Ալեն Սիմոնյան, դու այդպես էլ ԱԺ նախագահ չդառար

Ալեն Սիմոնյան, դու այդպես էլ ԱԺ նախագահ չդառար

Նախ, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հաղորդագրություն ստացանք, թե. «Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 20-22-ն անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանի բացմանը ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»: Եւ ելույթի կարճ անոտացիան. «Իր ելույթում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն»:

Մտածեցինք` բռավո, Ալեն, ամենակարեւոր խնդիրներին անդրադարձել է եւ մեզ հետաքրքրեց, թե ինչ ձեւակերպումներով է եղել այդ անդրադարձը: Պարզվեց` ԱԺ աշխատակազմը մի թեթեւ «չափազանցրել» է շեֆի ելույթը, գոնե գերիների մասին ոչ մի նախադասություն չգտանք այդ ելույթում: Հաջորդ հաղորդագրությամբ մեզ ուղարկված ելույթի տեքստն ընթերցելով հասկացանք, որ վերը թվարկված թեմաներով ԱԺ նախագահը գրեթե ոչինչ չի ասել: Ելույթում միայն մի հատված կա, որն աղոտ կարելի էր նման եզրահանգումների տեղիք տալ.

«Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն: Անցյալ տարի սեպտեմբերին 3 օրվա ընթացքում մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Միայն թե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել»:

Հաջորդիվ գնում է ժողովրդավարության գովերգումը, փախստականների նկատմամբ իրենց իշխանության գործադրած անդուլ ջանքերի մասին թմբկահարումը, ԵՄ դիտորդներին ու ԵՄ-ին ուղղված ռեվերանսները: Բայց առավել ուշագրավ է հետեւյալ նախադասությունը. 

«Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին»:

Իրենց ժողովրդավար, իսկ իրենց կառավարած երկիրը ժողովրդավարական կոչող այս մարդիկ արդեն ելույթներում ցիտում են սեփական «Բրեժնեւին», նրա հայտարարություններն անվանում «պատմական»: 

Ժողովրդավարական երկրի խորհրդարանի ղեկավարը չի գիտակցում, որ ինքը առաջնային մանդատով քաղաքական թիվ մեկ մարմնի ղեկավարն է: Եւ ոչ թե ինքն է հաշվետու ու ենթակա վարչապետին, այլ վարչապետն է ենթակա ու հաշվետու իր ղեկավարած մարմնին: 

ԱԺ նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող անձը 3 տարի այս պաշտոնը զբաղեցնելուց հետո էլ շարունակում է 2015 թվականի Ալենի լեքսիկոնով ու պաշտամունքով վերաբերվել «վոժդին», որի հրահանգները պետք է սրբորեն կատարվեն, որի յուրաքանչյուր սխալը հարկավոր է արդարացնել ու պաշտպանել, որովհետեւ դրանք քննության ու քննադատության ենթակա չեն, ինչպես քննադատության ենթակա չէին Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի քայլերը: