Հնարավոր է տեղի ունենա Թուրքիայի ԱԳ նախարարի փոփոխություն

Հնարավոր է տեղի ունենա Թուրքիայի ԱԳ նախարարի փոփոխություն

Թուրքիայում ակտիվորեն խոսվում է այն մասին, որ առաջիկայում զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու այդ երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը՝ ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Այս մասին առաջին հրապարակումը կատարել է Cumhuriyet պարբերականը։ Նշենք, որ թուրքական գործող վարչակարգում փոփոխությունները նոր բան չեն։ Ու չնայած սպասվում է 4 նախարարի փոփոխություն, սակայն ամենազգայունը թերեւս Մեւլյութ Չավուշօղլուինն է, քանի որ խոսվում է նաեւ այն մասին, որ նրա փոխարեն թուրքական դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարելու է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Նկատենք, որ Չավուշօղլուն «Արդարություն եւ զարգացում» թուրքական իշխող կուսակցության հիմնադիրներից է, մինչեւ 2009 թվականը եղել է միջազգային հարցերի կուսակցական կոմիտեի փոխնախագահը, 2002 եւ 2007 թվականներին Անթալիայից պատգամավոր է ընտրվել, ղեկավարել Թուրքիա-ԱՄՆ, նաեւ՝ Թուրքիա-Ճապոնիա բարեկամության խումբը։ 2003 թվականից նա ղեկավարում է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը, Եվրոպացի դեմոկրատների խմբի անդամ է, նաեւ՝ ԵԽԽՎ փոխնախագահը։

Այսքանը թերեւս բավարար է, որպեսզի պարզ լինի, որ Չավուշօղլուն բավական բարձր պատրաստվածության տեր դիվանագետ է թուրքական ներկայիս վարչակարգի առաջին էշելոնում տեղ զբաղեցնող գործիչ, եւ ինչը հատկապես հետաքրքրական է՝ նա, գոնե հանրային հասանելի մակարդակում, մշտապես ցուցաբերել է քաղաքական լոյալություն նախագահ Թայիփ Էրդողանի հանդեպ։ Այս ամենի ֆոնին հարց է ծագում․ ի՞նչ է տեղի ունեցել, որ հիմա որոշվել է նման կալիբրի գործչին ասպարեզից հեռացնել։ Այս հարցը բազմաթիվ պատասխաններ կարող է ունենալ։ 
• Առաջին վարկածի համաձայն, Չավուշօղլուի հնարավոր պաշտոնանկությունը կապված է Թուրքիայի ներքաղաքական պայքարի թեժացման հետ։ 
• Երկրորդ վարկածի համաձայն, թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում սրվել է ներկուսակցական պայքարը։ 
• Երրորդ տարբերակի համաձայն, Չավուշօղլուի եւ մյուս նախարարների հրաժարականը կարող է կապված լինել հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական եւ պառլամենտական ընտրությունների հետ։

Հնարավոր է, որ բոլոր այս գործոններն էլ դեր են խաղացել Չավուշօղլուի հնարավոր պաշտոնանկության հարցում։ Եթե հավատանք սոցհարցումներ իրականացնող թուրքական կառույցներին, ընտրությունները հիմա տեղի ունենալու դեպքում Էրդողանը հաստատ պարտություն կկրեր։ Նույնը կարելի է ասել նաեւ նրա կրտսեր գործընկեր՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բախչելիի մասին։ Պատճառը բավական հետաքրքիր ձեւակերպել է Էրդողանի նախկին համախոհ, այժմ ընդդիմադիր Ալի Բաբաջանը՝ ասելով, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրել է էմոցիոնալ կապը Թուրքիայի քաղաքացիների հետ, եւ հիմա թուրք ընտրողները սկսել են նրան փոխարինող որոնել ընդդիմադիրների մեջ։ Այս ամենը բավական լավ հասկանում է նաեւ Էրդողանը։

Նա նաեւ հիանալի գիտի, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի աղմկոտ հայտարարություններ  կանի Բալկաններում, ռուս-ուկրաինական հարաբերություններում կամ այլուր դերակատարում ունենալու պատրաստակամության հետ կապված, երկիրը, որը ղեկավարում է, այլեւս սպառել է ռեսուրսները եւ չի կարող «քաշել սայլը»։ Մյուս կողմից, արտաքին քաղաքական խաղաքարտերն արդեն չեն գործում՝ այն իմաստով, որ ոչ մի ազդեցություն, կարելի է ասել, չեն թողնում ներքաղաքական կյանքի վրա։ Ու հնարավոր է, որ դրությունը փրկելու համար կադրային փոխատեղումների անհրաժեշտություն կա։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ հատուկ հանձնարարությունների կատարման մեջ մասնագիտացող Քալընը համարվում է ամերիկամետ կամ արեւմտամետ անձ։ Գուցե այսկերպ Էրդողանը փորձում է որոշակի ռեւերանսներ անել Արեւմուտքի ուղղությամբ։ Սակայն նույնիսկ եթե նման բան կա, ապա հարց է առաջանում, թե Էրդողանը որքան արագ է պատրաստ Մոսկվայի հետ հարաբերություններում «ամպեր կուտակել», եւ որքան արագ այդ «ամպերը» կարող են կուտակվել իր եւ Պուտինի միջեւ եղած ծածուկ պայմանավորվածությունների վրա։ Իսկ որ այդպիսիք կան, ինքնին հասկանալի է։