«Ազգային արժեքների պաշտպանությունն» իրենց ձեռքն են վերցնում իրավաբանը, հոգեբանն ու արեւելագետը

«Ազգային արժեքների պաշտպանությունն» իրենց ձեռքն են վերցնում իրավաբանը, հոգեբանն ու արեւելագետը

«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը, որի կազմում են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ու Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, հանդես է եկել ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծ կազմելու առաջարկությամբ։

Օրենքով՝ առաջին փուլում առաջարկվելու է 3 ուղղություններով օրենսդրության ընդունում։ Օրենք Հայ առաքելական եկեղեցու մասին, որտեղ շեշտվելու է եկեղեցու բացառիկ դերը, առաջարկվելու է այլ կրոնական կառույցներին ու աղանդներին օրենքով չվերապահել եկեղեցուն հավասար գործառույթներ, ընտանիքի մասին օրենք, որտեղ հստակ ընդգծվելու է, որ ընտանիքը կնոջ ու տղամարդու միասնություն է՝ դրանից բխող արժեհամակարգով, եւ մանկության մասին օրենք։
Նախագիծն անցկացնելու համար նախաձեռնողները սկսելու են ստորագրահավաք եւ ներկայացնելու են ԱԺ կամ կառավարություն։ Հիշեցնենք, որ երբ ժամանակին՝ 2015-ին, սահմանադրական փոփոխություններ էին կատարվում, եւ այդ ժամանակ էլ նմանատիպ հարցադրումներ էին հնչում, արդարադատության այդ օրերի նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ Սահմանադրության մեջ լինելու է՝ «ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ», ինչից նույն ժամանակների վարչապետ Կարեն Կարապետյանն անգամ զարմացավ՝ ինչի հիմա ո՞նց է։

Նույն հարցադրումն ուղղեցինք Արա Զոհրաբյանին, ով ասաց․ «Սահմանադրության մեջ երաշխավորված է նաեւ կյանքի իրավունքը: Օրենսդիրը կյանքի իրավունքը պաշտպանելու նպատակով Քրեական օրենսգրքում պատիժ է նախատեսել կյանքի իրավունքի ոտնձգության արարքների համար: Հետեւաբար, միայն Սահմանադրության մեջ նշված լինելը շատ հնարավոր է բավարար չլինի՝ առանց գործուն օրենսդրական մեխանիզմների՝ տվյալ իրավունքի պաշտպանության համար: Մեր նախաձեռնությանը հետաքրքրող որոշ հարցերով կան նաեւ օրենսդրական լուծումներ, բայց դրանք, մեր կարծիքով, բավարար չեն»։

Նույն հարցը տվեցինք նախաձեռնող խմբում ընդգրկված Ռուբեն Մելքոնյանին․ այսինքն՝ Սահմանադրությամբ հիմա է՞լ այդպես չէ թե՛ եկեղեցու, թե՛ ընտանիքի վերաբերյալ։ Նա ասաց․ «Նոր տարբեր չափորոշիչներով եւ տարբեր մարտահրավերների ժամանակ, եթե նկատել եք, զույգերի հետ կապված՝ տարբեր շեշտադրումներ են լինում, թե ընտանիքն ինչպիսի տեսք կարող է ունենալ, միասեռական ամուսնությունների հեռանկար եւ այլն։ Դրա համար պետությունն ամրագրում է այդ երեւույթները՝ բացառելով տարբեր գրանտային ծրագրերի՝ լինի «Սորոս», թե այլ համանման վտանգ պարունակող ծրագրերի ընթացքը»։

Նշենք, որ ազգային արժեքերի պաշտպանության վերաբերյալ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով եւ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներով, այդ թվում՝ հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականությամբ։ Այնուամենայնիվ, «ազգային արժեքներ» հասկացությունը գոնե Հայաստանում ասոցացվում է «Սորոսի», ԼԳԲՏ-ի եւ այլ շրջանակների հետ։ Այդ դեպքում ի՞նչ կապ ունեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հարցն ուղղեցինք Ռուբեն Մելքոնյանին։ Ասաց, որ պարզապես թվարկել են սպառնալիքները՝ տարածաշրջանային եւ այլն, որոնք պայմանավորված են մեր աշխարհագրական դիրքով, եւ որպես արտաքին սպառնալիքի առաջնային օրինակ՝ հիշատակել Թուրքիան եւ Ադրբեջանը։ 

«Բայց արտաքին սպառնալիքները բազմաթիվ են, ուղղակի Թուրքիայի եւ Ադրբեջանի հանգամանքը շեշտված է որպես դրանից մեկն ու առաջնայինը»։ Ինչ վերաբերում է վերը նշված հարցադրմանը, ապա նախաձեռնողները 2 հիմնավորում ունեն։ «Նախ՝ որ այս առաջնային սպառնալիքների դեմ պայքարում մեզ համար կարեւոր են ինչպես մեր բանակն ու դիվանագիտությունը, այնպես էլ ազգային արժեքների վրա հենված հասարակությունը, որտեղ ազգային արժեքները, ազգային ոգին եւ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող երեւույթները՝ մեր եկեղեցին ու հերոսները, ունեն բացառիկ դեր, եւ հասարակությունը պայքարելու համար արտաքին սպառնալիքի դեմ, պետք է ունենա նաեւ ներքին համախմբվածություն ու զգոնություն»։ Արեւելագիտության ֆակուլտետի դեկանն օրինակներ բերեց, երբ շատ ավելի փոքրաթիվ բանակով կարողացել ենք հաղթել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ ազգային արժեքների նկատմամբ ունենալով վստահություն եւ հավատ։ Եվ հակառակ օրինակը․ Կարսում՝ 1920 թվականին, երբ ունենալով լավ զինված բանակ, պարտվել ենք, որովհետեւ հեռացած ենք եղել ազգային արմատներից ու արժեքներից։ Սա հնչեցրած հարցի հիմնավորումներից մեկն էր, իսկ երկրորդը՝ չի բացառվում, որ տարբեր տեսակի գրանտային ծրագրեր եւ այլ երեւույթներ ֆինանսավորվում են անուղղակիորեն թուրքական ու ադրբեջանական տարատեսակ աղբյուրներից։

Ինչպե՞ս առաջացան նախաձեռնությունն ու այդ համախումբը։ Նշեց․ իրենք մարդիկ են, քաղաքացիներ, որոնք ունեն մտահոգություններ, եւ այդ իսկ պատճառով էլ նախաձեռնությունը միավորում է իրավաբանի, արեւելագետի, հոգեբանի, արվեստի գործչի, որոնք նախ հանդես են գալիս որպես հայ քաղաքացիներ, որոնք մտահոգված են մեր ազգային արժեքների վրա հարձակումներով, եւ ապա միայն մասնագետներ՝ իրավաբաններ, արեւելագետ, հոգեբան։
Ի դեպ, Ռուբեն Մելքոնյանն անձամբ խիստ կասկածում է, որ օրենքը կընդունվի։ Բայց ասաց, որ հենց դրա համար էլ նախաձեռնում են ստորագրահավաք։ Նաեւ կարծում է, որ պրոցեսը սկսելը նույնքան կարեւոր է, որքան վերջնարդյունքը։ «Որովհետեւ պրոցեսը կարող է բերել հասարակական կոնսոլիդացիայի եւ, մոդայիկ տերմինով ասած՝ ազգային արժեքների պաշտպանության հասարակական պահանջի ձեւավորմանը»։

Իսկ օրենքով նախատեսո՞ւմ են արգելել, օրինակ, Սորոսի գրասենյակների գործունեությունը Հայաստանում։ Արա Զոհրաբյանն ասում է՝ ոչ, նման օրակարգ չունեն։ Այս փուլում նախաձեռնությունը գործում է հանուն ազգային արժեքների պաշտպանության: 

ՀԳ․ ՓՊ նախագահին հարցրինք, թե ինչու է «շեղվել» իրավաբանությունից ու որոշել այլ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ։ Նրա խոսքով՝ ազգային արժեքների պաշտպանության հարցերով հանդես է եկել նաեւ նախորդ իշխանության ժամանակ եւ փորձել իր իրավաբանական համեստ գիտելիքները ներդնել այդ գործընթացում: