Բազմոցն ու հայկական բազմոցագիտությունը

Բազմոցն ու հայկական բազմոցագիտությունը

Ամենազզվելին էն դատավորների, քննադատների, փնթփնթացողների ու փիլիսոփաների բազմությունն է, որը, բազմոցին նստած, մենակ դատողություններ է անում՝ ուրիշների արածը քննարկում ու քննադատում, բայց ինքն իր ամբողջ կյանքում երբեք ոչ մի հաջողության չի հասել՝ ո՛չ աշխատանքային հաջողությունների, ո՛չ անձնական երջանկության, ո՛չ ընկերական հարաբերություններում է հարգված ու սիրված, ո՛չ բիզնեսում։ Մի գրամ հարգանք չի վաստակել ողջ կյանքում, եւ եթե մտքով մի օր անցնի իրենց բակում մի թեթեւ հավաք անել ու, ասենք, մի 10 մարդու մասնակցությամբ ինչ-որ միջոցառում կազմակերպել, հաստատ՝ կձախողվի։ Բայց դե, լույսը չբացված՝ քլնգում է ընդդիմությանը, ձեռ է առնում Իշխան Սաղաթելյանին, նրան «բեղլու» ու «կիլկի» է անվանում, ընդդիմության ամեն մի խոսքն ու գործն է սեւացնում։

Որոշներն էլ Ֆեյսբուքում են բոցվում՝ իրենց չեղած ինտելեկտը ցուցադրում, իրենց տարիքից ու ձեռքբերումներից մեծ ու լափառոշ մտքեր արտահայտում։ Հույս ունեն, որ ոչ մեկը չի ասի՝ իսկ դու ի՞նչ ես արել քո ամբողջ փուչ կյանքում․ քանի՞  մարդու ես օգտակար եղել, ի՞նչ ես ստեղծել, քանի՞ հոգու կարող ես առաջնորդել ու բացի քննադատելը՝ ինչի՞ ես պիտանի։ 

Սրանց մի մեծ մասը հետույքն անգամ բազմոցից չի կտրել այս 2 ամսում՝ մի օր ընդդիմության պայքարին մասնակցելու համար, բայց որ լսես, թե ինչ դիտարկումներ է անում, ինչ սխալներ ու թերություններ է նշում ընդդիմության գործողությունների մեջ, կապշես։ Ասենք, ասում է՝ էսինչ օրը էսինչ նախադասությունը էսինչ հռետորը սխալ է ասել՝ չէր կարելի տենց բան ասել։ Կամ՝ էնինչ օրվա երթը պետք չէր էն փողոցով տանել, այ, էս մյուսով պետք է գնային։ Կամ՝ արա, դե եկել շրջապատել էիք Ազգային ժողովը՝ վերցնեիք, էլի, ինչի՞ էիք սպասում։ Կամ՝ ես էն գլխից ասել եմ՝ մենակ մի բան ա պետք անել․․․ ու խորհրդավոր լռություն։ Կամ՝ գնացի Ֆրանսիայի հրապարակ, տեսա էսինչը կանգնած ա, թքեցի՝ տուն եկա, քանի դա էդտեղ ա, ես գնացողը չեմ։ Կամ՝ նախկինները չպետք ա գային հրապարակ․․․ Վանեցյանը կագեբե ա, Իշխանի բոյը կարճ ա, Աշոտյանը քաչալ ա, Մամիջանյանը ջահել Աշոտյանն ա, Լեւոն Քոչարյանի երեխեքը Ամերիկայում են ծնվել, դաշնակները 1920 թվին դավաճանել են հայ ժողովրդին, ղարաբաղցիք թող իրենց մոտ իշխանափոխություն անեն եւ այլն, եւ այլն։ 

Երբ դու պատրաստ չես պայքարելու եւ քո փոքրիկ կոմֆորտը երկրի շահից ու ապագայից վեր ես դասում, հազար ու մի պատճառ կբռնես։ Քեզ դժվար կլինի բազմոցից պոկելը, ինչպես Նիկոլին չեն կարողանում աթոռից պոկել։ Ուրեմն ավելի ճիշտ կլինի լռես՝ չքննադատես, չհայհոյես, կեղծ պատրվակներ չբերես, թե՝ առաջնորդ չկա, ծրագիր չկա, սխալ ընդդիմություն է եւ այլն։ Ավելի ազնիվ կլինի դիվանը գրկելն ու լռելը՝ թողնելով, որ մարդիկ իրենց իմացածն ու կարողացածն անեն։ Գոնե այնքան ազնվություն ունեցիր, որ թերարժեքության կոմպլեքս չներշնչես ընդդիմադիրներին եւ չխանգարես նրանց պայքարին ու ջուր չլցնես իշխանությունների ջրաղացին։ 
Բայց դե՝ պետք է նաեւ իրատես լինենք ու հասկանաք, որ այդ քննադատների բազմության մի մասն ուղղակի լատենտ նիկոլականներ են՝ անուղղակիորեն պաշտպանում են գործող իշխանություններին, իսկ մյուս մասն ուղղակի վճարովի ծառայություններ է մատուցում իշխանություններին։ Վճարն էլ կարող է տարբեր լինել․ մեկին՝ ուղղակի փող, մյուսին՝ գործ, պաշտոն, արտոնություն կամ՝ ուղղակի այս բոլորի հույս։

Սվետա Մարտիրոսյան