Անկեղծ խոսքը շահույթ չի հետապնդում

Անկեղծ խոսքը շահույթ չի հետապնդում

Երեւանի Հանրապետության հրապարակում, «Մանկական Եվրատեսիլ 2022» եւ ամանորյա տոնակատարությունների գրեթե համընկնման պատճառով` հրապարակի աննախադեպ ճոխ լուսավորության աշխատանքները ծայրահեղ քննադատությունների հանգեցրին: Ընդդիմադիրները միաբերան ահազանգեցին, թե մեր պատմամշակութային կառույցների ճակատները պղծել են հազարավոր ծակուծուկերով: Իշխանական թեւն էլ, թե` հրապարակի կառույցների ճակատային անցքերը հայտնի են դեռ շատ հին ժամանակներից: Եվ այսպես, Հանրապետության հրապարակը պարուրող ինքնատիպ կառույցների ճակատային անցքերի ժամանակագրական խառնաշփոթն առատ շահարկումների պատճառ դարձավ:

Փորձենք տարանջատել հին ու նոր ճակատային անցքերը՝ ըստ նրանց ծագումնաբանության եւ իրականացման տեխնոլոգիաների: Իսկ հետո` քաղաքակրթական (ինչ-որ տեղ՝ տեխնիկական, քաղաքական) ընդհանրացումներ անել:

Նախապես հայտնենք, որ մենք նպատակ չունենք գովաբանելու գործող իշխանություններին, առավել եւս՝ «ակտիվ» ընդդիմությանը եւ մոռացության տալ խորհրդային ժամանակաշրջանի թե´ վատը, թե´ լավը: 

Մեր ժամանակների տատիկ-պապիկները կհիշեն, թե ինչպես Ստալինի մահից հետո (1953թ.), հատկապես խրուշչովյան «ձնհալից» (оттепель) սկսած, մեծ շուքով էին նշում (փողոցի խորովածով, քաբաբով, վաֆլիով, լիմոնադով…) նոյեմբերի 7-ը, մայիսի 1-ը: Նախկին Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակ) առաջնահերթորեն զարդարում էին հրապարակը պարուրող կառույցների կամարները: Շիկացման լամպերով կոթառների (патрон) շարանը կրող ծանր ու կոշտ մալուխները (кабель) ամրացվում էին կամարները գրկած, քարե պատերին նախապես ամրացված փայտե շրիշակներին (плинтус): Քանի որ շրիշակից կախված այդ բեռները ծանր էին՝ շրիշակի ամրացման համար պատերի վրա հատիչով (зубило) բացված անցքերը խորն ու լայն էին անում, որպեսզի տարբեր չափերի փայտե խցաբութակներ (дюбель) խցկեն: Եվ այդպես, տասնյակ տարիների լամպե շղթաները մնում էին պատերին կպած: Հերթական տոնից մի քանի օր առաջ, գողացված, պայթած լամպերի տեղերը լրացնում էին նորերով, ստուգում ու տոնի օրը հրապարակը լուսավորում:

Հանրապետության հրապարակը, հատկապես կառավարության տան կառույցը, երկրորդ անգամ խոշտանգվեց Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք: Կառավարական տան ողջ ճակատը «խոյահարվեց» 50-60 սմ երկարությամբ մետաղական ելուստներով, որոնց ծայրերին տեղադրված՝ «գամփռի գլուխ» հիշեցնող խոշոր լուսատուները գիշերը լուսավորում էին քարե պատի նրբատաշ նախշաքանդակները, ցերեկը՝ խոչընդոտում քանդակների ընկալմանը: Եվ այսպես շարունակ, առայսօր: Ի դեպ, ժամանակակից թեթեւ լույսերի նույնքան թեթեւ ու բարակ լարերով կարելի է կենդանի արարածի ճողվածք կարել-կարկատել:

Իսկ ժամանակակից բարակ շաղափով (сверло)` հիվանդ ատամ փորել:
Հնագետ-ռեստավրատորները լավ գիտեն, որ քարե պատի ցանկացած ճաք ու անցք վաղուց ցեմենտով չեն փակում: Դրա համար կան հարյուրից ավելի տեսակ ժամանակակից սոսինձներ, մածիկներ (замазка), ցանկացած գույնի պիգմենտներ, մածկումի (шпаклевка) համար՝ մածուկներ (паста)։

Հերթական անգամ «ակտիվ» ընդդիմության ուշադրությունը փորձենք հրավիրել կառավարության տան թիվ 3 մասնաշենքի վրա, որի մուտքի առջեւ «ակտիվիստները» պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում: Կառույցի երգեհոնատեսք ճակատը շարունակում է ապականվել «քաղցկեղածին բուշտերով»՝ խոշորածավալ օդորակիչներով: Այդ մասնաշենքում են հանգրվանել նախարարություններ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության վարչությունը: Օրվա ընթացքում հարյուրավոր պաշտոնյաներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ թիվ 3 մասնաշենք են ելումուտ անում ու սովորական աչքով տեսանելի իրողությունը դիտարկելու համար, ըստ որոշ վերլուծաբանների, հանրային ընկալում չունեն: Թույլ տվեք չհամաձայնել. Դրա համար պետք է տեսածը հանրությանն անկեղծորեն ներկայացնել: Իսկ անկեղծ լինելու համար պետք է անկեղծ խոսել իմանալ: Դե, անկեղծ խոսքը շահ չի հետապնդում:

Մեկ ուշագրավ փաստ եւս․ Երեւանի Հանրապետության հրապարակի կառույցները «ծակուծուկ» անելու մտահոգությամբ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի անդամները հանդես եկան զգուշավորության կոչով: Արդեն զարմանալի չէ, որ զգուշավորության կոչը «չնկատեցին» մտավորականության մյուս օջախները՝ ՀՀ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների միությունները: «Չկա հանրային ընկալում» հայեցողությունը մտավորականներին էլ չի խնայել:

ՀԳ  1. Ինչպե՞ս չուրախանալ, երբ երեւանյան «Մանկական Եվրատեսիլն» աշխարհի բոլոր երեխաների տոնը դարձավ:

2. Ինչպե՞ս չուրախանալ, երբ պատերազմող երկրների՝ իրենց մանկությունը կորցրած երեխաները համոզվեցին, որ երեւանյան «Եվրատեսիլն» իրենց էր նվիրված:

3. Չուրախանա՞նք, որ երեւանյան «Եվրատեսիլով» Հայաստանը մի քանի ժամ հայտնվեց աշխարհի բոլոր ժողովուրդների, պետությունների, ուշադրության կիզակետում:

4. Չուրախանա՞նք, որ երեւանյան «Եվրատեսիլը» աշխարհի քարտեզի վրա Հայաստանի անկախ պետականության սուբյեկտիվությունը վերահաստատեց:

5. Իսկ կյանքն իր դաժանություններով շարունակվում է:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