Ռուբեն Վարդազարյանը պատասխանատվության կենթարկվի՞. ԲԴԽ-ն որոշում է կայացնելու

Ռուբեն Վարդազարյանը պատասխանատվության կենթարկվի՞. ԲԴԽ-ն որոշում է կայացնելու

ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը քննարկվեց՝ առանց Վարդազարյանի և նրա փաստաբանի ներկայության։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Թեև Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի՝ խնդրում է հետաձգել այն՝ ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցել է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության, ըստ էության, քննությանը։ Այն ներկայացրեց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Միջնորդության հեղինակները կարծում են, թե Վարդազարյանը գնահատական է տվել ՍԴ որոշմանը՝ առանց ծանոթանալու ամբողջական որոշմանը, թույլ է տվել հեգնական արտահայտություններ, որով քննադատվում է ՍԴ որոշումը, կասկածի տակ է դնում հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և անաչառությունը, կասկածի տակ դրվում ԲԴԽ-ի վերջին 1,5 տարվա գործունեությունը, որոշումները։ Վարդազարյանի՝ «այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի եւ ուղարկել ԲԴԽ» արտահայտությունը, ըստ հանձնախմբի, կասկածի տակ է դնում հետագա հնարավոր կազմի պրոֆեսիոնալիզմը, հեղինակազրկում ԲԴԽ-ն և դատական իշխանությունը։

Ի վերջո,  ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակի հունիսի 23-ին, ժամը՝ 13.55-ին։