Երբ դիմացինդ անուղղելի տգետ ու պատեհապաշտ է

Երբ դիմացինդ անուղղելի տգետ ու պատեհապաշտ է

Ֆեյսբուքի տարածքում երբեմն ուշագրավ «մենամարտեր» են ծավալվում: Վերջին աղմկոտ «ճակատամարտը» մղվել է գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանի եւ իրեն հրապարակագիր հռչակած արցախցի Վահրամ Աթանեսյանի միջեւ: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Լեւոն Ջավախյանի մասին oragir. News-ը նյութ է հրապարակել, իսկ Սերժ Սրապիոնյանը գովաբանել է հեղինակին. «Ապրես, աղջի՛կս, ճիշտ ընտրություն ես կատարել։ Լեւոն Ջավախյանն արդի գրականության ԽԻՂՃՆ է»։ Այս գրառման տակ անպոչ գդալի պես ամեն ինչին միջամտող եւ բոլորին անուն կպցնող Աթանեսյանն արձագանքել է. «Սերժ Սրապիոնյան Ասում են՝ ԳՄ հերթական համագումարում Նաիրի Զարյանն ասել է՝ ժամանակակից հայ պոեզիայի դրոշակակիրը Սիլվա Կապուտիկյանն է,- Շիրազը տեղից լրացրել է․ «Հա, կոթն էլ դու ես բռնած»։

Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե ինչ տեսակի հետ գործ ունենք, միայն նշենք, որ երկար տարիներ «Հրապարակում» որպես հրապարակախոս աշխատած Վահրամ Աթանեսյանն իր պարտքն է համարում գոնե շաբաթը մեկ անգամ մի ստատուս գրել «Հրապարակի» դեմ, իսկ երբ արձագանքում ենք նրա գրածներին, ուղղակի բլոկ է անում մեր լրագրողներին եւ ջնջում նրանց մեկնաբանությունները: Սրան-նրան վիրավորելու, հատկապես իշխանություններին քննադատողներին անընդհատ արձագանքելու այս անձի պահվածքը, ըստ ամենայնի, զայրացրել է հայտնի գրականագետին, եւ նա իր էջում որոշել է դաս տալ այս անձին` առանց անունն անգամ հիշատակելու:
Սերժ Սրապիոնյանն իր էջում գրել է.

«ՄՈ՞ՒԿՆ ԷԼ ԱՂԱՆՁ ՈՒՏԵԼ ԳԻՏԵ»։

«Արցախում մի ժամանակ իրեն լրագրող կարծող մի անհայտ կենդանատեսակ էր ապրում (վայթե հիմա էլ կա)։ Էս նորահայտ կենդանու վարքագիծն անհասկանալի էր (է) թե՛ կենդանաբանական, թե՛ բուսաբանական, թե՛ մարդաբանական տեսանկյունից։ Նա սիրում էր... պառկել։ Պառկում էր, ուր պատահեր, ում հետ եւ ինչպես պատահեր։ Նրա ուսմունքը «թաք մի կտոր հաց ունենամ»-ն էր։ Բայց քանի որ անհայտ կենդանատեսակ էր, նաեւ դժվար ճանաչելի էր։ Այդ էր պատճառը, որ սթափ մարդիկ ուշ հասկացան հացկատակ էս կենդանուն, ուստի եւ ուշ, բայց փառահեղ քոթակեցին։ Սա` էս «լրագրողը», ոչ մի միտք, հասկանո՞ւմ ես, սիրելի՛ ընթերցող, ո՛չ մի միտք չի «երկնել» անգամ այն ժամին, երբ իր հայրենիքը, ասել է թե` իր տունուտեղը (օջախը, էլի), իր ընտանիքով (իրեն հարազատ լեզվով` օղլուշաղով) հանել են աճուրդի։ Նա այս դեպքում ձուկ է` խոսելու անկարող։ Որովհետեւ... դեռ լափի կորուստ չի զգում։
Սա` իբրեւ ծանոթություն։

