«Հրապարակ». Հազար իրավունք են խախտել, մի անմեղության կանխավարկածն ի՞նչ է, որ չխախտեն

«Հրապարակ». Հազար իրավունք են խախտել, մի անմեղության կանխավարկածն ի՞նչ է, որ չխախտեն

Մարտի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ խոսելով պատերազմում պարտության պատճառների մասին, այս անգամ էլ պարտության թիվ 1 պատճառ համարեց բանակում «հինգերորդ շարասյան» գոյությունը։ Նշենք, որ «հինգերորդ շարասյուն» տերմինով բնութագրում են պատերազմների ժամանակ թիկունքից հարվածողներին, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «հինգերորդ շարասյուն» են կոչվել տարբեր երկրներում գործող նացիստական գործակալությունները, որոնք օգնում էին ֆաշիստական զորքերին՝ զավթելու այդ երկրները։ Փաշինյանն իր խոսքում ակնարկել է, թե ում նկատի ունի «հինգերորդ շարասյուն» ասելով․ «Իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա։ Այսօր հիսունից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ եւ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ նրանց գլխին գործ են սարքել։ Այլ հոդվածներով կալանավորված բարձրաստիճան զինվորականներ ունենք։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց կալանավորի, իմ համար զարմանալի բան եղավ։ Մեկ էլ տարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից․․․ իմացա, որ դատաիրավական համակարգին միջնորդել են, որ կլինի՞ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն։ Երբ իմացա․․․ բա դուք չէի՞ք ասում, որ պետք է բացահայտվի, թե ինչ է եղել ռազմի դաշտում, թե Շուշին ով է տվել, թե ոնց է ընկել Շուշին։ Որ ասեք՝ դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա է եղել պլանը։ Այդ ամենը ՀՀ անկախության դեմ եւ պետականության դեմ է եղել, ոչ թե միայն իմ իշխանության»։

«Շուշիի գործով» կալանավորված բարձրաստիճան սպան Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն է, սակայն նրան ոչ թե «հող հանձնելու» կամ «լրտեսության ու պետական դավաճանության», այլ ծառայողական պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու մեղադրանք է առաջադրվել: Արզումանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա մեղքը դեռեւս որեւէ կերպ ապացուցված չէ, այսինքն՝ այս պահի դրությամբ Միքայել Արզումանյանն անմեղ է։ Արզումանյանի կալանքը երկարաձգվել է փետրվարի 27-ին, նա կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ին։ 

Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ զրուցեցինք Արզումանյանի փաստաբան Արսեն Բաբայանի հետ՝ հարցրինք, թե ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ Հայաստանում մարդկանց վրա գործ կարել հնարավոր չէ։ «Գործ կարելու պրոցեսներին լրագրողները, հատկապես՝ Դուք, շատ-շատ եք հանդիպել, ամեն ինչ էլ տեսել եք։ Դե հիմա սուտասան մարդ է, մի բան էլ ասել է, ինչո՞ւ եք լուրջ վերաբերվում»,- արձագանքեց Բաբայանը։

Նրան հարցրինք՝ Փաշինյանի այս հայտարարությունները կարո՞ղ են ազդել այդ գործերի քննության ընթացքի վրա, արդյո՞ք սա երկրի ղեկավարի կողմից այդ գործերի ընթացքը կանխորոշելուն ուղղված խոսք չէ, քանի որ դատարանները նրա խոսքը կարող են ընկալել որպես պատվեր։ «Այդ հայտարարությունները շատ ուղիղ ազդեցություն կարող են ունենալ։ Իրավական առումով եթե քննարկենք, ապա այդ անձը մեր երկրի վարչապետը պետք է չլիներ՝ առնվազն իրավական պետության բազմաթիվ սկզբունքները քանդելու պատճառով։ Մենք գիտենք, որ կառավարության նիստերի ընթացքում իրենք նախաքննություն են անում, դատաքննություն են անում․․․։ Այնպես որ, իրենք միշտ այդպես են արել, միշտ իրավական պրոցեսների վրա թքած են ունեցել, ինչպես ուզել` արել են։ Եթե դատավորները լինեն Մնացական Մարտիրոսյանն ու Կարեն Ֆարխոյանը, ապա Փաշինյանի հայտարարությունները միանշանակ կընդունեն որպես ուղենիշ, ասեմ ավելին՝ նույնիսկ այդ հայտարարությունները լսելու կարիք էլ չի լինի, դատախազությունը ինչ կբերի, կհաստատենք, կգնա։ Այդ ամեն ինչը դատավորից է գալիս»,- պատասխանեց Բաբայանը։

Թեեւ Փաշինյանն իր ելույթում անուններ չի նշում, սակայն ակնհայտ է, որ նման գործերով մեղադրյալներից յուրաքանչյուրը կարող է համարել, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն նկատի ունի՝ «հինգերորդ շարասյուն» ասելով։ Բաբայանին հարցրինք՝ արդյոք այդ անձանց անմեղության կանխավարկածն անուղղակի կերպով չի՞ խախտվում։ «Անմեղության կանխավարկածի իրավունքը, որպես անձի իրավունք, էն ամենաոչէական իրավունքներից է դարձել․․․, ի՜նչ իրավունք ասես՝ խախտել են․ մարդկանց ազատության, տեղաշարժի իրավունք են խախտել, անձնական անձեռնմխելիության իրավունք են խախտել, հազար իրավունք են խախտել իշխանությունները, հիմա մի հատ անմեղության կանխավարկածն ի՞նչ է, որ չխախտեն»,- պատասխանեց Բաբայանը։