Արցախի հարցը փակված չէ` դեռ նոր է բացվում

Արցախի հարցը փակված չէ` դեռ նոր է բացվում

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, որը Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել և նրա մուտքն արգելվել է ՀՀ, օրերս ասել էր, թե ժամանակին ինքը զգուշացրել է Հայաստանում իշխանափոխության հետևանքով ռուս-հայկական հարաբերություններին ուղղված վտանգի մասին, սակայն իրեն չեն լսել։ Ելույթ ունենալով «Говорит Москва» ռադիոկայանի եթերում՝ քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ ապագայում հարաբերությունների վատթարացումը կարող է կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Նա անդրադարձել է նաեւ 2021 թվականի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Պատմել է, որ ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել ինչ-որ կերպ իրեն աջակցել, սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, իսկ Նիկոլ Փաշինյանն այն մինչեւ վերջ իրականացնելու է։

Զատուլինի այս հայտարարությունից կարող ենք հասկանալ, որ ՌԴ-ն 2021-ին փաստացի աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը: Նկատենք նաև, որ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն վեկտորի փոփոխություն է կատարում` դեպի արեւմուտք, Ռուսաստանը շարունակում է աջակցել նրան, հավանաբար նույն հանգամանքից դրդված, որ նրան փոխարինողները կարող են ավելի կոշտ քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ: 

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհաքաղաքական այս բարդ փուլում պարզապես չի ցանկանում հավելյալ խնդիրներ առաջացնել իր պետության համար, ուստի չի անում քայլեր, որոնք առավել կբարդացնեն առանց այդ էլ բավականին բարդ իրավիճակը: Գասպարյանի կարծիքով` այն թեզը թե Արցախի հարցը փակված է, թուրքական թեզ է, Արցախի հարցը փակված չէ, իսկ Ռուսաստանը հստակ գիտակցում է դա. «Մեծ հաշվով Հայաստանի գործող իշխանությունների վարած հակառուսական քաղաքականության կուրսերի դոզայի բարձրացումն ունի հստակ նպատակներ, սակայն ռուսական քաղաքականությունն ունի հստակ մոտեցում այդ ամենին. եթե առկա է կրիտիկական վիճակ, եթե կարող են վտանգվել ռուսական ռազմավարական շահերն այս տարածաշրջանում, մասնավորապես` Հայաստանում, ապա ռուսական քաղաքականությունը հակված է ոչ թե գնալ սրացման, աշխարհում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ռուս-ուկրաինական պատերազմի դեռևս չնշմարվող ավարտի հանգամանքով, այլ` ցանկանում է արտաքին գործոնները տարածաշրջանից հեռու պահել:

Մեծ հաշվով Ռուսաստանն աշխատում է հարավկովկասյան երեք պետությունների հետ իր հարաբերությունները կառուցել կայունության վրա: Դա հատկապես ակնհայտ է դարձել ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Այնպես որ ՌԴ-ն ավելի շատ գրավող քաղաքականություն է վարում, այլ ոչ թե վանող: Թե՛ ենթակառուցվածքների և թե՛ ներդրումների առումով Ռուսաստանն ամենամեծ ներդրումը Հայաստանում է արել, բայց չպետք է մոռանալ, թե որքան կարևոր է ադրբեջանական շուկան Ռուսաստանի համար: Վրաստանը ևս մեծ նշանակություն ունի: Այնպես որ ռուսական քաղաքական էլիտաները պարտավոր են այս կամ այն կերպ աշխատել հարավկովկասյան պետությունների ղեկավարների հետ: Ռուսաստանը փորձում է արտաքին գործոնների մուտքն այս տարածաշրջան չեզոքացնել: Հենց սա է պատճառը, որ 3+3 ձևաչափին կենսունակություն հաղորդելու նախաձեռնողականությունը մենք տեսնում ենք հենց Ռուսաստանի կողմից», - ասում է քաղաքագետը: 

Ինչո՞ւ է ռուսական կողմը` Հայաստանի ձեռամբ փորձում կյանքի կոչել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը, եթե դե ֆակտո չկա Արցախի Հանրապետությունը, Աբրահամ Գասպարյանն ասում է. «Արցախի հարցը փակված լինելը ռուսական քաղաքական և ուղեղային կենտորնները չեն կարող լուրջ ընկալել, քանզի դա բացառապես թուրքական թեզ է, սակայն Արցախը` ԼՂԻՄ-ը եղել է, կա և մաս է կազմում Խորհրդային միության պատմությանը, որի իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանն Արցախից չի կարող իր ձեռքերը լվանալ և ասել` չկա Արցախի Հանրապետություն, ուրեմն չկա Արցախի խնդիր: Ռուսաստանը հղում է անում Հայաստանի իշխանությունների գործողություններին և հայտարարություններին, նշելով, որ Փաշինյանն է Պրահայում ընդունել այն փաստը, որ Արցախն Ադրբեջան է և այլն…. Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կոնկրետ ակնկարկներ են եղել, որ այս ամենը ԽՍՀՄ-ի անցյալն է ու ժառանգությունը, ուստի հնարավոր է ռուս-ուկրաինական խնդրի կարգավորումից հետո, ռուսական կողմը բրուտալ քաղաքականություն հաստատելով` բարձրացնի այդ հարցը: Արցախի հարցը փակված չէ, դեռ նոր է բացվում` միջազգայնացված ավելի մեծ հնարավորություններով, քան առաջ ունեինք», - եզրափակում է Գասպարյանը: