Թող մի թեթեւ պարզաբանեն

Թող մի թեթեւ պարզաբանեն

Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի դափին։
Սայաթ-Նովա

Որեւէ մարդու կամ պաշտոնյայի կերպարին ծանոթանալու համար նրա ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելու «եղանակից» համարյա չեմ օգտվում․ հետաքրքիր չէ։ Ավելին՝ չափազանց մեծ է սեփական էջը բեմ սարքելու ընդհանուր մարմաջը, որտեղ ճշմարտություն փնտրելը հուսալի գործ չէ։ Ահա թե ինչու մեր քաղաքական, պետական գործիչների, պաշտոնյաների ֆեյսբուքյան մտորումներին ու մտահոգություններին  ծանոթանում եմ այնքանով, որքանով դրանք հայտնվում են լրատվակայքերում։

Ահավասիկ նրանցից մեկը՝ Սոֆյա Հովսեփյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, հասարակական գործիչ։

Պատգամավորը  ֆեյսբուքյան մի գրառում է արել, որում ջղային շատ շեշտեր կան, միայն թե՝ անանուն-անհասցե․ ընդամենը հասկացվում է, որ քաղաքացիներն իրեն չափազանց շատ են դիմում սեփական խնդիրներով, նույնիսկ «կենցաղային հարցերով», բնականաբար՝ նրանց որոշ մասը մնում է նաեւ չբավարարված, ինչն էլ անհաճո արձագանքների պատճառ է դառնում։ Բայց՝ «Համբերությունն էլ իր չափն ունի, եւ իմը սպառվեց»,- նեղսրտում է պատգամավորը։
Կարճ ասած՝ հայտնի չէ, թե ինչ է պատահել, սակայն հայտնի է, որ պատգամավորը հոգնել է, ընդ որում՝ այնքան, որ որոշել է  քաղաքացիների հետ շփվել միայն պատգամավորական աշխատանքի ժամերին։ 

Անկասկած՝ իր իրավունքն է։
(Միջանկյալ ասեմ, որ տիկնոջ գրառումից տպավորություն էր ստացվում, թե դա, այնուամենայնիվ, արվել է շահախնդիր նպատակով (տեսեք՝ ինչ բազմազբաղ  եւ պահանջված պատգամավոր եմ ես), եւ սա կարող է լինել այդ գրառման վերն ակնարկված «բեմական» մասը։ Բայց եթե նույնիսկ տպավորությունն իրականությանը համապատասխաներ, դարձյալ որեւէ արտառոց բան չէր լինի դրանում)։

Ամբողջ խնդիրն այն է, որ  գրառման մեջ տիկինը նաեւ «նորմ» է ներմուծում, ըստ որի՝ իրեն՝ իբրեւ պատգամավորի, կարող են դիմել միայն․․․ Շիրակի մարզի բնակիչները։ «Հիմնավորումն» այն է, որ ինքն ընտրվել է Շիրակից, հետեւաբար, պատասխանատու է միայն այս մարզի բնակիչների առաջ։ Սա աննախադեպ «խնդրանք, հորդոր, պահանջ» է (պատգամավորի ձեւակերպումն է), որովհետեւ առաջին անգամ է կարծես, որ հանդիպում ենք պատգամավորական աշխատանքի այսօրինակ սահմանազատման։ Հազիվ թե իրեն՝ Ս․ Հովսեփյանին էլ բավարարի իր՝ որպես պատգամավորի հանրային այնպիսի ընկալումը, թե ինքը միայն շիրակցիների պատգամավորն է։ 
Իշխանությունների՝ հասարակությանը սեւերի ու սպիտակների բաժանելու քաղաքականությունը կարծես տեղափոխվում է երկրի խորհրդարան, եւ հիմա էլ կարող է ձեւավորվել բաժանարարության մեկ այլ՝ տարածքային կամ ընտրատարածքային «չափանիշ», ինչը մտահոգիչ է։ 
Ավելին՝ անօրինական է։ 

ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր, անկախ ընտրվելու եղանակից ու տեղից, անկախ նույնիսկ «գույնից»՝ սեւ է, թե սպիտակ, բոլորի պատգամավորն է, նաեւ՝ իրեն չընտրածների։ Համենայնդեպս՝ այդպես գիտեմ։

Եթե սխալ գիտեմ, կամ Վահագն Հովակիմյանն այստեղ էլ է հասցրել բան փոխել, թող «Իմ քայլ»-ից մի թեթեւ պարզաբանեն։