Զարմանալին այն է, որ այս կենդանին փորձում է ինձ դասեր տալ գրականությունից, հասկանո՞ւմ ես, սիրելի՛ ընթերցող, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ։

Այս ողորմելին մոռանում է կամ ուզում է մոռանալ, թե ովքեր են եղել գրականության ի՛մ ուսուցիչները։ Ասեմ, որ համրանա. Հր. Թամրազյան, Էդ. Ջրբաշյան, Ս. Սարինյան, Ս. Արզումանյան, Վ. Նալբանդյան, Ալ. Շարուրյան, Վ. Գաբրիելյան։ Նրանք ուղիղ իմաստով են իմ ուսուցիչները։ Իսկ նրանց հետ ու նրանցից զատ` Հայ գրականության բոլոր մեծերը, նաեւ համաշխարհային գրականության տիտանների մեծ մասը։ Սա էլ` ի գիտություն գավառացի լափապաշտի։
Ինքս տանել չեմ կարողանում գլուխգովանությունը, բայց երբ դիմացինդ անուղղելի տգետ ու պատեհապաշտ է, ստիպված ես սովորեցնել անգամ աքսիոմատիկ ճշմարտություններ։

Լսի՛ր, պատվերով ու վարձով գրող ճիճո՛ւ, ես շատ լավ գիտեմ քո ակնոցավոր վախկոտ, բութ, անսուրբ, հայրենադավ պատվիրատուին ու քեզ նման ոչնչությանը։ Ես հինգ րոպեում մոռանում եմ այնքան, ինչքանի կեսը դու եւ քո «պատրոնը» չեք կարող սովորել ձեր անփառունակ կյանքի ողջ ընթացքում։ Այո՛, Լեւոն Ջավախյանն արդի հայ գրականության ԽԻՂՃՆ է։ Սակայն դա քո խղճուկ էության ու չգո մտքի համար անհասկանալի եւ անհասանելի իրողություն է։ Ողորմելի՛, քո տեսակի համար է դեռ մեկ դարից էլ առաջ Մեծն Ջիվանին կապարակնքել հայտնի միտքը. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Մեջքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք»։
Քո ականջներից ձերդ ոչնչությանը հեշտ է ճանաչել, իմ սուր ճանկերից քեզ հեռո՛ւ պահիր։ Կամ էլ մի կապոց տակդիրներ գնիր»։

Մենք մի քանի հարց ուղղեցինք Սերժ Սրապիոնյանին:

- Պարոն Սրապիոնյան, Ձեր գրառումը տեսանք` Վահրամ Աթանեսյանին ուղղված: Ի՞նչն է բարկացրել Ձեզ: Գրել եք, որ Ձեզ փորձել են գրականության դասեր տալ:

- Մոտ 20 օր` առողջական վիճակով պայմանավորված, լայվերը դադարեցրել էի: Գաղտնիք չէ, որ լայվերով եմ հանդես գալիս, խոսում եմ գրականությունից եւ տարբեր գրողներից: Շաբաթը մեկ անդրադառնում եմ առանձին գրողների, որոնց նկատմամբ վարկաբեկման միտում եմ նկատում: Արձակագիր Լեւոն Ջավախյանի մասին կարծիք եմ հայտնել, նա էլ փորձել է Զարյան-Կապուտիկյան-Շիրազ եռանկյունիով դաս տալ ինձ, ակնարկներ անել՝ ասելով, թե դու էլ Լեւոն Ջավախյանի պոչն ես: Մի անգամ էլ էր մի ապուշություն դուրս տվել, ես իր տեղը ցույց տվեցի:

- Ինչի՞ց է այդպես բարկացել` իր հայրենի Արցախի համար այս օրհասական օրերին:

- Այդ մարդը բոլորի վրա սեւեռվում է, իմ կողմից կսմիթ նա զգացել է, ուղնուծուծով ՀՀՇ-ական այդ տարրին կատաղեցնում են իմ հայամետ մոտեցումները: Նա շատ մանր երեւույթ է, որ ես իրեն անդրադառնամ, ինքը հասկանալու ունակ չէ: Ես Լեւոն Ջավախյանի գրականությունը շատ եմ գնահատում, դա, փաստորեն, այդ մարդուն մտահոգել է: Ջավախյանի արձակն այսօր ամենաանկեղծ ու ամենամաքուր արձակն է, առանձին կոշտ արտահայտություններից դուրս: Նա ինձ Հովհաննես Շիրազի բառերով փորձում է ինչ-որ բան հասկացնել, ասում է՝ դու էլ նրա պոչն ես: Այնքան տգետ է, որ անգամ չի մտածել, որ կարող ենք իր ասածները հասկանալ, մտածել է՝ իր նման տգետ ենք: Նա անվերջ ծառայել է տարբեր մարդկանց` որպես վարձու գրչակ, եթե մարդկանց առաջ դնեմ, պարզապես շատերի սիրտը կխառնի: Այդ մարդն անգամ Արցախի ճակատագրի մասին ոչ մի հրապարակային կարծիք չի հայտնել` արցախցի լինելով հանդերձ:

ՀԳ․ Վահրամ Աթանեսյանն արձագանքել է նյութին․

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր տիկին Արմինե Օհանյանին

Հինգ տարի «Հրապարակը» գրեթե ամեն օր տպագրել է իմ հոդվածները։ Ընդունենք, որ դրանք գրվել են Ձեր պատվերով, իսկ Ձեր պատվիրատուն ո՞վ էր։ Չե՞ք նկատել, որ եթե «Հրապարակի» հեղինակը «ծախու գրչակ» էր, ուրեմն «ծախու» էր նաեւ թերթը։ Դա ինքնաբնութագի՞ր է։

Եթե Սերժիկ Սրապիոնյանը գրականագետ լիներ, ապա կիմանար, որ ես «Երկրի ժամանակը» վեպ-տարեգրության հեղինակն եմ։ Այն տպագրվել է ԼՂՀ ԳՄ հովանավորությամբ՝ Լեւոն Խեչոյանի գրավոր երաշխավորությամբ։ Երեւի Սերժիկ Սրապիոնյանը գիտի Լեւոն Խեչոյանին։ Ոչ միայն որպես գրողի, այլեւ՝ սկզբունքային մարդու։ 

Ինձ համար թանկ եւ կարեւոր է Լեւոն Խեչոյանի կարծիքը։ Լեւոն Ջավախյանը ինձ համար գրական հեղինակություն չէ։

Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, ապա եղել եմ առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երեք գումարումների Արցախի ԱԺ պատգամավոր։ Քաղաքականությունից հեռանալու պատճառների մասին խոսել եմ Թաթուլ Հակոբյանի հետ հարցազրույցում, եւ ոչ ոք ինձ չի առարկել, առավել եւս՝ հերքել։
Կուզենայի այս մի քանի տողը տեսնել «Հրապարակի» կայքում։

Հարգանքով՝  Վահրամ Աթանեսյան։

ՀԳ․ Հրապարակի խմբագիրը սովորություն չունի խմբագրելու- գրաքննելու թերթում հրապարակվող հոդվածները: Հրապարակում աշխատելու տարիներին Վահրամ Աթանեսյանը գոնե դա պետք է նկատած լիներ: Հրապարակի խմբագիրը երբևէ պատվեր չի իջեցնում ոչ հեղինակ- հրապարակախոսներին, ոչ թերթում աշխատող լրագրողներին: Թեմաներ առաջարկում է, հանձնարարություններ տալիս է, բայց ուղղվածություն չի որոշում և օբյեկտիվ լրատվություն և համակողմանի ներկայացված հոդվածներ է պահանջում: Վահրամ Աթանեսյանը թերևս իր արշինով է չափում և ենթադրություններն անում է այն տեսանկյունից, թե ինչպիսի խմբագիր կլիներ ինքը, եթե կարողանար որևէ լրատվամիջոց ղեկավարել:

Արմինե Օհանյան