Արայիկ Հարությունյանը չի կարողանում ընկալել, որ Արցախն անկախ է

Արայիկ Հարությունյանը չի կարողանում ընկալել, որ Արցախն անկախ է

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ արված իր խոսնակի շուրթերով, շոկ է առաջացրել Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակներում։ Խոսքն այն մասին է, թե նախագահ Հարությունյանի համար «ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Սա պատասխան էր ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ով իր թիմակիցների հետ  վերջին օրերին Արցախում էր եւ պաշտոնական հանդիպում էր ակնկալում Արայիկ Հարությունյանից, ում հետ, ի դեպ, մինչեւ վերջերս ջերմ հարաբերություններ է ունեցել։

Իրենց ընդդիմություն համարող քաղաքական կուսակցություններում ապշել են Արցախի նախագահի նման հայտարարությունից, նրանք, ովքեր ցայսօր հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ, «մանթրաժ» են ընկել․ իրենք էլ չեն կիսել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, սակայն իրենց Հարությունյանն ընդունել է, իսկ Վանեցյանին՝ ոչ։ Այսինքն, Հարությունյանը վարկաբեկել է նաեւ իրենց՝ կասկածի տակ դնելով իրական ընդդիմության իրենց կարգավիճակը։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ահից Հարությունյանն այսպիսի շիլաշփոթ է սարքել ինքն իր գլխին եւ ամենակարեւորը՝ կասկածի տակ է դրել նաեւ Արցախի անկախությունը, ինքնուրույնությունն ու սուվերենությունը։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հրավիրված է եղել եւ մասնակցել է Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիային։ Նա երեկ ասաց, թե ծանոթ չէ Արցախի նախագահի խոսնակի հայտարարությանը․ ծանոթացրինք եւ հարցրինք՝ ստացվում է, որ Դուք տարաձայնություններ չունեք ՀՀ իշխանությունների հետ։ ««Լուսավոր Հայաստանը» գործող իշխանության հետ այնքան տարաձայնություն ունի, որ ոչ մի գործող քաղաքական միավոր այդքան տարաձայնություն չունի»: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ապշած է այդ հայտարարությունից։

- Պարոն Պետրոսյան, խոսնակի շուրթերով արված հայտարարությունը ԲՀԿ-ում ի՞նչ զգացողություններ է առաջացրել, եթե այսուհետ լինի հրավեր, կհյուրընկալվե՞ք Արայիկ Հարությունյանին, բարդույթներ չե՞ք ունենա։

- Անկեղծ ասած, զարմացած եմ Արցախի նախագահի հայտարարությունից։ Վերանանք, թե ում էր ուղղված այդ հայտարարությունը, բայց եթե իսկապես այդպիսի բան եղել է, եւ Վանեցյանը ցանկություն է ունեցել հանդիպել, ամեն պատճառաբանություն կարելի էր բերել, բացի նրանից, ինչը որ ներկայացվեց։ 

Տպավորություն է, որ Արցախի նախագահը լավ չի պատկերացնում պետական կառավարման  համակարգը, երկու հայկական պետությունների փոխհարաբերությունները, չի տիրապետում «Արցախի անկախություն» հասկացությանը։ Եթե Արցախն ինքնուրույն պետություն է, ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում հանդիպել մի այնպիսի քաղաքական ուժի ու պաշտոնյայի հետ, որը չի կիսում ՀՀ իշխանությունների ցանկություններն ու տրամադրությունները։ Բա էլ ինչո՞վ է Արցախն անկախ, որ իր պետական հանդիպումները կախման մեջ է դնում ՀՀ իշխանություններին հաճոյանալու ցանկությունից։ Ես ուղղակի ապշած եմ, իրենից չէի սպասում։ Ճիշտ է՝ անձնական շփումներ չենք ունեցել, բայց ես որքանով իրեն ընկալել եմ, լուրջ, պետականամետ մարդու տպավորություն է թողել։ Եվ, ի վերջո, չմոռանանք, որ իրենից հանդիպում հայցողը չի եղել մի բախտախնդիր քաղաքացի կամ  քրեական հետապնդման դադարեցման անձնական խնդրանքով մեկը, այլ ՀՀ գեներալ, որն իր պաշտոնավարման ընթացքում պատվով իրականացրել է մեր երկրի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները։ Չէր կարելի նման անհեռատես պատճառաբանությամբ հանդես գալ, ամեն ինչ կարելի էր ասել, բացի նրանից, ինչը որ ասվեց։

- Մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ Հովիկ Աբրահամյանին, այլ ընդդիմադիրների էլ է ընդունել այս ընթացքում, իսկ այսօր այսպիսի հայտարարություն է անում։ Ի՞նչ է սա նշանակում։

