Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է

Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» ներկայացրած նախագիծն ընդգրկված է այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգում։ Նախագիծը նախ կքննարկվի, ապա կկազմակերպվի փակ քվեարկություն։ Իշխանությունը, ըստ ամենայնի, մտահոգություններ ունի այս ճանապարհով Թովմասյանի հրաժարականին հասնելու հարցում, դրա համար էլ ձեռքերը ծալած չի նստել՝ ՍԴ նախագահի շրջապատը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Քրեական գործեր են հարուցում, ձերբակալում են։ Շաբաթ օրը ձերբակալեցին Հրայր Թովմասյանի հերթական սանիկին՝ Նորայր Փանոսյանին՝ նոտարական գրասենյակի սեփականաշնորհման գործով։ Փանոսյանը Թովմասյանի երկրորդ սանիկն է, որը ձերբակալվում է։ Նա, ի դեպ, առողջական խնդիրներ ունի, գանգատներ սրտից։ Մոտ 10 օր առաջ ձերբակալեցին Թովմասյանի սանիկ Քոչար Խաչատրյանին։ Նա ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի նախկին պետն է,  կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման մեջ: 

Շատերի կարծիքով՝ իշխանությունն այս քայլերով հոգեբանական ճնշում է փորձում գործադրել ՍԴ նախագահ Թովմասյանի վրա, որ նա կամովին հրաժարական տա։ Ինչը նշանակում է, որ նրան պաշտոնանկ անելու իրավական գործընթացն այնքան փխրուն է եւ չհիմնավորված, որ իշխանության հույսը մնում են ուժային մեթոդները։ ՍԴ-ի դեմ են հանված բոլոր ուժերը՝ խորհրդարանից մինչեւ ուժային կառույցներ, գործադիրի ներկայացուցիչներից մինչեւ ստատուսչիկներ։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի ողջ շրջապատն ու սանիկները Հայաստանի թիվ մեկ կոռումպացվածներն էին, ապա միեւնույն է՝ նրանց պատասխանատվության ենթարկելու փորձերն այս պահին միմիայն քաղաքական ճնշումների տպավորություն են թողնում։

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՐԱՐՔՈՒՄ ԷԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԿԱ՞Ն

Բանն այն է, որ նույնիսկ խորհրդարանում չի հաջողվում կոնսենսուս ապահովել այս նախագծի շուրջ։ Չնայած ԼՀԿ-ն դեռեւս պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ընթացքում պաշտոնապես հայտարարեց, որ կողմ է քվեարկելու՝ բացատրությամբ, թե՝ թող ՍԴ-ն որոշի՝ կա՞ էական խախտում Հրայր Թովմասյանի գործողություններում, թե ոչ, սակայն չկա որեւէ երաշխիք, որ փակ քվեարկության ժամանակ բոլորը կողմ կքվեարկեն, հատկապես, որ խմբակցության իրավաբանների բլոկը ներքին համոզում ունի, որ իմքայլականների ներկայացրած չորս հիմքերը չեն կարող էական խախտում համարվել եւ պատճառ դառնալ Թովմասյանի պաշտոնանկության։

Բացի այդ, «Իմ քայլում» էլ միատարր չեն, եւ նրանք, ովքեր դեմ են ապագա ՍԴ նախագահին՝ Վահե Գրիգորյանին, կարող են դեմ քվեարկել նախագծին, ավելին՝ այստեղ անթաքույց «թեւեր» են գործում, եւ վարչապետի անմիջական հրահանգով սկսված գործընթացը կարող են ոմանք տապալել։ Երեկ ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ իշխանությունների «սանիկաորսից» հետո հնարավո՞ր է փոխեն իրենց դիրքորոշումը՝ այս ամենը չի՞ հուշում, որ գործընթացը քաղաքական է։ «Գիտեք, հուշելը մի բան է, մեր մոտեցումը, որ ասում ենք՝ ՍԴ-ն թող որոշի ու այս ամեն ինչին վերջակետ դնի, դա ուրիշ բան է»,- պատասխանեց Սիմոնյանը։

