Իսկ Փաշինյանն ընդամենը միֆ է

Իսկ Փաշինյանն ընդամենը միֆ է

Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը՝ մա՞րդ, գործի՞չ, ղեկավա՞ր, վարչապե՞տ… Մոռացեք: Փաշինյանին մենք ենք մտածել, նա մեր ուղեղի մորմոքն է ընդամենը, մեր ուղեղի մտածած մարդը, գործիչը, ղեկավարը, վարչապետը, չգիտեմ էլ ինչ զահրումարը: Երանի երբեք նման բան չմտածեինք:
Մենք 2008թ. մարտի 1-ից սկսած Փաշինյան ենք մտածել: 2012թ. Սերժ Սարգսյանը Փաշինյանին ՀԱԿ-ի ցուցակով բերեց խորհրդարան և մենք շարունակեցիք մեր մտածումները ևս 5 տարի: Ասող-խոսող տղա էր, ելույթներ էր ունենում ԱԺ ամբիոնից, ցըմփ-ցըմփ՝ սենց բաներ էր անում: Սերժ Սարգսյանը մի «ուստուպկայի» էլ գնաց, երբ ԱԺ-ում խաղարկվեց «Նիկոլը հեռանում է ՀԱԿ-ից» օպերացիան՝ ՔՊ-ն, «Ելք» դաշինքի տեսքով մտավ նախ՝ Երևանի ավագանի, իսկ 2017թ. ընտրությունների արդյունքներով՝ նաև ԱԺ: Մենք դրանից հետո սկսեցինք ավելի շատ մտածել Նիկոլին, մարդու, գործչի, ղեկավարի և անգամ ապագա վարչապետի կերպարանք տալով նրան: Ի սեր ճշմարտության պետք է ասեմ, սակայն, որ մենք շատ դանդաղ էինք մտածում: Այդ հարցում մեզ մեծապես օգնեց Սերժ Սարգսյանը 2018թ. ապրիլի 23-ին՝ ամբողջացնելով Նիկոլ-վարչապետի՝ մեր մտապատկերը: Սերժ

Սարգսյանի շուրթերից հնչած այս բարդ համադասական նախադասությունը երկար կհիշվի. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»:
Հայաստանում այսօր քանի՞ մարդ կա, որ կասի՝ Նիկոլը ճիշտ է: Թերևս միայն Նիկոլի ուսապարկերը, որոնք ոչ միայն իրենց կյանքում Նիկոլ չեն մտածել, այլև՝չգիտեն, թե ինչ են իրենք: Այդ մենք, մենք ենք մտածել Նիկոլին և մենք էլ ամենաշատն ենք տանջվում Նիկոլի նմանին ղեկավար ունենալու պատճառով: Այդ մենք գիտենք, թե ինչից ենք հունցել Նիկոլին: Չլինեինք մենք՝ Հայաստանում երբեք «թավշյա հեղափոխություն» տեղի չէր ունենա: Գտնվեր մեր մեջ մեկը, որ քարն առներ ու տար Նիկոլի քաչալ գլխին, երբ նա Երևանի փողոցներում հիմար-հիմար բաներ դուրս տալով երթեր էր անում, այսօր մենք Նիկոլ չէինք ունենա: Բայց ոչ, մենք շարունակում էինք տներում նստած Նիկոլ մտածել ու ձեռքի հետ էլ Սերժ մերժել:

Վարչապետ դառնալու առաջին օրվանից Նիկոլն ակամա մեզ ստիպում է կազմաքանդել մեր իսկ պատկերացումներն իր մասին: Չորս տարուց ավելի է անցել, պատերազմ եղավ, պարտվեցինք, կապիտուլացվեցինք, երկիրը քանդվեց թե որպես տնտեսություն, թե որպես հասարակություն: Բան չի մնացել Հայաստանից ու Արցախից: Նիկոլը չգիտի է՞լ ինչ անի, որ մենք վերջապես դադարենք իրեն մտածելուց, հասկանանք, որ ինքն ընդամենը պատուհաս է, մեր սխալ մտքերի ու պատկերացումների հետևանք: Նա ձախողում է ամեն ինչ, քանդում ու վերացնում այն ամենը, որ մեր, որպես ազգի, գոյության հիմքն է կազմում, խաղաղության մասին ճամարտակելով՝ մեզ հասցրել է նոր պատերազմի՝ գուցե մեր վերջին կռվին, բայց դեռ քչերն են ազատվել Նիկոլի մասին իրենց մտածումներից և հենց այդ քչերն են այսօր հրապարակում պահանջում մտացածին վարչապետի հրաժարականը:

Բանականություն ունի՞, արդյոք, Նիկոլը: Մենք մեր մտածումներում օժտե՞լ ենք նրան այդ հատկանիշով, թե՞ այդ ուղղությամբ հոգ էլ չենք տարել: Հանկարծ կարող է պարզվել՝ որ չունի, որ մենք մեր սեփական բանականությունն ենք վերագրել նրան և չենք էլ անհանգստացել այդ հարցով: Մենք երևակայել ենք, որ նա հայ է, մեզնից մեկն է, ղեկավարի ավյուն ունի իր մեջ, և սխալվել ենք: Նման բաները չէր կարելի միայն երևակայությամբ վերագրել մեկին, որ ինքնին երևակայության արդյունք է, ուղեղի մորմոք, այսինքն՝ ոչինչ, ցնորք, որ մի օր աչքերդ կբացես ու արդեն չի լինի: