Ռուսաստանն, արդյոք, հարձակվելու՞ է ՆԱՏՕ-ական որեւէ երկրի վրա

Ռուսաստանն, արդյոք, հարձակվելու՞ է ՆԱՏՕ-ական որեւէ երկրի վրա

Որքան հասկանում եմ, արևմտյան ժողովրդավարությունները մոտենում են ադեկվատության սահմանագծին: Եվ դրանք հայտնվել են ոչ թե պատմության վերջին փուլում (ըստ Ֆրենսիս Ֆուկույամայի), այլ խելագարության փուլում: Փաստորեն, սառը պատերազմում Խորհրդային Միության նկատմամբ հաղթանակով ծայր առած ուրախությունը կարճ տևեց. ընդամենը երեք տասնամյակ: 2022 թվականի փետրվարի վերջին սկիզբ առած ռուս-ուկրաինական պատերազմը բարձրացրեց հակառուսականության հսկայական ալիք: Այն, բնականաբար, զուգակցվեց ռուսական ազդեցությունից սլավոն մեկ այլ ժողովրդի ազատագրման առումով լայնածավալ աջակցությամբ: 2022 թվականի աշնանային ռազմական հաջողությունը հույսեր առաջացրեց, որ շուտով փլվելու է ռուսական կայսրությունը՝ ճիշտ այնպես, ինչպես 30 տարի առաջ փլվել էր խորհրդայինը: Սակայն կիսամյա կադրային նախապատրաստությունն ու սպառազինության մատակարարումը հանգեցրին ոչ թե հարավային ճակատի փլուզմանը, այլ հակահարձակման տապալմանը: Ինչին էլ հետևեց խելագարության վիրուսով համարյա համատարած վարակմանը: Մեկ երկու երկրի (Հունգարիա, Սլովակիս) ղեկավարությունից բացի մնացած բոլորը հանկարծ որոշեցին, որ Վլ. Պուտինը չի կանգնելու Ուկրաինայի արևմտյան սահմանին: Եվ խոսքերը մեկ արած՝ սկսեցին նախապատրաստվել Ռուսաստանի դեմ պատերազմին:

Հաշվի առնելով պատմական փորձը՝ կարելի կլիներ համաձայնել նման դիրքորոշմանը: Սակայն նախկինում գոյություն չուներ ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքը և ո՛չ էլ միջուկային զենք: Դրան գումարած այն հանգամանքը, որ նույնիսկ արևմտյան ղեկավարներն ու լրատվամիջոցներն են խոստովանում, որ վերջինս խիստ հավասարակշիռ անձնավորություն է: Իսկ նման մարդիկ, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, սովորաբար, յոթ չափում, մեկ կտրում են: Բայց քանի որ արևելաեվրոպական երկրների մեծ մասի ղեկավարությունն ընկել է խելագարության նոպայի մեջ՝ Միացյալ Նահանգներում խրախուսում են նման վարքագիծը: Որպեսզի այդ երկրները լրացուցիչ գումարներ ուղղեն սպառազինության ձեռքբերմանը, ինչի հիմնական մատակարարը հենց Նահանգներն է: Ի դեպ, ըստ ռուսախոս տելեգրամյան ալիքների, Նահանգներից Ուկրաինային հատկացված 65 միլիարդ դոլարի սպառազինության 90 (թե՞ 95) տոկոսը արտադրվել կամ ընթացքում արտադրվում էր հենց նույն երկրում: Ինչը նշանակում է, որ օգնության կարգով Ուկրաինային հատկացված գումարի հսկայական բաժինը վերադառնում էր կա՛մ պաշտպանության նախարարությանը և կա՛մ ռազմաարդյունաբերական համալիրին: Ասվածի լույսի ներքո հասկանալի է դառնում, որ ամերիկյան պաշտոնյաները պետք է ամեն գնով աջակցեին ռուսական արջի նկատմամբ եվրոպացիների վախերի առաջացմանը:    

Հաշվի առնելով ռուսական արջի նկատմամբ հատկապես գերմանական վախը՝ սպասելի էր, որ առաջին քայլը պետք է նախաձեռնվեր հենց գերմանացիների կողմից: Գերմանիայի և Լիտվայի պաշտպանության նախարարները ճանապարհային քարտեզ են ստորագրել Բունդեսվերի 4,8 հազար զինվորականներից բաղկացած բրիգադի մշտական տեղակայման համար: Տեղակայման վայրը լինելու է Լիտվայի՝ Ռուսաստանի հետ սահմանը։ Իսկ Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվյերան էլ հայտարարել է, որ իր երկիրն ունի ընդամենը երեք տարի ժամանակ, որպեսզի նախապատրաստվի Ռուսաստանի հետ հավանական առճակատմանը: Թե ինչի՞ն է պետք Ռուսաստանին պատերազմել այդ երկրների հետ՝ դրանց ղեկավարությունը երևի չի էլ մտածել: Ուրիշ հարց, որ հենց այդ երկրները չփորձեն հարուցել սադրանքներ, ինչի մասին մեկ-երկու օր առաջ հայտարարել է ռուսական կողմը: Խոսքն արևելաեվրոպական այդ երկրների ռազմական օդակայանների օգտագործումն է ռուս-ուկրաինական հակամարտության մեջ: Բայց եթե դաշինքի երկրները բանի տեղ չդնեն ռուսական զգուշացումները, ապա հնարավոր է, որ չորրորդ համաշխարհային պատերազմը վարվի նիզակներով՝ ինչպես զգուշացրել է անանուն ամերիկյան լեյտենանտը՝ 1946-ին Բիկինի կղզու վրա իրականացված ամերիկյան միջուկային ռոմբի փորձարկան ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին: