Մի աքաղաղ ունեինք, գիշերվա կեսին ծուղրուղու էր կանչում․․․

Մի աքաղաղ ունեինք, գիշերվա կեսին ծուղրուղու էր կանչում․․․

Երեկ Հ1-ով լսում էի Պետրոսի հարցազրույցը Արսեն Թորոսյանի հետ։ Հիշեցնեմ, որ նա նույն Թորոսյանն է, որ 2021 թվականի հունվարի 18-ին  ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Կորոնավիրուսի սկանդալային կիզակետից կամ մարտադաշտից փախցրել են նրան ու բերել վարչապետի թևերի տակ դրել։ Հիմա նա հարցազրույց է վարում ՀՀ արտաքին քաղաքականության, վեկտորի փոփոխման վերաբերյալ։ Ի սկզբանե ասեմ, որ հարցազրույցի ընթացքում՝ այն էլ յուրայինի հետ, մի անգամ ևս ընդգծվեց, թե ովքեր են ՀՀ-ն ներկայացնում։ Ոնց որ տաքսի նստես ու տեսնես, որ վարորդը փոսերն ընկնելով, կոպիտ խախտումներով է մեքենա վարում և կեսից գոռաս՝ կանգ առ։ Անպատրաստ, անհաստատուն նախադասությունների շարան։ Այնպիսի տպավորություն էր, որ ինքն էլ չի հավատում իր ասածին ու ամեն պահ, եթե վախը չլինի, կասի՝ դե ինձ այդպես են հրահանգել խոսալ։ Ինչևէ, յուրային Պետրոսի հարցադրումը մեկն էր՝ ինչու՞ եք կատաղեցնում Ռուսաստանին։

Լավ է, որ այդ քայլերը անում եք, բայց ինչու՞ եք հայտարարում, որ ՀԱՊԿ-ի հետ այս պահին  պայմանագիրը «սառեցված է», ինչու՞ եք հայտարարում, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Եթե դա չհայտարարեիք, ի՞նչը կփոխվեր։ Ադրբեջանն ավելի վատ բաներ է անում, բայց մի անգամ  նման բան լսե՞լ եք։ Կամ Ռուսաստանից նման բան լսե՞լ եք։  Զելենսկու Հայաստան գալը ի՞նչ օգուտ կարող է մեզ տալ։ Ես ներկայացնում եմ Պետրոսի նույնաբովանդակ հարցերի խուրձը՝ ինչու՞ եք գազազեցնում Ռուսաստանին։ Թորոսյանի խառնաշփոթ, անհաստատ պատասխանները էլ ավելի է հաստատում այն ճշմարտությունը, որ այս իշխանությունը նույնիսկ ինքը չգիտի, թե ինչը ինչի համար է Ռուսաստանի դեմ այդ քայլերն անում։ Ինքը դրանից ի՞նչ է շահելու։ Ես այն կարծիքը չունեմ, որ Պետրոսը կամեցել է «նեղել» Թորոսյանին։ Գիտեմ, որ հանրության մեջ ծագած ինչուների հիմնավորումն է կամեցել Թորոսյանի բերանով հնչի։

Կամեցել է Թորոսյանի միջոցով ամրապնդել Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու անհրաժեշտությունը՝ չսպասելով, որ Թորոսյանին լսելով, հանրությունը կհասկանա, թե ինչ մեծ վտանգ է կախված Հայաստանի գլխին՝ Ռուսաստանին դիտարկելով որպես թշնամի։ Հարցազրույցը լսելով հիշեցի մանկությունս։ Գյուղում մի աքաղաղ ունեինք, գիշերվա կեսին ծուղրուղու էր կանչում ու բոլորիս արթնացնում։ Մեկ, երկու, երեք, տասը քնահարամ էր անում մեզ։ Տատս մի գիշեր, երբ բոլորիս քնահարամ էր արել, դանակն առավ ու գնաց վիզը կտրեց։ Նույն պատմության մեջ ենք։ ՔՊ-ականները, Նիկոլին մենակ չթողնելու համար, միասին են ծուղրուղու կանչում՝ ժամանակից շուտ երկիրը  ներքաշում  բոլոլայի մեջ։ Ի՞նչ է սպասվում մեզ։ Ռուսաստանը կհանդուրժի՞ գիշերվա կեսին ծուղրուղու կանչող, իրեն  քնահարամ անող աքաղաղներին․․․ Ի դեպ ասեմ, որ այդ ծուղրուղուներից հանգիստ չունի նաև Հայաստան աշխարհը։ Եվ ժողովուրդը մեղք չունի, որ իշխանությունը Զելենսկի է ընդունում, ՀԱՊԿ է «սառեցնում» կամ Ուկրաինա է խաղացնում։