Խախտումներ՝ Միքայելյանների խնամու ղեկավարած բաժնում

Խախտումներ՝ Միքայելյանների խնամու ղեկավարած բաժնում

Կոտայքի մարզպետարանը 2022 թվականին վարչական հսկողություն է իրականացրել մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Հրազդանի համայնքապետարանում եւ համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում: Վարչական հսկողության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնում իրականացված ստուգումների արդյունքներով՝ մանկապարտեզների տնօրենների անձնական գործերում առկա են որոշ բացթողումներ՝ ինքնակենսագրությունները թերի են լրացված: Համայնքում ստուգման ժամանակ գործող 11 մանկապարտեզում 2021թ. նոյեմբերի 1-ի դրությամբ 2-6 տարեկան 1405 երեխա է հաճախում:

Բոլոր՝ գործող 11 մանկապարտեզները դեռեւս չունեն նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն է. «Օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում»: Համայնքի շատ մանկապարտեզներում, համայնքի ղեկավարի համապատասխան իրավական ակտերով, տարբեր ժամանակահատվածներում նշանակվել են ՀՈԱԿ-ների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 84-րդ եւ 85-րդ կետերի պահանջի համաձայն՝ համայնքի ղեկավարը ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակել մինչեւ 6 ամիս ժամկետով, իսկ սահմանված հիմքերով հայտարարված մրցույթը չկայանալու, կասեցվելու դեպքում տվյալ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել 1 անգամ՝ 3 ամիս ժամկետով։

Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց 3 տարի անց Հրազդանի համայնքապետարանը վերջապես ՀՈԱԿ-ների տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարել: Տեղեկացանք, որ Հրազդան համայնքի ղեկավար Սեւակ Միքայելյանը, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 118 կարգադրությամբ, թիվ 8 մանկապարտեզի ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ծովինար Խաչատրյանին, ով, մեր տեղեկություններով, չունի բարձրագույն կրթություն: Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար դեկտեմբերի 13-ին կայանալիք մրցույթին։ «Այո՛, իհարկե»: Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար պարտադիր պայման է բարձրագույն կրթությունը, ունե՞ք բարձրագույն կրթություն։ «Ճիշտն ասած, ես այդքան էլ համոզված չեմ, թե ում հետ եմ խոսում, եւ ինչ է Ձեզ պետք, Դուք կարող եք մոտենալ մանկապարտեզ՝ անձը հաստատող կամ աշխատանքի պաշտոնը հաստատող փաստաթղթով, ես կպատասխանեմ, որովհետեւ դեռ բանավոր ինձ բավարար չէ, թե ում հետ եմ խոսում»:

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանին հարցրինք․ եթե անձը չունի բարձրագույն կրթություն, կարո՞ղ է մասնակցել ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին, եւ եթե մրցույթները բաց են, ապա ուզում ենք ներկա լինել քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին։ «Կա մրցութային հանձաժողով, հանձնաժողովի կազմում միայն 2 հոգի են քաղաքապետարանից, մյուսները տարբեր տեղերից են՝ մարզպետարանից, նախարարությունից: Եթե անձը չունի համապատասխան կրթություն, հանձնաժողովը, միանշանակ, չի ընդունի որպես մրցույթի մասնակից։ Դա՝ մեկ, իսկ մրցույթներին Ձեր ներկա գտնվելու մասով կրկին որոշում է հանձնաժողովը: Կարող եք այդ օրը գալ, հանձնաժողովը կորոշի՝ կողքից ներկա այլ անձ լինի՞ մրցույթին, թե՞ ոչ»,- եղավ Պողոսյանի պատասխանը:

Նշենք, որ քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սոցիալական աջակցության բաժնի պետը Զարիկ Վարդանյանն է, ով այդ պաշտոնին նշանակվել է «Համայնքային ծառայության մասին» օրենքի խախտմամբ: Բաժնի պետ է նշանակվել, քանի որ նա Միքայելյանների խնամին է, եւ ում ղեկավարված բաժնում մեկ տարվա ստուգումների արդյունքներով տարբեր խախտումներ են գրանցվել:

Ի դեպ, շուտով կլրանա Զարիկ Վարդանյանի 66 տարին: «Համայնքային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածը սահմանում է. «Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, համայնքի ղեկավարի որոշմամբ, ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը»: