Մակրոնը մեկուսացած է եւ ամբարտավան, նա կպարտվի․ Տիգրան Եգավյան

Մակրոնը մեկուսացած է եւ ամբարտավան, նա կպարտվի․ Տիգրան Եգավյան

Ֆրանսիայում մարտի 28-ին տեղի ունեցավ համազգային 10-րդ գործադուլը՝ ընդդեմ կառավարության ընդունած կենսաթոշակային բարեփոխումների օրենքի։ Երկրում ներքաղաքական լուրջ ճգնաժամ է հասունանում, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են նախագահ Մակրոնի հրաժարականը։ Ի՞նչ զարգացումներ սպասել այս իմաստով, որքա՞ն անզիջում կարող են լինել երկրի իշխանություններն այս հարցում, եւ, ի վերջո, ինչպիսի՞ն է ֆրանսահայ համայնքի վերաբերմունքն այդ ամենին։ «Հրապարակ»-ի զրուցակիցը ֆրանսաբնակ լրագրող, արեւելագետ Տիգրան Եգավյանն է։

- Ֆրանսիան համակվել է համազգային գործադուլների, բողոքի զանգվածային ակցիաների «տենդով»․ հասարակությունն ու քաղաքական գործիչները դժգոհ են կառավարության ընդունած կենսաթոշակային բարեփոխման մասին օրենքից, նախագահ Էմանուել Մակրոնից։ Այն, որ տվյալ օրենքն ընդունվեց առանց խորհրդարանի վավերացման, այսպես ասած՝ իմպերատիվ ձեւով, ֆրանսիացիները համարեցին ժողովրդավարության կոպտագույն խախտում։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

- Նախագահ Մակրոնը մի քանի տարի ծրագրել էր այս անհրաժեշտ բարեփոխումը, սակայն «դեղին բաճկոնների» շարժումը, COVID-19 համաճարակը եւ Ուկրաինայի պատերազմը հետաձգեցին դրա կիրառումը։ Նրան ակնհայտորեն պակասում էին մանկավարժությունը եւ հարգանքը սոցիալական գործընկերների եւ ողջ քաղաքական խավի նկատմամբ։ Մինչդեռ Ֆրանսիան ավելի, քան երբեւէ, բարեփոխումների կարիք ունի՝ ժողովրդագրական եւ տնտեսական պատճառներով: Իմ երկիրը ողբալի պատկեր է տալիս. աղբի, մոխրի ու փլատակների լանդշաֆտ: Դա իսկական քաղաքական ու սոցիալական ավերակների դաշտ է։ Թեեւ բարեփոխումը մնում է համեստ եւ հիմնված է ժողովրդագրական անհաշտ դիտարկման վրա, Ֆրանսիան  էկզիստենցիալ ճգնաժամ է ապրում, որտեղ ամեն ինչ տատանվում է՝ կառավարությունը, Ազգային ժողովը եւ փողոցը: Այս անհամաչափությունը չի կարելի վերագրել բացառապես հանրապետության նախագահի ոչ պոպուլյար լինելուն եւ նրա նախարարների անշնորհքությանը։ 
Դա շատ ավելի խորը տհաճություն է, որը ջրի երես է բարձրանում մի երկրում, որը հետապնդում է իր տնտեսական անկումը, իր մշակութային մասնատվածությունը, ծերացումը: Հասարակությունը մասնատված է մեգապոլիսների եւ գյուղերի, քաղաքների կենտրոնների եւ արվարձանների միջեւ, որտեղ ներգաղթյալ ծագում ունեցող բնակչությունը չի ինտեգրվում: Պարտքի շեմը շատ մտահոգիչ է, այն գերազանցել է 3 հազար միլիարդ եվրոն, իսկ տոկոսադրույքների աճը երկարաժամկետ հեռանկարում ճգնաժամային շրջան է հուշում։ Այլեւս չկա միավորող պատմություն: Եթե Էմանուել Մակրոնը բաց թողնի, կկորցնի իր խաղադրույքը եւ այլեւս չի կարողանա նախկինի պես կառավարել։ Եթե նա պահպանի բարեփոխումները, ապա շատ թուլացած դուրս կգա։ Նա այժմ պետք է պայքարի սոցիալական ճակատում՝ վերսկսելով երկխոսությունը չափավոր արհմիութենական ուժերի հետ, իսկ քաղաքական ճակատում՝ կառուցելով գոյություն չունեցող խորհրդարանական մեծամասնություն։ Երկու դեպքում էլ նա կպարտվի: Նրա գլխավոր թուլությունը մեկուսացվածությունն ու ամբարտավանությունն են։

- Բողոքի զանգվածային ակցիաներ են նաեւ Իսրայելում, որտեղ քաղաքացիները դժգոհ են կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների գործընթացից։ Այնտեղ, սակայն, վարչապետ Նեթանյահուն եւ նախագահ Հերցոգը տեղի են տվել ընդդիմության պահանջներին եւ առկախել գործընթացը։ Ֆրանսիայում նման բան հնարավոր համարո՞ւմ եք։ 

- Ճիշտն ասած, Ֆրանսիայի ճգնաժամի եւ Իսրայելի համեմատությունը տեղին չէ։ Իսրայելը չափազանց խոցելի ժողովրդավարություն է, քանի որ, ի տարբերություն Ֆրանսիայի, չկա Սահմանադրություն, չկան զսպումներ եւ հակակշիռներ, բացի Գերագույն դատարանից, եւ միջնորդ մարմինները չափազանց խոցելի են:

- Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցները, հայկական կազմակերպություններն ու միությունները ի՞նչ դիրքորոշում ունեն երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի հարցում, ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերմունքը։

- Ֆրանսիայի հայ համայնքը սպասողական վիճակում է. այն միայն խիստ սահմանափակ կերպով է մասնակցում երկիրը գրգռող բանավեճերին։ Ցավոք սրտի, նրա ղեկավարների իներցիան, օրակարգի ու տեսլականի բացակայությունը խանգարում են համայնքային ուժերին՝ արդյունավետ ու սպասված դերակատարում ունենալ։ Որովհետեւ ֆրանսահայությունն ընդհանրապես հայտնի է իր քաղաքական մշակույթով՝ սփյուռքի մասշտաբով։ Այնուամենայնիվ, ես դինամիկա կրող հեռանկար չեմ տեսնում: Ինչպես Ֆրանսիայի բոլոր քաղաքացիները, հայ համայնքը վրդովված է հանրային ծառայությունների վատթարացմամբ, սոցիալական խավերի միջեւ աճող անջրպետով եւ ծայրահեղ ձախ եւ ծայրահեղ աջ կուսակցությունների աճով:

Արա Ալոյան