Եթե փաստարկում ենք խորհրդային իրողություններով

Եթե փաստարկում ենք խորհրդային իրողություններով

Վերջերս Իլհամ Ալիեւը, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից, վերստին փաստարկ էր բերել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովբյուրոյի հայտնի որոշումը, որով ԼՂ-ն «թողնվել է Ադրբեջանի կազմում»: Միանգամից ասենք, որ դա փաստի նենգափոխում է, որովհետեւ որոշման մեջ գրված է՝ «թողնել Ադրբեջանի սահմաններում»: Դա նշանակում է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը համարել է իրեն պատկանող տարածք:

Բայց եթե հիմք ենք ընդունում խորհրդային իրողությունները, ապա արժե վկայակոչել երկու փաստ: Առաինն Ադրբեջանի Կենտգործկոմի դեկրետն է « ԱԽՍՀ-ում պետական հիմնարկների ազգայնացման մասին»՝ ընդունված 1923 թ. հուլիսի 31-ին, որով թուրքերենը հայտարարվում է պետական լեզու ողջ հանրապետության տարածքում, բայց վերջին կետով արված է կարեւոր  ընդգծում. «Ինքնավար Ղարաբաղի մարզի հետ հաղորդակցության լեզուն հայերենն է»: 

Սա շատ էական նշանակություն ունեցող փաստ է, ինչից հետեւում է, որ խորհրդային Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես հայկական պետական կազմավորում: Այս տեսակետն ամրապնդվում է նույն տեղում Ադրբեջանի կառավարության հաշվետվության հետեւյալ ընդգծմամբ. «Ինքնավար Լեռնային Ղարաբաղի ընտրովի մարմինների կազմում ներկայացված են բոլոր ազգային փոքրամասնությունները՝ բնակչության թվաքանակում իրենց համասնությամբ՝  թուրքեր՝ 11, ռուսներ՝  1 տոկոս,,: Խորհրդային Ադրբեջանի կառավարությունն, այսպիսով, Լեռնային Ղարաբաղում բնակվող թուրքերին եւ ռուսներին ճանաչել է որպես ազգային փոքրամասնություն: Դրանից հետեւում է, որ հայերն էլ ճանաչվել են որպես տիտղոսակիր ազգություն: Սրանով փակվում է ԼՂ ,,ադրբեջանական համայնքի» թեման:

ԼՂ-ում բնակված ադրբեջանցիները եղել են ազգային փոքրամասնություն: Եւ երբ Ադրբեջանում ասում են, թե նրանք չեն մասնակցել անկախության հանրաքվեին, ուստի այն «իրավական ուժ չունի»՝ կարելի է եւ պետք է շատ հանգիստ հակադարձել, որ Ադրբեջանում անցկացված հանրաքվեին էլ չեն մասնակցել ավելի քան կես միլիոն հայերը, երեք հարյուր հազար ռուսները, քառասուն հազար հրեաները, ուրեմն Ադրբեջանի անկախությունն էլ իրավական առումով լեգիտիմ չէ: