Պետությունը սրա համար է

Պետությունը սրա համար է

Որ կողմ նայում ես` անպատասխանատվության, անկազմակերպվածության, անկառավարելիության ապացույցներ են: Չկա մի օղակ ու համակարգ, որ նորմալ աշխատի: Ահա` մի հսկա նախարարություն, իր ահռելի ապարատով, չի կարողացել այնպես կազմակերպել աշխատանքները, որ կրթական նոր չափորոշիչներին համապատասխանող դասագրքերի մրցույթներն ու տպագրությունը ժամանակին իրականացվեն: Այնպես, որ դրանք սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն եւ մտնեն դպրոցներ: Եվ ստիպված՝ որոշ դասարանների դասագրքերի հրատարակումն ու նոր չափորոշիչների` դպրոց մուտք գործելը մեկ տարով հետաձգել են: Ո՞վ է մեղավոր, եթե ոչ ԿԳՄՍ նախարարը, նախարարության աշխատակազմը, դասագրքերի մշակման ու տպագրության համար պատասխանատու կառույցները: Ո՞վ է պատասխան տալու` ոչ մեկը:

Ահա` առավոտյան արթնանում ենք եւ ցնցվում համացանցում հայտնված զազրելի տեսանյութից` մայրը խոշտանգում զավակին: Վայ-վույ, անեծք ու պարսավանք` ուղղված մարդկային կերպարը կորցրած մորը: Բայց ցանկացած երկրում կարող են լինել մայր կոչվելու իրավունք չունեցող կանայք, զավակասպան կանայք, մայրական իրավունքից զրկված կանայք, անգամ` մարդակեր կանայք: Պետության գոյության իմաստը նաեւ սրանց նմաններին մեկուսացնելն է, երեխաներին` նրանցից պաշտպանելը, եթե հարկ կա` երեխաներից նրանց զրկելն ու երեխաների մասին հոգ տանելը: Դրա համար են ստեղծվում սոցիալական ծառայությունները, երեխաների խնամքն իրականացնող հաստատությունները, որդեգրման հանձնաժողովներն ու կրթօջախները: Եթե երեխան անխնամ է, իսկ համայնքը, դպրոցը, սոցիալական ծառայությունը դա չեն նկատում, ուրեմն այդ կառույցները չեն աշխատում` պարզապես փող են ստանում բյուջեից, առանց իրենց բուն նպատակին ծառայելու: Կպատժվե՞ն արդյոք պատասխանատուները Գավառի դեպքի առիթով: Վստահ եմ` ոչ: