Գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին

Գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին

 Իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, «արևմտյան էքսկուրսիաները» նմանեցնում եմ արբունքի շրջանում գտնվող տղեկների վարքագծի։ Էն որ բեղի տեղ աղվամազ է դեռ ու  փորձում են կայանալ ճանաչված  տղերքի հաշվին։ Կայացումը հիմնականում կատարվում է սելֆիների, օդը տատանող նույնանման  բառերի ճոճումով։ Որպեսզի ավելի տպավորիչ լինի, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ամերիկա կամ այլ տեղեր՝  երկրի առաջին դեմքի մակարդակով, գնում են իրենց կանանց, քյորփեքի հետ միասին։ Ասել է թե՝ տեսեք, Գերմանիայի կանցլերի հետ այնպիսի մոտիկ, ընտանեկան հարաբերությունների մեջ ենք, որ երեխեքին առած գնում ենք։ Արդյունքում գեղեցիկ սելֆիներից, վերամբարձ, հուզառատ ճառերից  բացի Հայաստանը ոչինչ չի շահում։ Բայց Հայաստանում մի զանգված կա, որ մտածում է՝ տեսեք, ի՜նչ տղերք են է՜, հետևներին Ֆրանսիան, Անգլիան․ Ամերիկան է կանգնած, ո՜նց են ընդունում․․․ Կոմունիստների ժամանակ ճռճռան, պսպղուն թղթերով շոկոլադ կար։ Թղթերի շքեղ փայլից երեխեքը «գետնին էին տապալվում» , բայց երբ բացում և ուտում էինք, մեջը  շոկոլադ չկար՝ շոկոլադի բարակ մաշկ էր։ Բայց դե շատ էժան էր, թուղթն էլ ճռճռան։

Հիմա իշխանության «թան չտեսածները»։ Մի այնպիսի տեսքով են գերտերությունների ղեկավարների հետ «դոշ տալիս», որ չես իմանում՝ ծիծաղե՞ս , թե՞ լացես։ Ժողովրդական մի լավ խոսք կա՝ «Էս հի՞նչ մյարթ ա, կյանքըմը վեչ թան ա տեհալ, վեչ թընաման»։ Իրոք, այդպես է։ Ցավալի է, բայց պետական ոչ մի դուռ չանցածների համար գերտերությունների ղեկավարների հետ սելֆի անելը, ինքնաթիռում քյորփեքի հետ նկարվելը ու աշխարհով մեկ անելը  «մի այլ տեսակի կայֆ է»։ Իրենց չուզողները կտեսնեն ու կսատկեն։ Իսկ չուզողները միայն իրենց երկրի քաղաքացիները չեն, ինչ որ երկրների էլ «նշմար են տալիս»։ Վերջին սելֆիները Ֆրանսիայից են։ Մակրոնի հետ ձեռքսեղմումներ, քնքշանվաղ բառեր։ Այս ամենը նրա համար, որ Հայաստանում ապահովության թմբիր լինի՝ տեսե՜ք Ֆրանսիան․․․ Ադրբեջանն էլ հո չի՜ փրփրել՝ ո՜նց է համարձակվել Մակրոնն ասել, որ հայկական կողմի 4 զոհը Ադրբեջանին անհամաչափ պատասխանն էր։ Ու դրանից ավելի է խորանում հանգստության թմբիրը՝ Մակրոնը մեզ կպաշտպանի՜․․․ Բայդեն պապիկը ուշաթափ է լինում մեզ համար։ 

Քաղաքականության մեջ համբույրները միջակետեր են, որոնց բովանդակությունը  պիտի կարողանալ հասկանալ՝ ի՞նչ են քողարկված համբույրների տակ․․․ Հենց միջակետային քայլերն են, որոնք չի տեսնում այս իշխանությունը և շարունակում է «սելֆի խաղալ»։ Լեռ Կամսարը նման իրադրության մեջ մի լավ արտահայտություն ունի․ «Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է»։ Կամ պետք է ճանաչես, որ դու անկարող ես երկիր պահել, կառավարել, կամ պետք է կործանես երկիրը։ Ընտրվել է երկրորդ տարբերակը։ Եվ մեծ երգիծաբանի խոսքերով ՝ «Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին»։