«Երբ Դավթյանին հարցնում են`որքա՞ն գումար է այստեղ, նա ասում է՝ չգիտեմ»

«Երբ Դավթյանին հարցնում են`որքա՞ն գումար է այստեղ,  նա ասում է՝  չգիտեմ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ  առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստին ներկայացվող գործով առկա տեսանյութերի վերաբերյալ առարկություններ ու հայտարարություններ արեցին Դավթյանի պաշտպանները։

Նրանց խոսքով՝ դատախազության կողմից արձանագրված տեսանյութերը կիսատ ու թերի են․ «Երբ Դավթյանին հարցնում են` որքա՞ն գումար է այստեղ, նա ասում է՝ չգիտեմ, իրավապահներն իրեն տալիս են հաշվել ու կրկին ասում է՝ չգիտեմ։ Կիսատ ու թերի է արձանագրությունը»։

Դատախազն էլ հակադարձեց, որ մեղադրական ճառում բոլոր ապացույցները մեղադրող կողմը համապարփակ կներկայացնի։

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց փետրվարի 21-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսանալով, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: