Հունական դատարանի որոշմամբ պոլսահայ մտավորականը կարող է արտաքսվել Թուրքիա

Հունական դատարանի որոշմամբ պոլսահայ մտավորականը կարող է արտաքսվել Թուրքիա

Պոլսահայ մտավորական Սևան Նշանյանին, ով մի քանի տարի առաջ փախել էր թուրքական բանից և ապաստանել Հունաստանում, կարող են արտաքսել Թուրքիա: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է նրա կինը՝ Հերա Ցուրան Facebook-ում:

Ցուրան գրել է, որ 2021-ի դեկտեմբերի 29-ին Հունաստանի կառավարությունը, չվերականգնելով Սևան Նշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու ուժով ձեռք բերված կացության իրավունքը, դեկտեմբերի 30-ին «քաղաքավարի» խարդախությամբ նրան ոստիկանական բաժանմունք է հրավիրել և մեկ ժամ սպասեցնելուց հետո կացության կարգավիճակի ժամկետի մի օր առաջ լրանալու պատրվակով նրան ձերբակալել է»։

«2022թ. հունվարի 3-ին Սիրոսի դատարանը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Դատարանի որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը որ երկիր է լինելու»,- տեղեկացրել է Հերա Ցուրուն։

Նրա կնոջ մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացից եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու նպատակով։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 11 տարով ազատազրկված Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նա քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: 2019թ․ Նշանյանը ՀՀ անձնագիր է ստացել Հունաստանում Հայաստանի դեսպանատանը։

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: