Շարունակում ենք զարմանալով ապրել ...

Շարունակում ենք զարմանալով ապրել ...

Մոտ երկու ամիս է, Հայաստանում արտակարգ դրության և դրանից բխող սահմանափակումների պատճառով հանրային տրանսպորտը չի աշխատում, շահագործումը վերսկսվեց մայիսի 18-ին: 
Կարծում եմ դժվար է գերագնահատել տրանսպորտի դերը մարդու համար: Ակամայից վերհիշեցի 1988-1990-ական թվականները, երբ լուրջ միտինգներ էին տեղի ունենում Արցախում և Հայաստանում, որոնք շատ հաճախ ավարտվում էին ուշ ժամերին, որից հետո միտինգավորներին դժվար էր լինում տուն հասնելը: Այդ ժամանակ, մասնավոր ավտոմեքենաների տերերը մոտենում էին կանգառներում սպասող մարդկանց ու առաջարկում, որ այսինչ երթուղիներով մեկնում եմ մինչև այս վայրերը, ում հարմար է, թող  նստեն: Իհարկե, այդ տարիներին ժողովրդի նյութական վիճակը բավականին լավ էր և համեմատության եզր անգամ չկա այսօրվա վիճակի հետ,այդ ժամանակ մարդիկ ի վիճակի էին տաքսիներով հասնել տուն: Բայց չափազանց շոյող էր մեքենատերերի առաջարկությունը և ուղևորները օգտվում էին դրանից: Այդ ամենը շարունակվում էր նաև հետագա միտինգների ժամանակ, ճիշտ է, մի քիչ ավելի քիչ, քանզի գնալով ձևավորվում էր վայրի կապիտալիզմը, որը նենգափոխում էր մարդկանց մաքուր հոգիները: 

Այն տարիներին մարդկային հարաբերությունները մաքուր էին ու ջերմ, բայց գնալով կորցնում էին իրենց մաքրությունն ու ջերմությունը և հասնելով մեր օրերին, եւ հիմա համարյա վերացել են, դրանցից ընդամենը մնացել են բարի հիշողություններ: Ափսոս: Եղածը եղել է, փորձենք խոսել մի երևույթի մասին, որը ևս կարևոր է: Գաղտնիք չէ, որ ժողովրդի մի շատ ստվար զանգվածն արտակարգ դրության պայմաններում չէր աշխատում և պահուստային միջոցներ չուներ ապրելու համար։ Ոմանց առջև դրված էր զուտ գոյություն պահպանելու եւ սովի չմատնվելու խնդիր։ Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ նմանատիպ իրավիճակներում պետական միջոցառումներին զուգահեռ, չափազանց մեծ է ունևորների դերը, որ բարեգործություն անեն՝ ժողովրդի վիճակը փոքր ինչ թեթևացնելու համար: 

Մոտ երկու ամիս ուսումնասիրելով ավտոճանապարհի՝ Մոնումենտ-քաղաքի կենտրոն հատվածի մարդատար ավտոմեքենաների շարժը, եկա շատ տխուր եզրահանգման, որ մեքենաների շարժը չափազանց մեծ էր, իսկ մարդիկ, ովքեր հավանաբար ճարահատված էին տանից դուրս եկել՝ քաղաք իջնելու համար, անորոշ սպասում էին կանգառներում ինչ որ տրանսպորտի։ Նրանց մի մասը լուռ կանգնած էր սպասում, իսկ մնացած մասը իջնող մեքենաներին ձեռքով նշան էին անում, որ ուզում են իջնել քաղաք: Այդ տեսարանը օրերով ուսումնասիրելուց հետո, ես արձանագրեցի, որ մեքենաներն անտարբեր անցնում էի և չեղավ գոնե մեկ դեպք, որ դրանցից մեկը կանգներ և հարցներ, թե ուր են գնում այդ մարդիկ: Այնպես չէր, որ վարորդները չէին նկատում կամ չէին հասկանում, թե մարդիկ ինչ էին ուզում: Լավ, ենթադրենք, որ վարորդների մի 20 տոկոսը վախ ուներ օտար մարդկանց տեղափոխելու հարցում (կորոնավիրուս, թալանվել եւ այլն), բա մյուս 80 տոկոսը...: Հարգելի մեքենատերեր, միևնույն է, դուք արդեն իջնում եք, դժվա՞ր է  մեքենան արգելակել և ասել. ես իջնում եմ այս հետագծով, ում հարմար է, նստեք... Հո դա լրացուցիչ ծախս կամ ժամանակ չի խլում ձեզանից: Մի՞թե  մարդկային խիղճը լրիվ մեռել է ձեր մեջ...Իսկ եթե մենք էլ նմանվենք ձեզ և ասենք, որ ձեր մեքենաների գոնե 50 տոկոսը կանգառներում անհույս սպասող այդ նույն մարդկանցից թալանած փողերով են գնված, ի՞նչ պատասխան  ունեք տալու...
    
     
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական Ակադեմիայի թղթակից անդամ