Արմեն Գեւորգյանի բացակայությունն անհարգելի է. Քոչարյանի գործով դատախազ

Արմեն Գեւորգյանի բացակայությունն անհարգելի է. Քոչարյանի գործով դատախազ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատախազ Գեւորգ Բաղդասարյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի հիմք առայժմ չի տեսնում։ Այս մասին նա ասաց մեր հարցին ի պատասխան։ 

Անդրադառնալով նրան, որ ԱԺ նիստին մասնակցող ամբաստանյալ Արմեն Գեւորգյանը բացակայում էր այսօրվա նիստից, ասաց, որ բացակայությունն անհարգելի է, եւ նրա կարծիքով՝ ծառայողական պարտավորությունների կատարումը չի կարող բացակայության պատճառ լինել։ 

Դատախազը Գեւորգյանի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներ չի տեսնում, եւ խորհրդարան դիմելու անհրաժեշտություն չկա. «Արդեն հարուցվել է քրեական գործ, դա անշրջելի գործողություն է։ Նա ներգրավված է որպես մեղադրյալ։ Սահմանադրությունը ենթադրում է խորհրդարանի համաձայնությունը գործ հարուցելու համար, իսկ այն արդեն կա։ Ասենք՝ խորհրդարանը համաձայնություն տվեց, հետո ի՞նչ է լինելու՝ գործն արդեն կա։ Հետեւաբար, չի կարելի համաձայնություն ստանալ արդեն կատարված գործողության համար»։