Նախագահներից ով ինչով ժամանեց Հայաստան

Նախագահներից ով ինչով ժամանեց Հայաստան

Երեկ ողջ օրը ՀՀ պետական ապարատը զբաղված էր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին դիմավորելով։ Այսօր, հիշեցնենք, Երեւանում տեղի է ունենալու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։ Ամենուր ներկայացուցչական դասի մեքենաներ էին՝ ԱԳՆ-ի ARM պետհամարանիշներով, որոնք դիմավորում էին Հայաստան ժամանած պատվիրակություններին։ Առաջինը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովին սպասարկող ռուսական Տու-154 մակնիշի նախագահական օդանավը։ 1993 թ․ արտադրության այս օդանավն ամենահին եւ համեստ նախագահական օդանավերից է՝ ի տարբերություն Հայաստան ժամանող մյուս երկրների «թիվ մեկ բորտերի»։ Մյուսներն ավելի թարմ եւ շքեղ են՝ եվրոպական Airbus կամ ամերիկյան Boeing մակնիշի մոդելներ՝ շքեղ կոմպլեկտավորմամբ։ Հաջորդը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին սպասարկող Boeing 767-300ER ինքնաթիռը ժամանեց Երեւան։ Ի դեպ, սա Լուկաշենկոյին սպասարկող միակ օդանավը չէ։

Նա վերջերս ձեռք է բերել եւս մեկ Boeing՝ գերժամանակակից 738BBJ, որն արտադրվում է հատուկ առաջին դեմքերին սպասարկելու համար։ Ավելի ուշ «Զվարթնոցում» դիմավորեցին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին։ Նա որպես դիտորդ է մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Դոդոնը, ի դեպ, Երեւան ժամանեց սովորական չվերթով՝ ոչ թե նախագահական օդանավով, քանի որ նա, ինչպես հայտնի է, նախընտրում է թռչել հասարակ մահկանացուների պես, հաճախ՝ էկոնոմ դասով։ Նրանց բոլորին դիմավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նրան ուղեկցում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրան դիմավորեցին արդեն օդանավակայանի շենքի մոտ, ոչ թե օդանավի, ինչպես մյուսներին։

Ի դեպ, ի տարբերություն մյուս նախագահների՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բավականին ջերմ ողջագուրվեց։ Տպավորություն էր, թե Գրիգորյանն ու Լուկաշենկոն վաղեմի ընկերներ կամ մտերիմներ են։ Մոտ մեկ ժամ անց վայրէջք կատարեց նաեւ որպես դիտորդ հրավիրված Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասարկող Airbus A321-ը, ապա նաեւ՝ ԵԱՏՄ անդամ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին սպասարկող Airbus A330 օդանավը, որը նույնպես միակ նախագահական օդանավը չէ Ղազախստանի ավիապարկում։

ԵԱՏՄ անդամ երկրներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է Երեւան ժամանելու այսօր եւ չի գիշերելու՝ կմնա ընդամենը մի քանի ժամ եւ կվերադառնա Ռուսաստան։ Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ Պուտինի գրաֆիկում մոտ կես ժամ պատուհան է լինելու, որը դեռ հայտնի չէ, թե ինչպես է օգտագործելու ՌԴ նախագահը։