Կարելի է, իհարկե

Կարելի է, իհարկե

Կարելի է, իհարկե, ընդդիմադիրներին լցնել բանտերը, նրանց դեմ ստալինյան ժամանակների ոգով գործեր հարուցել, ասենք՝ առաջնորդի կյանքի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Կարելի է լրատվամիջոցների դեմ դրակոնյան օրենքներ ընդունել՝ սահմանափակելով նրանց ֆինանսավորման աղբյուրները եւ ազատ խոսքի իրավունքը։ Կարելի է բոլոր դատավորներին պատժել կամ փոխել, մանավանդ նրանց, ովքեր երբեւէ իշխանությունների շահերից չբխող որոշումներ են կայացրել։ Կարելի է պարտադրել մեծահարուստներին, որ առանց դատ ու դատաստանի «մուծվեն» բյուջե կամ ՔՊ-ին, գուցե՝ անհատ անձանց, իսկ ով հրաժարվում է, բանտարկել եւ քննություն չանել ամիսներով, մինչեւ համաձայնեն կատարել իշխանական պահանջները։

Կարելի է դպրոցներում, բուհերում եւ, առհասարակ, բոլոր պետական հիմնարկներում երկուական տնօրեն սահմանել, մեկը՝ ընտրովի, մյուսը՝ նշանակովի, որ նախ՝ իրար միս ուտեն, երկրորդ՝ կառավարելի լինեն իշխանության կողմից։ Կարելի է բոլոր բարձր պաշտոնյաներին փոխել՝ նշանակել չքավոր ու տգետ մարդկանց, որոնք երբեք իրենց կյանքում այդտեղ չէին հայտնվի, եթե «վերին» կամքը չլիներ։ Կարելի է նորից խոշորացնել համայնքները, որպեսզի նոր ընտրություններ կազմակերպելու հնարավորություն ստեղծվի, եւ նոր՝ ավելի վստահելի համայնքապետեր կարգելու, որոնք հնազանդորեն կկատարեն Երեւանից եկող հրահանգները։

Ամեն ինչ կարելի է անել, երբ դու իշխանություն ես։ Բայց պետք է հասկանաս, որ ընդդիմադիրները մի օր դուրս կգան բանտերից, որ լրատվամիջոցները կգտնեն աշխատելու ձեւը, որ միշտ կհայտնվեն անկախ դատավորներ, որ միջազգայինները մի օր կխոսեն ապօրինություններիդ մասին, որ տգետ պաշտոնյաներդ քեզ ավելի շատ կխայտառակեն եւ, վերջապես՝ ընտրողը մի օր կձախողի պլաններդ եւ կքվեարկի մրցակիցներիդ օգտին։