- Ես դրա համար եմ ասում՝ դատելով իր անցյալի քայլերից, այսօրվա պահվածքն ինձ համար զարմանալի է։ Այդ ի՞նչ պետք է նրանից հայցեր Արթուր Վանեցյանը, որ նման պատճառաբանությամբ հանդիպումը վիժեցներ։ Ես չգիտեմ, բայց վստահ եմ՝ եթե այդ հայտարարությունն ուսումնասիրել են հարեւան թշնամիները, ահագին զվարճացած կլինեն։

- Փաստն այն է, որ հայտարարությունն ընդհանրական էր, դուք ձեզ ընդդիմադիր ուժ եք հռչակել, այսուհետ բարդույթավորված չե՞ք լինելու Արայիկ Հարությունյանի հետ շփումներում։

- Նախ՝ այնպես չէ, որ մենք շունչներս պահած սպասում ենք, թե Արայիկ Հարությունյանը մեզ երբ է հրավիրելու։ Միշտ էլ ԲՀԿ-ն իր ղեկավարի գլխավորությամբ բարյացակամ է եղել մեր երկրորդ հանրապետության իշխանությունների, նրանց վարած քաղաքականության նկատմամբ, անգամ որոշ բաներ այլ գնահատականի ենք արժանացրել, բայց այդ գնահատականն ամբողջ խորությամբ ու հմայքով չենք հանրայնացրել, բայց այնպես էլ չէ, որ շունչներս պահած սպասում ենք՝ մեզ ով կհրավիրի, որ գնանք։ Եթե հրավեր էլ լինի, իմ որոշելիքը չէ՝ գնալ, թե ոչ։ Մենք ունենք կուսակցության ղեկավար, քաղաքական խորհուրդ, եթե հրավեր լինի, կքննարկենք։ Այդուհանդերձ, այս հայտարարությունը ոչ ստանդարտ եմ գնահատում, դա ուղղակի սազական չէ նորընտիր նախագահին, մանավանդ՝ բոլոր նախագահներն էլ իրենց նախընտրական խոստումներում թոփ եռյակում պահել են Հայաստանի հետ հարաբերությունների, փոխգործակցության խորացումը՝ ի շահ մեր երկու հանրապետությունների եւ նախեւառաջ Արցախի անկախ հանրապետության արտաքին սահմանների պաշտպանության, անվտանգության ամրապնդման։ Այս պարագայում կանգնել եւ նման պատճառաբանությամբ մերժել Հայաստանից Արցախ ուղեւորված գեներալի հանդիպման առաջարկը՝ ուղղակի զավեշտալի է։

- Ուզում եք ասել, որ սա խորացնելո՞ւ է հայաստանցի-ղարաբաղցի անջրպետը։

- Ես ուզում եմ շեշտել, որ այստեղ խնդիրը Վանեցյան Արթուր անձնավորությունը չէ, իր փոխարեն ով էլ լիներ, ես նույն կարծիքն էի արտահայտելու, բայց հասկանում եք, որ այսուհետ եթե Վանեցյանն Արցախին օժանդակելու ցանկություն ունենա, ինչ սրտո՞վ է այդ օժանդակությունն ի կատար ածելու։ Իհարկե,  ճանաչելով Վանեցյանին՝ ես գիտեմ, որ նա ներողամիտ  կգտնվի նման վերաբերմունքի հանդեպ, բայց դա սազական չէ անկախ երկրի նորընտիր ղեկավարի իմիջին։ Ընդ որում, Արցախում իշխանությունը նոր է ձեւավորվել, հիմա իշխանությունն այնքան ունակություններ, կարողություններ պետք է ունենա, որ կարողանա համախմբել ոչ միայն Արցախի ժողովրդին, որովհետեւ այնտեղ էլ նախընտրական փուլում փոխհրաձգություն եղավ թեկնածուների միջեւ՝ ընդհուպ իրար վարկաբեկելու աստիճանի, եւ հիմա օրախնդիր է՝ համախմբել պառակտման վտանգի առջեւ կանգնած պատերազմական երկրի ժողովրդին, այլեւ առավելագույնս ՀՀ բոլոր քաղաքական ուժերի հետ կարողանալ ճիշտ դիվանագիտական, պետական, կառուցողական մոտեցում դրսեւորել, ոչ թե հիասթափեցնել մի մարդու, ով, վստահ եմ, չար նպատակներով չէր գնացել այնտեղ։ Դա նման է մի բանի, որ ես՝ որպես համալսարանի դասախոս, քաղաքական այլախոհներիս երեխաներից քննություն չընդունեմ կամ անբարյացակամ վերաբերմունք դրսեւորեմ՝ պատճառաբանելով, որ իմ քաղաքական այլախոհի բարեկամն է, զավակը, եղբայրը, քույրը։ Ես լիահույս եմ, որ սա կլինի առաջին ու վերջին դեպքը, որ այս մակարդակով այսպիսի վրիպում թույլ կտան։ Գնդակն Արցախի նախագահի դաշտում է, նա հնարավորություն ունի հետագա քայլերով շտկել լուրջ բացթողումը։