Հենց ստացա ծանուցագիրը, մանրամասները կներկայացնեմ հանրությանը․ Աշոտյան

Հենց ստացա ծանուցագիրը, մանրամասները կներկայացնեմ հանրությանը․ Աշոտյան

Մայիսի 13-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով այն մասին, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն: Հարուցվել է քրեական գործ փաստի առթիվ։ Այնուհետև գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն։ Ու թեև քննչական մարմինը դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրել, որևէ մեկի անունը չի նշել, որևէ մեկին չի հարցաքննել, սակայն բոլորն արդեն իմացան, որ վերոնշյալ նախկին նախարարը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։ Աշոտյանն ինքն էլ հաղորդագրությունից անմիջապես հետո գրառում կատարեց՝ հայտնելով, որ թիրախում ինքն է։ Սակայն մինչ օրս դեռ ծանուցում չի ստացել, կարգավիճակ չունի, հարցաքննության էլ չի հրավիրվել։ ՀՔԾ-ից մեզ ասացին՝ գործը դեռ նոր վարույթ են ընդունել, դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, նախաքննությունը շարունակվում է։

«Սա շատ նման է իրենց որդեգրած ձեռագրին՝ սկզբից որևէ իրավապահ մարմնի կողմից տարածել մարդուն վարկաբեկող հաղորդագրություն,իսկ պաշտոնական ընթացակարգերն ուշացնել՝ փորձելով այդ ընթացքում մարդուն պատճառել իմիջային և բարոյական վնաս։Բայց բախտները չի բերել՝ ես քաղաքական, հանրային ու հրապարակային գործիչ եմ, ընկերներիս, աջակիցների ու համակիրների օգնությամբ չեմ թողել ինձ վրա այդ ձևով բոնուսներ հավաքեն»,-Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց հաղորդագրության վերաբերյալ Արմեն Աշոտյանը։

Մեր հարցին, թե ինչի՞ց է կռահել, որ խոսքը հենց իր մասին է, Աշոտյանն ասաց․ «Այո, անունս նշված չէր, նշված էր միայն պաշտոն, սակայն կռահելով գործի էությունը՝ կարող եմ հասկանալ, որ դա, ըստ ամենայնի, իմ մասին է, քանի որ արդեն մեկուկես տարի է՝ Քննչական կոմիտեում մի գործ է քննվում, որտեղ ես մի քանի անգամ որպես վկա հարցաքննվել եմ, նաև առերեսման եմ մասնակցել։ Ըստ ամենայնի՝ քաղաքական պատվեր է իջել ամեն գնով քրեական հետապնդում սկսել նաև իմ դեմ, սա է նաև պատճառը, որ գնացել է գործը ՀՔԾ։

Աշոտյանը նորից շեշտեց, որ մինչ այս պահը դեռ որևէ ծանուցում չի ստացել ինքը, ուստի գործի մանրամասներին չի անդրադառնա հիմա։

«Սակայն հենց ստացա ծանուցագիրը, մանրամասները կներկայացնեմ հանրությանը և կթողնեմ ձեր դատին այս հերթական քրեական փաթեթավորմամբ քաղաքական շոուի որակը և բովանդակությունը»,-հավելեց Աշոտյանը։