Իսկ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո ինչքանո՞վ է նվազել բռնությունը

Իսկ Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումից հետո ինչքանո՞վ է նվազել բռնությունը

Մոռացված Ստամբուլյան կոնվենցիայի թեման, կարծես, կրկին ասպարեզ է գալիս: 2018-ից հետո հեղափոխական իշխանությունները հայտարարեցին, որ պատրաստվում են Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել: Դա հանրային մեծ պարսավանքի արժանացավ, աղմուկ բարձրացավ, «Դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» կարգախոսով ստորագրահավաք կազմակերպվեց, աղմուկի արդյունքում կոնվենցիան այդպես էլ չվավերացվեց, փոխարենը գաղտագողի վավերացվեց Լանզարոտեի կոնվենցիան, որը եւս մեծ աղմուկ էր բարձրացրել, սակայն վավերացումից հետո մոռացվեց: Վերջին օրերին Ստամբուլյան կոնվենցիայի մասին հիշեցրեց Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը` նա մայիսի 31-ին նշեց, որ ցանկանում է Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում վավերացված տեսնել: Անդրեա Վիկտորինն այդ մասին խոսեց Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ` չթաքցնելով իր տեսակետը, նաեւ խոսեց լրատվամիջոցների անկախության մասին:

Համացանցի ազատության մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով հատուկ անդրադառնալ «ապատեղեկատվության դեպքերին»։ Խոսեց նաեւ քաղհասարակության, կանանց դերի մասին. «Ես ուզում եմ կառավարությունում ու խաղաղության գործընթացներում տեսնել ավելի շատ կանանց, վստահ եմ, որ կանայք կարող են խաղաղության համար գտնել հարատեւ լուծումներ։ Եվս մի խնդիր կա՝ գենդերային անհավասարությունը։ Ես ուզում եմ, որ վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա իմ արտաբերած նախադասությունը, սակայն կրկնեմ՝ այն միտված է կանանց պաշտպանությանը։ Ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները մեզ կաջակցեն»։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրերս նույնպես անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային: Նա նշել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված՝ մեր հասարակությունում անհրաժեշտ է բովանդակային քննարկում` ապատեղեկատվության շղարշը հանելու համար: Հասկանալի է, որ նման հայտարարությունները պատահական չեն եւ անհետեւանք մնալ չեն կարող: Տպավորություն է, որ իշխանությունները Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար հող են նախապատրաստում: Մենք մի քանի հարց ուղղեցինք նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանին, ով դեմ էր այս կոնվենցիայի վավերացմանը:

- Նորից ասպարեզ է եկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման: Ի՞նչ տեղի կունենա, եթե վավերացվի այն:

- Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, որովհետեւ նրանք գնում են Հայաստանը կործանելու ճանապարհով: Այդ կոնվենցիայի վավերացմամբ եւս կործանվելու է Հայաստանը: Մեր Սահմանադրությունը նշում է երեք հիմնական թիրախ` ընտանիք, բանակ, եկեղեցի, որոնց հիման վրա էլ կայանում եւ գործում է պետությունը: Ստամբուլյան կոնվենցիան ընտանիքի դեմ է ուղղված, ընտանիքը կործանելու, բարոյական արժեքները ոչնչացնելու, ու այդպես շարունակ: Օրվա իշխանություններից լավ բան ակնկալել պետք չէ:

- Կոնկրետ ի՞նչ վտանգավոր կետեր կան կոնվենցիայում, որո՞նք կառանձնացնեք:

- Ժամանակին այդ մասին շատ է խոսվել: Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս հաճախ ասում են, որ Հայաստանում կանանց իրավունքները ոտնահարված են, սակայն այնպես չէ, որ Հայաստանում կանանց իրավունքները ոտնահարված են:

- Այսինքն` կարծում եք, որ հայ կնոջ իրավունքները ոտնահարված չեն:

- Ոտնահարված չեն, այո: Դա կախված է ընտանեկան իրավիճակից, ավելի կոնկրետ` ընտանեկան դրվածքից: Հայ կինն ի՞նչ է ուզում անել, որ չի կարողանում, որ մի հատ էլ սպասում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Նման բան չկա: Աշխատանքային օրենսգրքում էլ նշված է կնոջ եւ տղամարդու հավասար իրավունքների մասին: Բազմաթիվ օրենքներ կան, որոնք խոսում են կանանց իրավունքներից: Սա զուտ հայ ավանդական ընտանիքը քանդելուն միտված կոնվենցիա է, այդքան մի բան:

- Օրինակ` Լանզարոտեի կոնվենցիան վավերացվեց, սակայն վավերացումից հետո բոլորը մոռացան այդ կոնվենցիայի մասին:

- Ինձ, օրինակ, հետաքրքիր է, կա՞ վիճակագրություն, որ դրա վավերացումից հետո բռնության թվերը նվազել են: Կա՞ նման բան, որ այժմ էլ նոր կոնվենցիա պիտի վավերացնեն: Այս իշխանությունները հետեւողականորեն ջնջում են ավանդական արժեքները, Ստամբուլյան կոնվենցիան եւս դրան է ուղղված: Այսինքն` սրանք ուրիշ կարեւոր բան չունեն անելու, հազարավոր հարցերը թողած՝ ընկել են Ստամբուլյան կոնվենցիայի հետեւից: Դրսից պատվեր է, որը դրվել է սրանց ուսերին: Ոչ մի դրական ազդեցություն չի կարող այդ կոնվենցիան մեզանում ունենալ: Ընտանիքը սպանելու, քայքայելու լավ տարբերակ է սա: