Ավագանու ոչ բոլոր անդամներն էին ներկա քաղաքապետի երդմնակալության արարողակարգին

Ավագանու ոչ բոլոր անդամներն էին ներկա քաղաքապետի երդմնակալության արարողակարգին

Այսօր տեղի ունեցավ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը։ Նա գյումրեցիների առաջ հրապարակավ երդվեց հավատարիմ մնալ ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը և ՏԻՄ օրենքին, պահպանել բոլոր դրույթները և աշխատել ի շահ գյումրեցիների։ Ավագանու անդամներից երկուսը  մոտեցան ամբիոնին, քաղաքապետի վզից կախեցին լանջաշղթան, որը կրել էր նաև Սամվել Բալասանյանը, հանձնեցին Գյումրու խորհրդանշական բանալին։ Քաղաքապետը երդմնակալությունից հետո ստորագրեց  երդման տեքստը, որը կհանձնեն Գյումրու պատմության թանգարանին։

Ուշագրավ է, որ երդմնակալությանը ներկա էին ավագանու 25 անդամներ՝ 14-ը «Բալասանյան դաշինքից», 11-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», իսկ ահա «Զարթոնք», Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու  8 անդամները ներկա չէին արարողակարգին։

Ներկա էր նաև Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ավագ քահանա Տեր Վարուժանը, որը օրհնելով նորընտիր ավագանուն, նշեց, որ ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։« Երեկ երեկոյան սրբազանն իր օրհնություն է տվել քաղաքապետին եւ մտերմիկ զրույց է ունեցել»,-տեղեկացրեց քահանան։