«Նեմեսիս» պարտիզանական գործողություն 

«Նեմեսիս» պարտիզանական գործողություն 

Վերջերս մի հետաքրքիր թրենդ է նկատվում Արևմուտքում. Ռուսաստանի տարածքում իրականացված ցանկացած ահաբեկչական գործողություն Արևմուտքը որակում է որպես պարտիզանական: Փաստորեն, Ռուսաստանում ըստ BBC-ի բնորոշման՝ պարտիզանները (անկախ ազգությունից և քաղաքացիությունից) գործողություններ են ձեռնարկում՝ ուղղորդվելով այլ պետության՝ Ուկրաինայի կառավարության քաղաքականությամբ: Բայց սա ավելի շուտ կարելի է որակել որպես ահաբեկչություն: Ինչևէ, քանի որ ցեղասպանված հայ ժողովուրդը չուներ կառավարություն, այդ գործառույթը ստանձնել էին մի խումբ հայրենանվեր անձինք և ձեռնարկել «Նեմեսիս» գործողությունը:

Ըստ էության՝ «Նեմեսիս» գործողությունը եղել է դասական պարտիզանական գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանութ­յու­նը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կու­սակցություն) արագլուխ­նե­րին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ 
1919 թվականին Բոստոնում Դաշնակցության 9-րդ համագումարում որոշում ընդունվեց ոչնչացնել հայերի սպանություններին մասնակից երիտթուրքերի առաջնորդներին։ Գործողությունը ստացավ «Նեմեսիս» անվանումը։ Դավադիրների հիմնական մասը ցեղասպանությունից փրկված հայեր էին՝ լի վճռականությամբ վրեժ լուծել իրենց սպանված ընտանիքների համար։

Գործողության ամենահայտնի զոհը դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար և օսմանյան եռապետության անդամներից Թալեաթ փաշան։ Թալեաթը երիթուրքերի մյուս առաջնորդների հետ 1918 թվականին փախավ Գերմանիա, բայց այստեղ բացահայտվեց և 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում սպանվեց Սողոմոն Թեհլերյանի կողմից։ Թեհլերյանի ձերբակալումից հետո հասարակական կարծիքը նրա դեմ էր, բայց դատական գործընթացի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները փոխեցին հասարակության տրամադրվածությունը։ Դատարանի կարծիքի վրա էականորեն ազդեց Յոհաննես Լեփսիուսի ելույթը՝ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունների վերաբերյալ։

Արդյունքում Թեհլերյանն արդարացվեց «եռապետության կառավարության գործողությունների հետևանքով տարած տառապանքների հետևանքով գիտակցության ժամանակավոր կորստի» պատճառով:

Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։ Թեև, դժվար է «Նեմեսիս» գործողությունը համարել վրեժխնդրություն: Վրեժխնդրությունը լավ բան չէ: Ավելի ստույգ՝ «Նեմեսիս»-ն արդարադատություն է, այն արդարադատությունը, որն ի զորու չէին իրականացնել նույնիսկ աշխարհի տիրակալները: Գուցե դրանով է պայմանավորված Էրդողանի և Ալիևի լկտիությունը:

Բաքվում կայացած զորահանդեսի իր ելույթում Էրդողանը հայտարարեց Էնվերի սկսած «գործն» ավարտելու իր ծրագրերը: Իսկ մի ուրիշ թուրքի լամուկ էլ՝ թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները, իր խոսքում հասավ նաև Հայաստանի տարածք՝ պնդելով, թե Զանգեզուրը, Երևանը, Սևանը նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Էրդողանին մեղադրել չի կարելի, նա սերում է երիտթուրքերից, բայց նրա հայտարարության մեջ ռացիոնալը «գործն ավարտելու» գաղափարն է: Հետևաբար՝ «Նեմեսիս»-ը գործն ավարտելու խնդիր ունի: Իսկ «Նեմեսիս»-ի հուշահամալիրները պետք է տեղադրվեն հայ-թուրքական սահմաններին: Կարելի էր նաև Արևելյան Թուրքիայի (չգիտես ինչու, դրան Ադրբեջան են անվանում) հետ սահմանններին տեղադրել…

Հ.Գ. Ըստ էության, «Նեմեսիս»-ը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջի նմաններին ապտակելու նման մի բան էր, ով, մասնավորապես, խոսելով անգլիական քաղաքականության մասին, գրել է․«Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895-1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին»: Ավելին, «Նեմեսիս»-ը 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագրում ամրագրված դրույթների ուշացած իրագործումն էր, հայերին պատճառված ողբերգության ոչ սիմետրիկ արձագանքը: 

«Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում»։
1915 թվականի մայիսի 25։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր

Հ.Գ.Անհասկանալի է թուրքական բաշիբոզուկների վայնասունը՝ «Նեմեսիս» հուշահամալիրի առնչությամբ, գործողություն, որի իրավական հենքը հանդիսացել է վերոնշյալ հռչակագիրը: Նշված երեք պետությունների դեսպանները պարտավոր են ծաղկեպսակներ դնել հուշահամալիրի մոտ՝ այն բանի համար, որ «Նեմեսիս»-ն իրագործել է իրենց կառավարությունների մտադրությունը: 

Գագիկ Վարդանյան