«Հրապարակ». Այսպես շարունակվի` Արցախը մոռացության են մատնելու

«Հրապարակ». Այսպես շարունակվի` Արցախը մոռացության են մատնելու

Մարտի 20-ին արցախցիներն Ազատության հրապարակում ակցիա արեցին, ապա հայտարարություն տարածեցին` կառավարությանը 15 պահանջ ուղղելով: Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին հարցրինք` պահանջել եք «ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ՝ Արցախի ժողովրդի վերադարձի եւ պատմական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ» ապրելու համար։ Միջազգային հանրություն ասելով ո՞ւմ նկատի ունեք, ի՞նչ երաշխիքներով է հնարավոր անվտանգություն ապահովել:

- Ռուս խաղաղապահները, լինելով Արցախում, ոչինչ չարեցին: Անգործության մատնված՝ ոչ մի քայլ չձեռնարկեցին, չապահովեցին մեր անվտանգությունը, միայն ապահովեցին, որ մենք անվնաս դուրս գանք Արցախից, բայց հո դրա համար չէ՞ խաղաղապահը: Ի՞նչ ասեմ, երեւի ռուսն էլ չէր հավատում, որ ղարաբաղցին իր ոտքով վեր կկենա, կգնա իր երկրից: Փաստն այն է, որ ռուսն անգործության մատնվեց, լավ էլ տեղյակ էին, որ կռիվ է սկսվելու: Միջազգային հանրություն ասելով` աշխարհին նկատի ունենք, նրանց, ովքեր չեն ծախվել Ադրբեջանին եւ կարող են մեր անվտանգությունն ապահովել: Վերջապես, եթե այսպես շարունակվի, Արցախը մոռացության կենթարկվի: Հայաստանում Արցախի հարցը քչերին է հետաքրքրում, իսկ մարդիկ ուզում են իրենց տները վերադառնալ:

- Բայց կոնկրետ ո՞ր երկրների հետ եք հույս կապում` ԱՄՆ, Եվրոպա:

- Ես ոչ մեկի հետ հույսեր չեմ կապում: Իմ հույսը մենք ենք: Պետք է 90-ականների նման ուժեղանանք, ու ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարողանանք մեր իրավունքները պաշտպանել: Տարիներ շարունակ խաղաղություն էլ է եղել, անվտանգություն էլ, բայց դե՝ կամաց-կամաց ամեն ինչ քանդեցին, դրա համար էլ հասանք էս օրին: Ես ոչ մեկին չեմ հավատում, ով գալիս է, սուտ է դուրս գալիս:

- Նշում եք նաեւ, որ արցախցիներին Հայաստանում պետք է տեղավորել ըստ համայնքների: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

- Դե, քանի որ մարդիկ միշտ իրար հետ են ապրել, ճիշտ կլիներ հենց այդպես անել: Խառը բնակեցնելը սխալ է: Մարդիկ գնալ-գալ են ունեցել, ծանոթ, ընկեր, բարեկամ, ի վերջո, հարազատացել էինք: Միտինգի ժամանակ էլ շուշեցիներն իրար կողք էին կանգնել, հադրութցիները` իրար, զրուցում էին, կարոտն առնում:

- Օրինակ` որտե՞ղ կցանկանաք, որ շուշեցիներին բնակեցնեն:

- Լավ կլինի՝ մի այնպիսի քաղաքում, որը նման կլինի Շուշիի բնությանը, կլիմային: Մարդիկ սովոր են սառը, մաքուր օդին, չեն կարողանում Արարատյան դաշտավայրում ապրել: Ես անգամ Ստեփանակերտում չէի կարողանում գիշերը քնել, որ ժամն էլ որ լիներ, գնում էի Շուշի: Մարտունիում խաղողագործություն է եղել, մարտունեցիները կարող են Արարատյան դաշտավայրում ապրել: Նայած՝ ով ոնց….

- Նշել եք, որ խտրականություն չպետք է լինի, բոլորը պետք է ստանան աջակցություն: Ի՞նչ խտրականության մասին եք նշում:

- 2023-ին տեղահանվածներին 40+10 տալիս են, 100 հազար էլ առանձին են տվել, բայց 2020-ին տեղահանվածներին ոչ մի բան չեն տալիս: Բայց այդ մարդիկ էլ են տեղահանված, վարձեր են տալիս ահռելի: Մինչեւ հիմա կան մարդիկ, ովքեր 100 հազարը չեն ստացել, ասում են` դուք Ղարաբաղում չեք եղել: Մի խայտառակ վիճակ է: