Հերթական «Իյա՜, իրո՞ք»-ը

Հերթական «Իյա՜, իրո՞ք»-ը

Թե՛ Նիկոլի տղան և թե՛ նրա անսասան պաշտպանները շարունակում են կրկնել, որ օրենքի առաջ բոլորն են հավասար: Այսինքն, օրենքի առաջ հավասար են թե՛ վարչապետի պաշտոնից կառչած անձի որդին և թե՛ զոհված զինվորականի ծնողը: «Իյա՜, իրո՞ք»՝ զարմացած կհարցներ դասականը: Այնուհետև խոսվում է իրավական գործընթացի մասին, որ պարտադիր պետք է հետևեր այդ տղայի «առևանգմանը»: Ինչն, ի դեպ, տեղի էր ունեցել արդեն մեքենա նստելուց հետո: «Իյա՜, իրո՞ք»՝ կրկին կհարցներ դասականը: Եվ ճիշտ կլիներ, քանի որ 2019 թվականին Նարեկ Մալյանի իրական առևանգման դեպքի առումով, որքան տեղյակ եմ, վերջնական իրավական գնահատական այդպես էլ չի տրվել, այսինքն` տրվել է, որ ոչ մի առեւանգում էլ չի եղել: Այդ դեպքն արժանի էր ավելի խիստ վերաբերմունքի, քանի որ այն նախապես պլանավորված էր և կատարվել էր խմբակային գործողություն: Այնպես որ իրավական գործընթացի անհրաժեշտության մասին խոսելուց առաջ ադեկվատ անձնավորությունը կհիշեր իրական առևանգման պատմությունն ու առնվազն կլռեր: 

Դա՝ մեկ, և երկրորդ՝ նախքան Նիկոլի տղայի հետ պատահածը հայաստանցիները ծանոթ էին հակամարտության կարգավորման, սակայն ոչ առևանգման փուլային բնույթի մասին: Առևանգում կա՛մ լինում է, կա՛մ չի լինում էն գլխից: Եթե որևէ անձ իր ցանկությամբ նստում է որևէ մեքենա, ապա ուր էլ գնա այդ մեքենան՝ առևանգում համարվել չի կարող: Հատկապես, որ մեքենան տաքսի չի եղել, և նստողն էլ կոնկրետ ուղղության առումով հրահանգ չի տվել վարորդին, որպեսզի այլ ուղղության դեպքում համարվեր առևանգում: Ի վերջո, եթե մեքենայից դուրս թռչել հնարավոր չլիներ, և վարորդն էլ ուղևորին հասցներ վերջինիս բնակության վայրը՝ դա ևս առևանգո՞ւմ էր համարվելու: Բայց հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում զբոսանքն էլ առևանգում կհամարվի՝ եթե զբոսանքի ընկերոջից նեղացած՝ նման կարծիք հայտնի իշխանության ներկայացուցիչներից և կամ հատկապես Փաշինյան ընտանիքի անդամներից որևէ մեկը:

Իսկ քանի որ դա առևանգում չէր (ըստ փաստաբանների իրավական գնահատականի և ըստ տրամաբանության կանոնների), ապա ինչո՞ւ պետք է դատական ավարտ ունենար: Որովհետև այդպիսի՞ն է ժողովրդավարության բնույթը, թե՞ այդպես էր որոշել հայաստանյան «ժողովրդավարության» հիմնադիրը: Որպես ժողովրդավարության համար կյանքիս երկու տասնամյակը ծախսած անձ կարող եմ վստահ պնդել, որ դա որևէ կապ չունի ժողովրդավարության հետ: Մնում է հենց նրա կողմից որոշված լինելու հանգամանքը: Իսկ այդպես էր որոշել, որպեսզի մարդիկ չանեն այնպիսի քայլեր, որ կարող է չնախատեսված համարվել իր անձնական իշխանության պահպանման տեսակետից: Իսկ չնախատեսված երևույթները վտանգավոր են, որովհետև դեռևս մշակված չեն լինում դրանց չեզոքացման ալգորիթմերը (բանաձևերը)՝ եթե դրանք վտանգավոր են իր իշխանության համար: Իսկ նման երևույթների շղթայական ռեակցիան կարող է հանգեցնել հենց անկանխատեսելի հետևանքների: Այն է՝ իշխանության կորստի: Ու այդ պատճառով էլ բոլոր տեսակի անկանխատեսելի երևույթները պետք է չեզոքացվեն էն գլխից: Որպեսզի ոչ միայն որևէ մեկը չփորձի նման բան անել, այլև ընդհանրապես ոչ մեկի ուղեղում հանկարծ չձագի նման գաղափար: Կարծում եմ, որ իտալական ֆաշիզմի գաղափարախոսներից Բենիտո Մուսոլինին (ինչպես նաև այն կյանքի կոչողը՝ Իտալիայի վարչապետ էր 1922-1943 թթ.-ին) կնախանձեր նիկոլական «ժողովրդավարությանը» (այսինքն՝ «նիկոլիզմին»):

Երբ նախկինների դեմ կռիվ էի տալիս՝ ենթադրում էի, թե իշխանության փոփոխությունից հետո հասարակության գրագետ հատվածին ծանր և բարդ աշխատանք է սպասվում մնացած մասի արժեքային համակարգը շողուլի բերելու առումով: Միաժամանակ ենթադրում էի, որ նոր իշխանությունն էն գլխից պետք է լինի հենց գրագետ հատվածի դաշնակիցն ու մնացած մեծամասնության ուղղորդողը: Բայց ստացվեց այնպես, որ իշխանությունը ոչ թե գրագետ, այլ անգրագետ մեծամասնության դաշնակիցը դարձավ: Եվ օտար թշնամուց բացի գրագետ հատվածին անհրաժեշտ է պայքարել թե՛ հասարակության մեծամասնության և թե՛ իշխանության դեմ: Թե ինչպես է հնարավոր պայքարել մեկը երեքի դեմ ու հասնել հաջողության՝ դժվարանում եմ պատասխանել: Չնայած հասկանալի է, որ խնդրի լուծման միակ տարբերակը իշխանություն վերցնելն է: Կամ եթե դա ոմանց ականջին հաճելի չի հնչում՝ իշխանությունից Նիկոլին հեռացնելն է: Միաժամանակ, «նիկոլիզմի» օդը փակելն է ու երկրի մթնոլորտը մաքրելը: Իսկ Նիկոլին իշխանությունից հեռացնելու միակ տեսականորեն իրագործելի ուղին, ինչպես կրկին անգամ նշել է նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ուժայինների միջոցով «մեծարգո վարչապետ, պարոն Փաշինյանին» հրաժարական պարտադրելն է:
Ու դրանից հետո Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծելը, որպեսզի օրենքի առաջ բոլորն իսկապես լինեն հավասար: Որպեսզի վերջնականապես մոռացվի դասականի՝ «Իյա՜, իրո՞ք» բացականչությունն, ու այն երբևէ չհնչի անձնական կամ հրապարակային խոսակցության ընթացքում: Դրանից հետո կարող ենք մտածել թե՛ մեր ազգային արժանապատվությունը և թե՛ կորսված տարածքները վերադարձնելու մասին: