Կդադարեցնի հացադուլը, երբ պետությունը վերաստանձնի իր պարտավորությունները

Կդադարեցնի հացադուլը, երբ պետությունը վերաստանձնի իր պարտավորությունները

Դեռ 2018 թ․ դեկտեմբերի 3-ին «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերության տնօրեն, պրոդյուսեր, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ էր սկսել՝ «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի ֆինանսավորման իր իրավունքները Հայաստանի ազգային կինոկենտրոնից պահանջելու համար։ Դեկտեմբերի 12-ին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից ստանալով ֆիլմի պետական ֆինանսավորման վերսկսման երաշխիքներ՝ նա դադարեցրել էր հացադուլը, ապա վերսկսեց փետրվարի 3-ին, քանի որ խոստումը չկատարվեց։

Հացադուլի 12-րդ օրը Հովհաննես Գալստյանը հանդիպեց լրագրողների հետ եւ հայտարարեց, որ ոչ միայն չի դադարեցնելու հացադուլը, այլեւ պայքարն ավելի է կոշտացնելու․ «Ես տեսնում եմ նաեւ, թե ինչ իշխանության հետ գործ ունենք, որովհետեւ 12 օրերի ընթացքում գործադիր իշխանությունից նույնիսկ մեկ մարդ ինձ չի այցելել։ Օրենսդիրներից այցելել են, բայց գործադիրներից որեւէ մեկն ինձ չի այցելել։ Ես, իհարկե, չեմ սպասում նրանց այցելությանը, բայց մենք սա պետք է փաստենք, որովհետեւ կարող ենք ունենալ ցանկացած կառավարություն, բայց չենք կարող ունենալ հակամարդկային, հումանիզմի տարրական չափաբաժնից զուրկ կառավարություն։ Ուրեմն հիմա ես հայտարարում եմ, որ մեր գործադիր իշխանությունը հումանիզմի տարրական չափաբաժին չունի, հակառակ դեպքում հորդորով հանդես կգային կամ կգային ինձ այցելության։ Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ ես միայն կոշտացնելու եմ իմ պայքարը»։       

Գալստյանն իր հետ բերել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի պահոցում պահվող ֆիլմի նախնական հայտը, որտեղ նշված է ակնկալվող աջակցությունը՝ 88 մլն դրամ, ինչը ֆիլմի բյուջեի 30 տոկոսից էլ պակաս է։ «Ահա, սրա վրա հենվելով՝ կինոկենտրոնը կարծում է, որ 5․7 տոկոսը դա մինչեւ 30 տոկոս է, բայց մեր փաստաբանը եւ պայմանագրերին քաջ ծանոթ մարդիկ գիտեն, որ գոյություն ունի ողջամիտ պայման, եւ չի կարող մինչեւ 30 տոկոսը դիտարկվել 5․7 տոկոսը, մինչեւ 30 տոկոսը կարող է լինել առնվազն 25 տոկոսից ոչ պակաս»,- ասաց ռեժիսորն ու հավելեց, որ Լիլիթ Մակունցը հստակ երաշխիքներ է տվել ֆիլմի ֆինանսավորումը վերսկսելու մասին։ Այդ մասին վկայում է նաեւ դեկտեմբերին Մակունցի հետ ունեցած հանդիպման ձայնագրությունը, որը հատվածաբար ներկայացվեց ասուլիսի ընթացքում։ «Երբ ֆիլմի հանդեպ ստանձնած երաշխիքները վերահաստատվեն, այդ օրը ես կդադարեցնեմ հացադուլը, մինչեւ այդ օրը որեւէ զիջում չի լինելու, ավելին՝ չեմ բացառում, որ այսօր՝ մինչեւ երեկո, որեւէ ադեկվատ պատասխան չստանալու դեպքում իմ մոտ կհայտնվեն նոր վրաններ»։ Թե ովքեր են միանալու իրեն, ասաց․ «Ովքեր որ միանան, իրենք էլ հայտարարություն կտարածեն»։    

Ռեժիսորը նաեւ մի քանի կոչով հանդես եկավ, առաջինը՝ ուղղված իշխանությանը՝ հաստատել օրինականություն։ «Կոչ եմ անում Հայաստանի իշխանությանը՝ անհապաղ փրկել սեփական դեմքը, որովհետեւ դուք չեք կարող միջազգային կինոնախագծի մեջ տալ երաշխիքներ եւ չկատարել ձեր երաշխիքները, դա Հայաստանը ներքաշելու է միջազգային դատավարության մեջ, դուք տվել եք պարտավորություն եւ պարտավորեցրեք ձեր ենթակա կառույցներին՝ կատարել այդ պարտավորությունները, վերաստանձնեք ձեր պարտավորությունը ֆիլմի հանդեպ։ Հղում մի արեք դատական իշխանությանը, այսպես թե այնպես՝ մենք դատական իշխանությամբ շարունակելու ենք մեր գործընթացը։ 2-րդը․ դիմում եմ մեր հասարակությանը, մենք բոլորս սոցիալական ծանր կացության մեջ ենք, բայց Ամերիաբանկում բացվելու են ֆիլմի հաշվեհամարները, կոչ եմ անում սատարել ֆիլմին ամենաչնչին գումարներով»,- ասաց Գալստյանն ու հավելեց, որ դատական պրոցեսը հաղթելուց հետո զգալի ներդրումները կվերադարձնեն, իսկ ֆիլմին աջակցած շրջանակներին խոստացավ կազմակերպել ֆիլմի 5 անվճար ցուցադրություն։

«Ես դիմում եմ նաեւ իշխանության մեջ գտնվող պարկեշտ չինովնիկներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ԱԺ պատգամավորներին՝ ձեր փետրվար ամսվա աշխատավարձերից փոխանցեք «Տատիկիս վարսերը» ֆիլմի հաշվեհամարներին։ Դիմում եմ Հայաստանի բիզնես էլիտային՝ աջակցեք այս ֆիլմին, իմ թիմի անդամները կարող են ձեզ ցույց տալ միջազգային շուկայի երաշխիքները։ Մի կասկածեք այս ֆիլմի հաջողությանը։ Հասարակական աջակցությունը միակ իրատեսական ուղին է, որ տեսնում եմ հացադուլը դադարեցնելու համար, ես իշխանության հետ որեւէ հույս չեմ կապում, նրանք չեն ասելու, որ մենք սխալվել ենք, թեպետ ձայնագրությունները, փաստաթղթերը կան։ Ես չեմ դադարեցնելու այս պայքարը եւ մարտի 1-ին գնալու եմ նկարահանման հրապարակ՝ նախապատրաստական աշխատանքների»,- ասաց նա ու հավելեց, որ նկարահանումները չվիժեցնելու համար նվազագույն շեմը 10 մլն դրամն է, որը եթե հավաքվի, ինքը կդադարեցնի հացադուլը։ «Արվեստը պետք է ազատել չինովնիկական հսկողությունից, եւ թույլ չեմ տա, որ իմ ֆիլմը տապալեն չինովնիկական բթամտության պատճառով»։   

Այն, որ հանձնաժողովը մերժել է ֆիլմի ֆինանսավորումը, մանրամասնեց․ «15-րդ կետը հղում է անում, որ եթե կինոարտադրողն ունի նախկին չկատարված կինո-պարտավորություններ, ապա չի կարող նոր հայտով դիմել։ Ես լրիվ համաձայն եմ, բայց մեր ֆիլմը նոր հայտ չէ, այն արդեն հաստատված հայտ է, եւ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»։ Խնդիրը Գալստյանի «Թողություն» ֆիլմն է, որը չավարտվեց, քանի որ կյանքից հեռացավ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Կարեն Ջանիբեկյանը, ֆիլմի բուլղարացի եւ ֆրանսիացի գործընկերը։ «Մեզ ժամանակ էր պետք՝ սկսելու այդ ֆիլմի նկարահանումները, եւ դա իմ կյանքի ամենակարեւոր ֆիլմն է, մենք կվերջացնենք այդ ֆիլմն անմիջապես «Տատիկիս վարսերը» ֆիլմն ավարտելուց հետո՝ մեկ տարվա մեջ»,- խոստացավ Գալստյանը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