Ողնաշար ունեցեք

Ողնաշար ունեցեք

Մի կողմից՝ իսկապես աշխարհաքաղաքական ծանր իրավիճակ եւ օբյեկտիվորեն շատ բարդ կացություն, որտեղ ամենահմուտ ղեկավարներն անգամ կարող էին սայթաքել եւ երկիրը տանել փորձությունների ճանապարհով: Իսկ նման անփորձ ու մեծամիտ իշխանությունների դեպքում այդ վտանգները տասնապատկվում են, իրավիճակը դառնում է առավել օրհասական, եւ լուծումները` ավելի բարդ:

Մյուս կողմից, մեր հանրության այս շփոթահար, չկողմնորոշված վիճակն ու էմոցիոնալ անկայունությունն են ավելի բարդացնում դրությունը: Բայց հատկապես բարդ է բարձր պաշտոն զբաղեցնող անձանց վիճակը, որոնք այնքան կամք ու վճռականություն չունեն, որ հակադրվեն իրենց վերադասին եւ նրա կամքին ու որոշումներին դեմ գնան՝ թույլ չտալով, որ երկիրը սխալ ուղով գնա, գոնե` լոկալ համակարգային խնդիրների լուծման ժամանակ:

Թվում է` ի՞նչն է խանգարում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ նա մի քիչ սկզբունքայնություն եւ համառություն դրսեւորի, թույլ չտա, որ Բրյուսովի անվան համալսարանն ավերեն, նախկին ռեկտորին հեռացնեն եւ կոլեկտիվի, ուսանողության կողմից մերժվող անձին` ուժային ճանապարհով, նշանակեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ի՞նչն էր խանգարում Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին` հրաժարվել իրեն առաջարկվող այդ աթոռից, որն իրենը չէ, եւ որին իրեն նստեցնում են միայն մի նպատակով` նախկին ռեկտորից ազատվելու մութ ու անհասկանալի ցանկությամբ:

Ի՞նչն է խանգարում բուհական համակարգին, մյուս ռեկտորներին` միավորվելու եւ «Բրյուսովի» մեջքին կանգնելու: Չէ՞ որ ակնհայտ է, որ այդ ուղտը վաղը կարող է բոլորի դռանը չոքել: Եթե Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանն են հայտնվում Փաշինյանի սեւ ցուցակում, ինչո՞ւ չեն կարող վաղն այդ ցուցակում հայտնվել Արմեն Մուրադյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը: