Երկու ամսով տնօրեն՝ ԱԻՆ ՓԾ-ում

Երկու ամսով տնօրեն՝ ԱԻՆ ՓԾ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 5-ին, վարչապետի որոշմամբ փրկարար ծառայության տնօրեն նշանակվեց Վրեժ Գաբրիելյանը:

Արտակ Նահապետյանին պաշտոնից հեռացնելու առիթով ԱԻ նախարարի հիմնավորումը չուշացավ: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ Նահապետյանին հեռացրել են աշխատանքի մեջ թերանալու, ամառվա հրդեհների ժամանակ անգործության մատնվելու, Հայաստանից բացակայելու եւ այլ պատճառներով: Ցոլակյանի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ նա դեմ չի եղել Նահապետյանի հեռացմանը:

Հիշեցնենք, որ երբ «թավշյա» Հայաստանի սփյուռքի նախարար, հեղափոխական Մխիթար Հայրապետյանն իր ընկերոջը՝ 27-ամյա Վաղարշակ Հակոբյանին նշանակեց խորհրդական, շատ արագ պարզվեց, որ սույն պաշտոնի անձնագրով սահմանված է, որ խորհրդական կարող է նշանակվել միայն 30 տարին լրացած քաղաքացին: Բացի այն, որ երիտասարդին ազատեցին պաշտոնից, նաեւ ակնհայտ դարձավ, որ նախարարը տեղյակ չէ օրենքներից ու իրավակարգավորումներից:

Գրեթե նույն վիճակում է հայտնվել Ֆելիքս Ցոլակյանը, ում օգնությամբ Վրեժ Գաբրիելյանը դարձավ փրկարար ծառայության ղեկավար: Համաձայն փրկարար ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի՝ ՓԾ տնօրենի եւ նրա տեղակալների պաշտոնները բարձրագույն պաշտոններ են: Նույն օրենքի 63-րդ հոդվածի համաձայն էլ՝ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողները ծառայում են մինչեւ 65 տարին լրանալը: Նշված պաշտոնները զբաղեցնող եւ/կամ կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 3 տարի, այսինքն՝ մինչեւ 68 տարեկան դառնալը:

Վրեժ Գաբրիելյանը 67 տարեկան է, ծնվել է 1952 թ. հունվարի 10-ին: Այսինքն, երկու ամսից՝ 2020թ. հունվարին, կդառնա 68 տարեկան: Իսկ դա նշանակում է, որ, համաձայն օրենքի պահանջի, պետք է ազատվի ծառայությունից: Ճիշտ է՝ երկու ամսով տնօրեն նշանակելն օրենքի խախտում չէ, ինչպես տարիքը չլրացած ընկերոջը խորհրդական նշանակելը, բայց անզեն աչքով էլ երեւում են նշանակողի շահագրգռությունն ու համակարգի նկատմամբ վերաբերմունքը:

Խնդիրն այստեղ բոլորովին էլ Վրեժ Գաբրիելյանը չէ, ոչ էլ նրա ու նախարարի փոխհարաբերությունները: Խնդիրը տրամաբանության բացակայությունն է: Ասենք՝ ի՞նչ տրամաբանությամբ է 68-ից հինգ պակաս անձը նշանակվել պաշտոնի, երբ երկու ամսից պետք է պաշտոնանկ արվի: Չէ՞ր կարելի, արդյոք, փրկարար ծառայության ղեկը վստահել երիտասարդ ու փորձառու մեկին, որ երկու ամիս անց նույն խնդիրը չծագեր: 

Մենք կապվեցինք ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ եւ հետաքրքրվեցինք Վրեժ Գաբրիելյանի նշանակմամբ։ «Նա մեր համակարգի ամենափորձված մարդկանցից մեկն է, իսկ մենք փորձված ու գրագետ մարդկանց կարիք ունենք։ Վրեժ Գաբրիելյանն աշխատող, վազող մարդ է, դրա համար էլ պաշտոնի ենք նշանակել։ Տարիքը չի խանգարում, որովհետեւ մենք ավելացնելու հնարավորություն ունենք՝ մինչեւ 70 տարեկան օրենքը թույլ է տալիս, որ ավելացնեն, երկարացնեն պաշտոնավարումը։ Մինչեւ հիմա երկարացնելու իրավասությունն իմն էր, հիմա, քանի որ վարչապետը նշանակեց, այդ իրավասությունն անցնում է վարչապետին»։


Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