Նկատեցինք, որ կողմ քվեարկությամբ արդեն իսկ դրսեւորվելու է նաեւ ԼՀԿ-ի դիրքորոշումը, որ իրենք համամիտ են բոլոր ներկայացված հիմքերի հետ։ «Հիմքերն իրավունքի տարր պարունակում են իրենց մեջ, բայց իմ կարծիքը կարող եմ ասել, որ առանձին-առանձին այդ հիմքերը բավարար չեն, թույլ են։ Ամբողջության մեջ վերցրած հնարավոր է, որ դրանք դիտարկվեն կարգապահական խախտում, բայց այստեղ իրավական հարց է՝ արդյոք այդ կարգապահական խախտումներն էակա՞ն խախտում են, թե՞ ոչ էական։ Ես՝ որպես իրավաբան, իմ տեսակետը հակվում է նրան, որ դրանք էական կարգապահական խախտումներ չեն։ Դրա համար ենք ասում՝ եթե կասկած կա հասարակության մոտ, քաղաքական մի ուժն էլ նախաձեռնել է, թող ուղարկեն, եւ ՍԴ-ն որոշի»։ Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալության մասին էլ պատգամավորն ասաց, թե չի ցանկանում շտապ դատողություններ անել․ «Կհետեւենք գործընթացին եւ եթե տեսնենք, որ սրանք քաղաքական հետապնդումներ են, անպայման կարծիք կհայտնենք»։

Դեռեւս անցած շաբաթ հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները խոստացան, որ դիրքորոշման մասին կհայտնեն առաջիկա օրերին, մինչ այդ կքննարկեն, կհասկանան ներկայացված հիմքերը, բայց մինչեւ երեկ նրանք չունեին վերջնական որոշում։ Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ում թեժ քննարկումներ են ծավալվել՝ միանա՞լ, թե՞ ոչ այս գործընթացին։ Բանն այն է, որ խմբակցությունը ժամանակին դեմ է եղել Թովմասյանի ընտրությանը, բայց հիմա սա բոլորովին այլ գործընթաց է։ ԲՀԿ-ում չեն ուզում ջուր լցնել իշխանական ջրաղացին, արդարադատության մասին իշխանության պատկերացումներին, հատկապես, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շրջապատը հայտնվել է իրավապահների թիրախում, եւ չի բացառվում, որ առաջիկայում էլ նոր հետապնդումներ լինեն:

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մեզ հայտնեց, որ իրենք իրավաբանների են ներգրավել այս գործընթացում, որոնք կհիմնավորեն գործընթացի իրավականությունը․ «Մենք, այո, մի քանի քննարկում ենք ծավալել, բայց ոչ թե ասել ենք՝ կողմ ենք միանալուն կամ չմիանալուն, այլ յուրաքանչյուրս մեր կարծիքներն ենք հայտնել, բայց ես չեմ կարող ասել, թե որ կարծիքներն էին գերակշռում։ Ես, օրինակ, ասել եմ, որ, ամեն դեպքում, պետք է նաեւ հաշվի առնել հանգամանքը, որ նախկինում դեմ ենք եղել, ես, իհարկե, անձամբ չեմ մասնակցել Հրայր Թովմասյանի ընտրության քվեարկությանը, բայց կուսակցությունը հայտարարել է, որ դեմ է։ Միեւնույն ժամանակ համաձայն եմ, որ քննարկման բովանդակությունները տարբեր են»։ Սերգեյ Բագրատյանը Թովմասյանի սանիկների ձերբակալության մասին չցանկացավ կարծիք հայտնել, ասաց միայն, որ ինքը դեմ է խնդիրների անձնավորմանը։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ մեզ հայտնեց, որ իրենց դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, կհայտնեն այսօր՝ առավոտյան, խմբակցության նիստից հետո․ «Մենք մնում ենք մեր դիրքորոշմանն անդավաճան՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում։ Մեր իրավաբանները, այո, ուսումնասիրություններ են անում եւ մեզ կտան ամփոփ տեղեկություններ»։