքած ունեն, թե ով է կանգնում այդ հրապարակում։ Իշխանության մեջ գտնվողները, ըստ իս, այդքան զազրելի չեն, որքան անհայրենիք սողունների այս բանակը, որն օգտվում է իշխանական սեղանի կրճոններից ու վաճառում հայրենիքը: