Կամ Ադրբեջանն է նոր նախապայմաններ առաջ քաշել, կամ Հայաստանն է պայմանավորվածություններից հետ կանգնել

Կամ Ադրբեջանն է նոր նախապայմաններ առաջ քաշել, կամ Հայաստանն է պայմանավորվածություններից հետ կանգնել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

- Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում այս հանդիպումից:

- Հստակ չեմ կարող ասել: Ինձ թվում է Ադրբեջանի կողմից նոր նախապայմաններ են առաջ եկել, կամ էլ Հայաստանն է ինչ-որ պայմանավորվածություններից հետ կանգնել: Դժվար է այս ամենին հստակ գնահատական տալը: Միայն պաշտոնական հայտարարությունն եմ տեսել: Խնդիրն այն է, թե ի՞նչն է պատճառը, նայած, թե որն է պատճառը: Որևէ ինֆորմացիա չկա, թե ինչ է բանակցել նախքան այս:

- Բանակցությունների մասով կար հստակեցում` Նիկոլ Փաշինյանը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

- Մենք ականատես ենք լինում փակ բանակցությունների, որից հետո արդեն իսկ տեսնում ենք փաստ: Թե ինչ է պահանջել Ադրբեջանը, որ չի ստացել, դժվար է ասել:

- Արցախի հարցը դեռևս լուծված չէ, սակայն խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Հարցի վերջակետը ե՞րբ կդրվի:

- Այն ժամանակ, երբ ստորագրվի փաստաթուղթը, իշխանությունների համար կդրվի այդ վերջակետը, սակայն ինձ համար այդ հարցը երբեք փակ չեմ համարում, մինչև Արցախն ազատագրված չտեսնեմ:

- Նշում եք, որ հնարավոր է Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի ցանկություններից ինչ-որ մեկը կատարել, այս պարագայում հնարավո՞ր է նոր ռազմական էսկալացիա:

- Ռազմական էսկալացիա կլինի այն ժամանակ, երբ Ադրբեջանն ունենա ճնշում գործադրելու անհրաժեշտություն: Պրոցեսներն արագացնելու համար Ադրբեջանը կարող է գնալ այդ քայլին: Ավելի մեծ զիջումներ կորզելու համար կարող է ամեն քայլի դիմել: Դա այն սպառնալիքն ու լծակն է, որն Ադրբեջանը վերջին երկու տարվա ընթացքում կիրառում է: Ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրվում է ուժի կիրառմամբ, չի կարող համարվել լեգալ կամ լեգիտիմ, հետևաբար, այս առումով Ադրբեջանը կարող է մշտապես դիմել ռազմական էսկալացիայի, անգամ նոր փաստաթուղթ ստորագրելուց հետ, ի դեպ, անգամ իշխանությունները չեն հերքում, որ խաղաղության փաստաթուղթը երաշխիք չէ, որ նորից կարող է պատերազմ սկսվել, որովհետև Ադրբեջանի ախորժակը գնալով մեծանում է: Ոչ մի փաստաթուղթ Հայաստանը մեկընդմիշտ անվտանգ չի դարձնելու:

- Վերջին շրջանի ամենաակտուալ թեմաներից մեկն էլ, այսպես կոչված, անկլավների հարցն է: Իշխանությունները, կարծես, որոշ գյուղեր ցանկանում են Տավուշի և Արարատի մարզից հանձնել թշնամուն: Ադրբեջանը իր գրաված տարածքները կվերադարձնի՞ հայկական կողմին:

- Արծվաշենն է, սակայն հարց է, եթե փոխանակում տեղի ունենա, ինչ կլինի: Չգիտենք իշխանություններն ինչ են ցանկանում, սակայն ենթադրում ենք, որ խոսքը մի քանի գյուղի մասին է, որոնք պետք է Ադրբեջանին հանձնվեն: Ռազմավարական տեսանկյունից հարց է առաջանում. արդարացվա՞ծ են նման փոխանակումները, թե՞ ոչ: Առհասարակ ի՞նչ կտա դա հայկական կողմին: Բոլորս էլ գիտենք, թե ինչ վտանգներ են սպառնալու գյուղերի հանձնման դեպքում: Ամեն դեպքում անգամ Արծվաշենը հայկական կողմին վերադարձնելու մասին խոսք անգամ չեմ լսել: